Դերենիկ Դումանյան. Հայաստանում հոգեբույժների կարիք կա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանում մեկնարկել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրազիան է» թեմատիկ գիտաժողովը: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան այն կազմակերպել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Հայկական բժշկական ասոցիացիայի, ՀՀ ԱՆ Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած բացման հանդիսությանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարարը նշեց, որ այս օրերին Երևանը դարձել է համաշխարհային հոգեկան առողջության մայրաքաղաք: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգախոսը վկայում է` «Չկա առողջություն առանց հոգեկան առողջության»: Մինչդեռ հանրահայտ փաստ է, որ երրորդ հազարամյակը նոր մարտահրավերներ է դնում ինչպես ընդհանուր առողջապահության, այնպես էլ` հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված բեռը պետություննների և հասարակությունների վրա»,- իր խոսքում նշեց Դերենիկ Դումանյանը:
168.am-ի հետ զրույցում Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ասաց, որ գիտաժողովին կմասնակցեն շուրջ 300 մասնագետներ ավելի քան 30 երկրներից: «Մեզ համար մեծ նվաճում է այն փաստը, որ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ լինելով, մենք ոչ թե պասիվ դիրքերում ենք և փորձում ենք դուրս չգալ այդ շրջանակից, այլ ունենք մեր ուրույն տեղը և նույնիսկ կարող ենք նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասաց Արմեն Սողոյանը:
Այն հարցին , թե հատկապես ի՞նչ կտա գիտաժողովը հայաստանյան հոգեբույժներին, Արմեն Սողոյանն պատասխանեց. «Այս գիտաժողովը հնարավորություն է տալիս բոլոր հոգեբույժներին առանց ավելորդ ծախսերի ստանալ այն ինֆորմացիան, որի համար հաճախ պետք է լինում մեկնել արտասահման: Հնարավորություն է տալիս շփվել այնպիսի գիտնականների հետ, որոնց գիտական հոդվածները մենք պարբերաբար կարդում ենք ամսագրերում կամ գիտական աշխատություններում: Գիտաժողովի ընթացքում մենք կներկայացնենք նաև զեկուցումներ Հայոց ցեղասպանության, երկրաշարժի երկարատև հետևանքների, միջնադարյան շրջանի հոգեթերապիայի հայկական մոտեցումների վերաբերյալ, ինչը շատ կարևոր փաստ է »:
Գիտական ծրագրում ընդգրկված են 8 պլենար դասախոսություն, 27 սիմպոզիում, ընդհանուր առմամբ` 120-ից ավել զեկույց: Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև համաշխարհային ասոցիացիաների նախագահների խորհրդակցություն և «Երևանյան հռչակագրի» ստորագրում:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ցավով նշեց, որ այս ոլորտում խնդիրները շատ են և բազմակողմանի: «Առաջինը, որ կուզենայի նշել, կադրային խնդիրն է: Մեր երիտասարդները խուսափում են դառնալ հոգեբույժ: Ամբողջ Հանրապետությունում մենք ունենք շուրջ 150 հոգեբույժ, բայց մենք կարիք ունենք կրկնապատիկի: Երկրորդ խնդիրը վերաբերում է շենքային պայմաններին: Այս խնդիրը գտնվում է մեր ուշադրության ներքո և պատկանում է անհապաղ լուծելի խնդիրների շարքին: Ֆինանսավորման խնդիրը ևս շուտով լուծում կստանա: Նախկինում ֆինանսավորումը կատարվել է ըստ բուժված դեպքի, իսկ այժմ ցանկանում ենք հոգեբուժական ծառայությունը դնել ընդհանուր պահպանման ծախսերի հոդվածում: Խնդիր է նաև այս ոլորտում գիտական աշխատանքների ոչ բավարար քանակը: Խնդիրները շատ են, բայց բոլորն էլ լուծելի են»,- ասաց Դերենիկ Դումանյանը: