Մոշենու բուժիչ հատկությունները
ՀՀ բնության մեջ հանդիպում են մոշենու երկու տարատեսակներ «անատոլիական» (Rubus anatolicus) և սովորական (R.caesius)։ Մոշենին պատկանում է վարդազգիների ընտանիքի վարդայինների ենթաընտանիքին, ազնվամորու (մոռենի), քարամոշին և ճահճամոշին ցեղակից բույս է (Rubus)։
Մոշենի անատոլիականը տարածված է Ղրիմում, Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Միջին Ասիայում, ՀՀ հյուսիսային շրջաններում և Սյունիքում` ստորին և միջին լեռնային գոտիներում, անտառների և ճանապարհների եզրերին, թփուտներում, գետափերին։
Մոշենի սովորականը տարածված է Արևմտյան Սիբիրից մինչև Արևմտյան Եվրոպա, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում` ստորինից մինչև լեռնային գոտի (2000 մ) թփուտներում, քարքարոտ վայրերում։ Մոշենին տարածված է նաև Արցախում։
Մոշենին տերևաթափ կամ կիսամշտադալար բույս է։ Հենարան լինելու դեպքում մոշենի անատոլիականի ճկուն, սուր կեռ փշերով ծածկված ճյուղերը կարող են հասնել մինչև 0,5-1,5 մ բարձրության, իսկ սովորականը` մինչև 1,5-3 մետրի։
Մոշենի անատոլիականի ծաղիկների տրամագիծը մոտ 2 սմ է, սովորականինը` 3 սմ։ Անատոլիականի տերևները վերևից մուգ, իսկ ներքևից բաց կանաչ են։ Սովորականի տերևները բաց կանաչավուն են երկու կողմերից և ցրված մազմզուկապատ։
Մոշենու ծաղիկները սպիտակ են, ծաղկման ժամանակաշրջանը երկարատև է, ծաղկում է անհավասարաչափ։ Մոշենին մեղրատու բույս է, մեղրը բաց գույնի է, թափանցիկ, թույլ բուրմունքով։ Մեղրատվությունը բարձր չէ` 20-25 կգ 1 հա-ից։
Մոշենի անատոլիականի պտուղները կարմրասևավուն են, հասունանում են հուլիսին, սովորականինը` սև են, ծածկված գորշակապտավուն խավով, հասունանում են օգոստոսից սկսած։ Մոշենու պտուղը պարունակում է հրաշալի բնական մանուշակագույն ներկանյութ, դրանով ներկում են բրդյա և բամբակյա կտորեղենը։ Հատապտուղը բաղկացած է ոչ մեծ թվով կորիզապտուղներից։
Մոշենին լայնորեն մշակվում է ԱՄՆ-ում, հայտնի են սպիտակ, դեղին, կարմիր հատապտուղներ ունեցող, նաև ազնվամորու հետ խաչաձևած տեսակները, որոնք մեծ քանակություններով սպառվում են երկրի ներսում և նույնիսկ արտահանվում։
Մոշենին պարունակում է մոտ 88 տոկոս ջուր, 1,4 տոկոս սպիտակուց, 0,5 տոկոս ճարպ, 5,9 տոկոս շաքարներ (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ), 0,5 տոկոս պեկտինային նյութեր, 2,3 տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, գինու, սալիցիլի)։ Հատապտուղը հարուստ է կալիումով` մոտ 160 մգ (100 գ հումքի մեջ), պարունակում է կալցիում` 29 մգ, մագնիում` 20 մգ, նատրիում` 1 մգ, երկաթ` 0,62 մգ, ցինկ` 0,53 մգ, նաև քրոմ, պղինձ, մարգանեց և այլն։
Մոշենու հայկական տեսակները անչափ հարուստ են ռուտինով` մինչև 300 մգ, K վիտամինով` 0,4 մգ, նիացինով` 1,6 մգ, պարունակում են նաև ենթավիտամին A` մինչև 0,3 մգ, C-5 մգ, E` մոտ 1 մգ և B խմբի վիտամիններ, ֆլավոններ, անտոցիաններ, ֆենոլային նյութեր։
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են թարմ և չորացրած պտուղը, տերևը, արմատը և ծաղիկը։ Պտղի չորացման ընթացքը նման է ազնվամորուն, սական մոշենու պտղակոթունը պարտադիր պետք է հեռացնել։
Տերևը պարւնակում է վիտամիններ, օրգանական թթուներ, դաբաղանյութեր և այլն։ Բուժիչ նպատակներով հավաքվում են ծաղկման շրջանի սկզբում։ Տերևի եփուկն ունի քրտնամուղ, խորխաբեր, հանգստացնող, կապող, հակաբորբոքային հատկություն։ Կիրառվում է ստամոքսաբորբի, ներքին արյունահոսության, նյարդային անհանգստության, մրսածության, հևոցի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, ստամոքսի խանգարման դեպքում։
Արմատն ունի միզամուղ հատկություն։
Ջրգողություն. 15 գ չորացրած արմատը մանրացրեք, լցրեք 300 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք 20-ական մլ յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ։
Ծաղիկներն ունեն հակաբորբոքային, կապող, արյունարգել հատկություն։
Մոշենու բուժիչ հատկությունների մասին Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Եթե մորմենու (մոշենու) ճյուղերը եփեն և այդ ջրով ողողեն բերանը` կամրացնի լնդերը։ Տրևներից պատրաստված ջերմախյուսը կդադարեցնի արյունահոսությունը։ Արմատի եփուկը կկոտրի քարերը և դուրս կբերի օրգանիզմից։
Տերևները ամրացնում են ստամոքսը և օգնում են արյունախառն լուծի դեպքում։ Արմատի ընդունման չափաբաժինը 6 գրամ է։ Բայց այն վնասակար է փայծաղի համար։ Դրա վնասակար ազդեցությունը վերացնում է մատուտակը, իսկ փոխարինել կարող են նռան հատիկներն ու կեղևը»։
Մոշենու բացառիկ հատկությունները
K խմբի վիտամինների ենթատեսակները (K1, K2,K3, K4 և այլն) հայտնաբերվել են 1990թ.։ Առավել լավ են ուսունասիրված K1-ը` ֆիլլոխինոն, և K2-ը` մենախինոն։
Ֆիլլոխինոնը սինթեզվում է բույսերի տերևներում, այս վիտամինը ակտիվացնում է պրոտրոմբինի գոյացումը լյարդում, ինչի շնորհիվ կանխարգելվում է ներքին արյունահոսությունը։
Մենախինոնը գոյանում է մարդու և կենդանիների աղիներում օգտակար միկրոօրգանիզմների գործունեության շնորհիվ։
Բացի այդ, լյարդի բջիջներում տեղի է ունենում բարդ կենսաքիմիական ռեակցիա, որի հետևանքով ֆիլլոխինոնը (K1) փոխակերպվում է մենախինոնի (K2), ինչպես` օրինակ, բույսերի մեջ պարունակվող բետտա-կարոտինի` մարդու օրգանիզմում վերամշակվելու արդյունքում գոյանում (սինթեզվում) է A վիտամինը։
Այսպիսով, K1-ը գոյություն ունի միայն բուսական աշխարհում, իսկ K2-ը կարող է գոյանալ մարդու (կենդանիների) օրգանիզմում։
Ֆիլլոխինոնը և մենախինոնը չեն տրոհվում սննդամթերքի ջերմային մշակման ընթացքում, դրանք կարող են լուծվել և յուրացվել միայն ճարպային միջավայրում։
Ֆիլլոխինոնը կարգավորում է արյան մակարդելիությունը, այդ վիտամինի սակավության դեպքում նույնիսկ չնչին կտրվածքը կարող է առաջացնել մարդու կյանքի համար վտանգավոր արյունահոսություն։
Մենախինոնի ազդեցության ոլորտն անհամեմատ ավելի լայն է.
- Մասնակցում է կալցիումի փոխանակման գործընթացի կարգավորմանը։
- Նպաստում է կալցիումի տեղափոխմանը արյան միջոցով ոսկրային հյուսվածքի մեջ` «պեղելով» այն անոթների պատերի վրայից։
- Անմիջականորեն ազդում է ոսկորների ամրության վրա` կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը։
- Կանխարգելում է աթերոսկլերոզի, ինսուլտի, ինֆարկտի զարգացմանը։
Հետևություն։ Մենախինոնը նպաստում է ոսկորների ամրության և անոթների պատերի առաձգականության պահպանմանը։
- Կանխարգելում է կռճիկի ոսկրացումը։
Կարգավորելով կալցիումի փոխանակումը օրգանիզմում` K վիտամինը նպաստում է արյունաստեղծմանը, քանի որ կալցիումը խոչընդոտում է երկաթի յուրացմանը։
K խմբի վիտամինների սակավության դեպքում ախտորոշվում են`
- հաճախ կրկնվող փորկապություն կամ լուծ,
- արյունահոսող դժվար վերքեր կամ կապտուկներ,
- արյունահոսություն քթից, ստամոքսից, աղիներից,
- առատ, ցավերով ուղեկցվող դաշտան,
- աշխատունակության կորուստ, հոգնածություն։
Հետաքրքիր է նկատել, որ մոշենուց ստացված պատրաստուկները կիրառվում են բոլոր վերոգրյալ ախտանիշների դեպքում։
K վիտամինի 1 օրվա պահանջարկը աճում է տարիքի հետ. 2 մկգ մինչև 6 ամսական երեխաների համար, 30 մկգ` 1-3 տարեկանում, 55-60 մկգ` 4-13 և 90 մկգ 19 տարեկանից հետո։
ԱՄՆ-ի գիտնականները կարծում են, որ 25 և ավելի բարձր տարիք ունեցող տղամարդկանց համար 1 օրվա անհրաժեշտ K վիտամինի չափաբաժինը 120 մկգ է։
Ռուտինը կվերցետին ֆլավոնոիդի գլիկոզիդ է, ունի P-վիտամինիային ակտիվություն։ Ռուտինը, ի տարբերություն K վիտամինի իջեցնում է արյան մակարդելիությունը, բարձրացնում է էրիթրոցիտների առաձգականությունը և իջեցնում արյունատար մազանոթների թափանցելիությունն ու բեկունությունը։ Օրգանիզմի 1 օրվա ռուտինի պահանջարկը մոտ 100 մգ է։
Առավել հետաքրքիր է հետևյալ իրողությունը. ռուտինը բուժում է այն հիվանդությունները, որոնց դեպքում հակացուցված է K1 վիտամինը վարիկոզ, թութք, թրոմբոֆլեբիտ։ Ռուտինը ուժեղացնում է C վիտամինի օգտակար ազդեցությունը։ Վերոգրյալ հիվանդությունների դեպքում խորհրդակցեք բժշկի հետ։
Հակացուցում։ Հղիության առաջին եռամսյակ, դիսբակտերիոզ (դիսպեպսիա), գլխացավ։
Փորձնական եղանակով ապացուցված է, որ եթե օրվա ընթացքում ուտեք 30-40 մգ C վիտամին և 300-400 մգ ռուտին պարունակող սննդամթերք, ապա զգալիորեն կկարգավորվի արյան ճնշումը, իսկ հիպերտոնիայի կանխարգելման համար բավարար է C։P=8մգ։40 մգ փոխհարաբերակցությունը։
Ժողովրդական դեղատոմսեր
Հիպոտոնիա, սակավարյունություն, անուժականություն. 3 ճ/գ հատապտուղը 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 10 օր, կրկնեք 1 շաբաթից։
Դիզենտերիա. Տրորեք 250 գ հատապտուղ, ավելացրեք 50 գ կոշտ շաքար։ Եփեք թույլ կրակի վրա, հաճախ խառնեք` մինչև թանձրանա։ Կերեք 1-ական ճ/գ օրը 3-4 անգամ։
Նյարդային լարվածություն, սթրես, անքնություն, շաքարային դիաբետ. Խմեք 100-ական մլ թարմ հյութ օրը 2 անգամ, անկախ ուտելուց։ Մոշի հյութը մաքրում է արյունը, օգտակար է թութքի և վարիկոզի դեպքում, խմեք օրը 100-300 մլ։
Քրոնիկ փորկապություն. Կերեք 60-ական գ հասունացած հատապտուղը` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Լուծ. Ընտրեք չհասունացած (կանաչավուն) հատապտուղները, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք, մզեք հումքը։ Խմեք 50-ական մլ օրը 3-4 անգամ։
Պնևմոնիա, անգինա, գրիպ. Մանրացրեք չոր հատապտուղը 4 ճ/գ հումքը 8 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրի մեջ։ Խմեք 50-ական մլ` օրը 8-10 անգամ գոլ վիճակում. վերջին չափաբաժինը խմեք քնելուց առաջ։
Պարադոնտոզ, տհաճ հոտ բերանից. Ծամեք մոշի հասունացած հատապտուղը կամ թարմ տերևը։
Բուժում է տերևը
Ուռուցքային հիվանդությունների կանխարգելում, ետճառագայթային թերապիա. մանրացրեք, խառնեք 2-ական թ/գ մոշի և չիչխանի տերևներ ու 1-ական ճ/գ հատապտուղներ, 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, փակ տարայի մեջ, տաք տեղում, քամեք։ Խմեք 70-ական մլ օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 2 ամիս։
Ստամոքսի, 12-մատնյա աղու խոց, լուծ. Մանրացրեք խառնեք մոշենու թարմ տերև և ընձյուղ (ցանկացած հարաբերությամբ), 3 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Որքին, էկզեմա. Վնասված հատվածներին ամրացրեք մանրացրած տերևներ, պահեք 1-1,5 ժամ։
Շաքարային դիաբետ. 2 ճ/գ չոր տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ օրը 3 անգամ։
Հազ, խորխաբեր. 1 ճ/գ չոր տերևը 4 ժամ թրմեք 300 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Դաշտանադադար, արյունահոսություն. Մանրացրեք մոշենու արմատը, 1 ճգ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ. 1 օրվա չափաբաժինը 100-200 մլ է։ Օգտակար է նաև թարմ հյութը 1-ական ճ/գ օրը 4-5 անգամ։
Անգինա, ստոմատիտ. 3 ճ/գ տերևը 1 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Կատարեք ողողումներ օրը 3-4 անգամ։
Դաշտանադադար, հանգստացնող. Մանրացրեք, խառնեք խնկածաղկի և առյուծագու խոտեր, մոշենու տերև, ալոճի և երիցուկի ծաղիկներ (5։5։5։3։2), փոշիացրեք։ 1 թ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ օրը 3 անգամ։
Կարդիոսկլերոզ, սրտասնույց անոթների անբավարարություն. Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ կղմուխի արմատ, մոշի տերև, հովվամախաղի և խնկածաղկի խոտեր։ 50 գ չոր հումքը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 2 ժամ թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 60-ական մլ օրը 3-4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
Տրոֆիկ խոցեր. Փոշիացրեք տերևը, դրեք վերքի վրա։
Դիմակ ճարպոտ մաշկի խնամքի համար. Տրորեք թարմ պտուղը, քսեք դեմքին, լվացեք 10-20 րոպեից։ Հանում է հոգնածությունը, նեղացնում է ծակոտիները, մաքրում է մաշկը։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ»
(Աբովյան 20) գրախանութներից: