Բաժիններ՝

Օտարերկրյա ներդրումները խայտառակ կերպով նվազել են

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք, մեղմ ասած, խոսում են Հայաստանի տնտեսության ոչ փայլուն վիճակի մասին։ Նախ, երկրորդ եռամսյակում երկրի տնտեսությունը գրեթե զրոյական աճ է ունեցել՝ 0.6%։ Սակայն կա մեկ այլ ցուցանիշ, որտեղ այդ զրոյականին մոտ աճն էլ չկա։ Կա անկում, այն էլգ այնպիսի անկում, որը չափվում է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։ Խոսքը վերաբերում է օտարերկրյա ներդրումներին։ Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են 34.7%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 64.2%-ով` շուրջ 3 անգամ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներովգ այս տարվա հունվար-հունիսին ՀՀ տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են 293 միլիոն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 449 միլիոնի փոխարեն։ Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները 330.5 միլիոն դոլարից նվազել են մինչև 118.1 միլիոն դոլարի։ Ավելի բացասական գնահատական՝ բիզնես միջավայրի գրավչության մասին խոսող մեր իշխանություններին, դժվար է տալ։ Իհարկե, չի բացառվում, որ ՀՀԿ-ական որոշ դեմքեր կրկին հայտարարեն, որ ամբողջ աշխարհում են ներդրումները նվազում։ Սակայն նախկինում արդեն կոնկրետ օրինակներով նշել ենք, որ շատ երկրներում (այդ թվում՝ Ռուսաստանում) օտարերկրյա ներդրումները աճել են։ Բավական հետաքրքիր է նաև ներդրումների պատկերնգ ըստ երկրների։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ արձանագրվել է միայն Միացյալ Թագավորության և Արգենտինայի դեպքում։ Օրինակ՝ եթե Միացյալ Թագավորությունը նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարել էր ընդամենը 50 հազար դոլարի ուղղակի ներդրում, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը 100 անգամ աճել է՝ գերազանցելով 5 միլիոն դոլարը։ Ոլորտը, որտեղ կատարվել են ներդրումները, վիճակագրության մեջ կոչվում է «հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություն»: Իսկ եթե ավելի կոնկրետացնենք, խոսքը վերաբերում է բրիտանական «Լիդիան ինթերնեշնլին», որին պատկանող «Գեոթիմ» ընկերությունը Ամուլսարում որոնողահետազոտական աշխատանքներ է իրականացնում ոսկու արդյունահանման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է արգենտինական ուղղակի ներդրումներին, ապա դրանք աճել են 67.2 տոկոսով։ Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արգենտինական կապիտալը Հայաստանում կատարել է 8.2 միլիոն դոլարի ուղղակի ներդրում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.9 միլիոնի դիմաց։ Ինչպես և սպասվում էր, արգենտինական ուղղակի ներդրումները կապված են Էդուարդո Էրնեկյանի հետ։ Օդային տրանսպորտի ոլորտում կատարված ուղղակի ներդրումները Էրնեկյանը մեծացրել է 1 միլիոն դոլարով՝ հասցնելով 4.3 միլիոն դոլարի։ Սակայն արգենտինահայ գործարարը միայն այս ոլորտով չի սահմանափակվել։ Բուսաբուծության ոլորտում նրան պատկանող «Տիեռաս դե Արմենիան» կատարել է 3.3 միլիոն դոլարի ուղղակի ներդրում՝ կրկնապատկելով նախորդ տարվա ցուցանիշը։ Այս երկու դեպքերից բացի՝ ուղղակի ներդրումների աճ այլևս որևէ երկրի կողմից չկա։ Ի դեպ, ըստ երկրների կատարվող օտարերկրյա ներդրումները դիտարկելիս աչքի է զարնում օֆշորային գոտիներից եկող ներդրումների աճը։ Ռեկորդակիրը Վիրջինյան կղզիներն են։ Այս տարվա առաջին կիսամյակում այդտեղ գրանցված ընկերությունները Հայաստանում կատարել են 9.4 միլիոն դոլարի ներդրում, որից 134.6 հազարը՝ ուղղակի։ Նախորդ տարի Վիրջինյան կղզիների ներդրումների ծավալը ընդամենը 38.4 հազար էր։ Այսինքն՝ ցուցանիշն աճել է 245.3 անգամ։ Նշենք, որ Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությունների հետաքրքրության հիմնական առարկան Հայաստանում եղել է անշարժ գույքը։ 9.2 միլիոնից 8.7 միլիոնը ներդրվել է շենքերի շինարարության ոլորտում։ Սեյշելների կողմից կատարած ներդրումները նվազել են շուրջ 5 անգամ՝ 3 միլիոնից հասնելով 643 հազար դոլարի։ Փոխարենը՝ մոտ 14 անգամ աճել են կիպրոսյան ընկերությունների կատարած ներդրումները։ Այս տարվա առաջին կիսամյակում Կիպրոսի կողմից կատարվել է 35.7 միլիոն դոլարի ներդրում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.5 միլիոն դոլարի դիմաց։ Նշենք, որ գումարի մեծ մասը` 33 միլիոնը, ներդրվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում։ Ընդհանրապես, հանքարդյունաբերության, բացահանքերի շահագործման, մետաղական հանքաքարի արդյունահանման և հանքագործական արդյունաբերության հարակից ոլորտներում օտարերկրյա ընկերությունները ներդրել են ընդհանուր առմամբ ավելի քան 80 միլիոն դոլար։ Դրա մեծ մասը, ինչպես նշեցինք, բաժին է ընկնում Կիպրոսին (33 միլիոն դոլար) և Կանադային (36 միլիոն դոլար)։ Զուտ ուղղակի ներդրումների առումով՝ առաջին տեղում հեռահաղորդակցության ոլորտն է։ 2013 թվականի առաջին կիսամյակում այստեղ ներդրվել է ընդհանուր առմամբ 40 միլիոն դոլար, որից 39 միլիոն դոլարը ուղղակի ներդրումներ են։ Այդ գումարից 21 միլիոնը բաժին է ընկնում Ֆրանսիային, 16 միլիոնը` Ռուսաստանին, 2 միլիոնը՝ Լիբանանին։ Անշարժ գույքի ոլորտում ուղղակի ներդրումները կազմել են 19.6 միլիոն դոլար։ Վիճակագրության մեջ չի նշվում, թե որ երկրների ընկերություններին է բաժին ընընում այդ գումարը։ Եվ վերջապես, ուղղակի ներդրումների ծավալում նկատելի թիվ (համեմատության մեջ) է կազմում խմիչքների արտադրությունը։ Առաջին կիսամյակի ընթացքում այս ոլորտում կատարվել է 8.6 միլիոն դոլարի ուղղակի ներդրում, որից 7.5 միլիոնը բաժին է ընկնում Ֆրանսիային։ Կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է Երևանի կոնյակի գործարանի կատարած ներդրումներին։ Վերջում ավելացնենք, որ 1988-ից մինչև 2013թ. հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում իրականացված ուղղակի ներդրումների մաքուր պաշարների առումով առաջին տեղում Ռուսաստանն է։ Այս երկրի ընկերությունների կատարած ներդրումները Հայաստանում կազմում են 2 միլիարդ 355 միլիոն դոլար։ Հաջորդ տեղում Ֆրանսիան է՝ 290.6 միլիոն դոլար։ Նրան հաջորդում են Արգենտինան (250 միլիոն դոլար), ԱՄՆ-ը (172.4 միլիոն դոլար) և Գերմանիան (165.5 միլիոն դոլար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս