Բաժիններ՝

Հայկական կոնյակը Բելառուսում՝ դեսպան Արմեն Խաչատրյանի աչքերով

Հայաստանից կոնյակի արտահանմամբ զբաղվում են շուրջ 30 կոնյակագործական ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը հիմնականում սպառում են արտերկրներում: Բացի իրական կոնյակից քիչ չէ նաև կեղծված կոնյակի արտադրությունն ու արտահանումը, հատկապես նախկին խորհրդային երկրներ: 168.am-ը Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայումս շարունակվում է այդ երկիր Հայաստանից կեղծված կոնյակի արտահանումը և ի՞նչ ծավալների է դա հասնում:

Ա.Խաչատրյանի գնահատականով՝ կեղծված կոնյակի ծավալները խիստ նվազել են, բայց երաշխիք չկա, որ բելառուսական շուկայում կեղծված կոնյակ չի կարող լինել: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ից կոնյակի շատ լավ արահանում է իրականացվում Բելառուս, մասնավորապես «Պեռնո Ռիկար» ընկերության կողմից, իսկ «Նոյը» հենց այնտեղ շշալցնում է, ինպես նաև կա այլ գործարանների արտադրանք: «Նոյի» լցրածը կոչվում է «հայկական կոնյակի հենքի վրա պատրաստված խմիչք»:

Հարցին՝ կեղծված կոնյակը ազդե՞լ է իրական հայկական կոնյակի վարկի վրա, դեսպանը պատասխանեց. «Հայկական կոնյակի վարկի վրա դա չի ազդել, մեր կոնյակն ունի շատ բարձր վարկ և հայկական կոնյակը ճանաչված բրենդ է ինչպես Բելառուսում, այդպես էլ ԽՍՀՄ նախկին երկրներում: Դա անհերքելի բրենդ է»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ օրինակ հարուստ չինացիները որպես կոնյակ նախընտրում են գերթանկարժեք տեսակները՝ «Հենեսի», այլ ոչ թե հայկական «Նաիրին», Ա.Խաչատրյանը նշեց. «Կոնյակը շատ նուրբ խմիչք է, չի կարելի ասել, թե որն է լավ՝ «Հենեսին», թե հայկական կոնյակը: «Հենեսին» «Հենեսի» է, հայկական կոնյակը՝ հայկական կոնյակ: Գուցե որոշ առումով կարելի է համեմատել օծանելիքի հետ՝ ենթադրենք, ով կարող է ասել «Գուչին» ավելի լավ է, քան «Նինա Ռիչին» կամ մյուսը: Ամեն մեկը ճաշակի խնդիր է: Երկուսն էլ բարձրակարգ կոնյակներ են, և մեր «Նաիրին» համարվում է ամենաբալանսավորված կոնյակը և ընկալելի ու ընդունելի է նույն ֆրանսիացիների կողմից , դա ակնհայտ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս