Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մեկնում Մոսկվա
Երեկ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պաշտոնապես հաստատել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մասին ավելի վաղ շրջանառվող տեղեկությունները: Հայաստանը կանգնած է լուրջ աշխարհաքաղաքական ընտրության առաջ, և ենթադրվում է, որ այդ այցի ընթացքում երկու նախագահները քննարկելու են հենց Հայաստանի կողմից կատարվելիք ընտրության հարցը:
Շատերը սպասում են, որ Ռուսաստանի նախագահը փորձելու է Հայաստանի նախագահին հետ պահել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու մտքից, և նրան առաջարկել միանալ Եվրասիական տարածքում սկսված ինտեգրացմանը: Հայաստանը կարծես թե սկզբունքային որոշում է կայացրել ստորագրելու Եվրոինտեգրացման մասին համաձայնագիրը, այդ փաստաթուղթը պատրաստ է, և այդ ֆոնին բանակցությունները փոքր-ինչ ուշացած են թվում: Միակ խոչընդոտը, որ կա համաձայնագիրը ստորագրելու համար, ընդամենն այն է, որ այժմ ոչ թե նոյեմբերն է, այլ օգոստոսը:
Մի խոսքով` պայմանագիրը պատրաստ է, այն ստորագրելու քաղաքական որոշումը կայացված է, մնում է սպասել մինչև նոյեմբերի 29-ը և ստորագրել այն: Համաձայնագրի ստորագրման օրը ևս շատ խորհրդանշական է. Նոյեմբերի 29-ը ԽՍՀՄ-ում նշվում էր որպես Հայաստանի խորհրդայնացման օր, իսկ պայմանագրի ստորագրումից հետո այն կարող է նշվել որպես Հայաստանի եվրոպականացման և Ռուսաստանից պոկվելու օր:
Բայց ինչպե՞ս պետք է համոզի Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին հրաժարվել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Ռուսաստանը կա՛մ կարող է սպառնալ Հայաստանին, կամ խոստանալ Եվրամիության կողմից Հայաստանին խոստացածից ավելին: Պատժամիջոցների մասին շատ է գրվել, բայց սպառնալիքները հնարավոր է՝ ավելի քիչ ազդեցություն ունենան, քան ավելի հրապուրիչ խոստումները, քանի որ եթե Ռուսաստանը սկսի պատժամիջոցներ կիրառել, ապա դրա արդյունքը կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների էլ ավելի վատթարացումը: Այդ դեպքում ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանի իշխանությունը:
Ըստ դիվանագիտական տարբեր աղբյուրների, ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում Եվրոմիությունը խոստացել է Հայաստանին տրամադրել 1,5-2 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն:
Սա գրեթե Հայաստանի բյուջեին հավասարազոր գումար է, և այդ ֆինանսական աջակցությունը Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընթացիկ ծախսերը հոգալու և բյուջետային պարտավորությունները կատարելու, այդ թվում ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացած վարկերը սպասարկելու համար: Հայաստանը կարող է ակնկալել, որ եվրաինտեգրումից հրաժարվելու դեպքում այդ օգնությունը Հայաստանին կարող է տալ Ռուսաստանը:
Բայց Ռուսաստանն ինքը այս պահին գտնվում է բավական խորն տնտեսական խնդիրների մեջ, որոնք այնքան լուրջ են, որ որոշ ռուս տնտեսագետներ կանխատեսում են 1998թ. դեֆոլտի կրկնությունը և ռուսական ռուբլու կտրուկ ու անվերահսկելի արժեզրկում, տնտեսական կոլապս: Նման իրավիճակում հայտնվելու սպառնալիքի տակ գտնվող երկիրը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ և 2 միլիարդ դոլար կանխիկ գումար հատկացնել Հայաստանին: Կանխիկի փոխարեն, ըստ նույն աղբյուրների, ռուսներն առաջարկում են օգնությունը տրամադրել Հայաստան մատակարարվող գազի միջոցով. ռուսները գազը մատակարարում են Հայաստան, այն այստեղ վաճառվում է, բայց գազի դիմաց Ռուսաստանին վճարում չի կատարվում, այդ գումարը մտնում է Հայաստանի բյուջե: Թվում է թե այնքան էլ վատ տարբերակ չէ. բայց Հայաստանի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Հայաստանի տնտեսական վիճակը այն աստիճան վատ է, որ կուտակված ֆինանսական պարտավորությունները կատարելու համար պետք է կանխիկ գումար և շատ կարճ ժամկետում: Մինչև վարկ-գազը գա Հայաստան, վաճառվի, գումարը հավաքվի բավական երկար ժամանակ կանցնի: Մոտավոր հաշվարկներով` 6 ամիս:
Ստացվում է, որ համոզողի դերում կարող է լինել Հայաստանի նախագահը, որը պետք է ցույց տա, որ Հայաստանի եվրոպական ընտրությունը ելնում է անհրաժեշտությունից և այն կարող է փոփոխվել, եթե Ռուսաստանը փորձի մտնել Հայաստանի դրության մեջ և գումարի գոնե մի մասը տրամադրվի կանխիկ ու կարճ ժամկետում: Եթե նման համաձայնություն կայանա, Ասոցացման համաձայնագրից հրաժարվելը կդառնա տեխնիկայի հարց. բավարար է, որ Հայաստանը ստորագրի Մաքսային միություն մտնելու համաձայնագիրը, եվրոպացիները անմիջապես կպատռեն արդեն պատրաստ Ասոցացման համաձայնագիրը:
Հայաստանը կհիշեցնի, որ ինքը միշտ դեմ է եղել «կա՛մ, կամ» տարբերակին և նախընտրում է «և՛,և՛» տարբերակը: Դա կարող է ներկայացվել այնպես, որ Հայաստանը պատրաստ է միանալ նաև Ասոցացման համաձայնագրին, բայց Եվրոմիությունը չի ընդունում մեր «և՛,և՛»-ի սկզբունքը, նախընտրելով իր «կա՛մ,կամ»-ը, որը կգործի Ռուսաստանի դեպքում, եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Ի վերջո, Ռուսաստանի հետ համաձայնության գալը իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակը կարող է լինել, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Հայաստանում պատրաստվում են Սահմանադրական փոփոխություններ: Եվրասիական միության անդամ բոլոր երեք երկրներում էլ ֆորմալ առումով տեղի են ունենում ընտրություններ, բայց կան անփոփոխելի նախագահներ, ովքեր իրենց համարում են առաջնորդներ: Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը կմիանա «անփոփոխելի առաջնորդների ակումբին»: Ինչպես հայտնի է, Եվրամիությունում չկան երկրի անփոփոխելի ղեկավարներ, առավել ևս` առաջնորդներ: Այնպես որ, Հայաստանի Եվասիական ընտրությունը կարելի է ավելի իրատեսական համարել, թեև այս պահին Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ավելի հավանական է թվում: