Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի ՌԴ համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ չի ստորագրվի
Հարցազրույց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, նորաստեղծ ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ
– Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու որևէ կերպ ազդե՞ց Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:
– Ես կարծում եմ, որ այցը հավասարության մասին չէր խոսում, այլ` արհամարհանքի. Հայաստանի հանդեպ ՌԴ կողմից ցուցաբերած արհամարհանքի: Որքան հիշում եմ, ՌԴ պատմության մեջ այցելությունները լինում են միաժամանակ` կրելով ռեգիոնալ բնույթ, հավասարակշռության պահպանման համար: Այսինքն` երբ Պուտինը այցելում է Հայաստան, այցելում է նաև Ադրբեջան և այլն: Բայց այսպես չեղավ: Եկեք չմոռանանք նաև, որ Վլադիմիր Պուտինի այցը իրականացվեց զենքի գործարքի ֆոնին և ենթադրվում է, որ զինամթերքի վաճառքը կապված է նավթագազային այն խնդիրների հետ, որոնք բարձրացվեցին Բաքվում: Ռուսաստանի հետ, ըստ իս, ավելի լավ է ունենալ վատ հարաբերություններ, քան լինել արհամարհված: Երբ վատ հարաբերություններ ունես, կարող ես քո դիրքորոշումը բարձրացնել, հայտնել, իսկ հակառակ դեպքում մեր առկայությունը, էլ չեմ խոսում` շահը, չի նկատվի, Հայաստանին պարզապես հաշվի չեն առնի, կարհամարհեն, ինչպես եղավ այս պարագայում:
– Ասում են, թե ՌԴ այդ քայլը պատասխան է ՀՀ քայլերին: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, օրինակ, մեզ հետ զրույցում հայտարարել էր. «Հայաստանը կարող է կոմպլեմենտար քաղաքականություն վարել Եվրոպայի հետ, իսկ Ռուսաստանը իրավունք չունի՞ հարաբերելու Ադրբեջանի հետ»:
– Մենք որևէ հարաբերություն, որևէ համագործակցություն ի վնաս Ռուսաստանի չունենք: Ես համոզված եմ, որ Հայաստանը, սկսելով այս կամ այն ծրագիրը Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանից «դաբրոն» ստանում է: Ժամանակին Արևելյան գործընկերությունը, որի կազմում 6 երկիր է, եղել է Ռուսաստանի համաձայնությամբ: Հիմա էլ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի ՌԴ համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ չի ստորագրվի: Վստահ եղեք, որ եթե Պուտինը զանգի Սերժ Սարգսյանին ու ասի` մի ստորագրիր, Հայաստանը չի ստորագրի այդ փաստաթուղթը:
– Փաստորեն, Ասոցացման համաձայնագիրը ՌԴ-ՀՀ հարաբերությունների հաշվին չի՞ լինի կամ ի վնաս Ռուսաստանի:
– Իհարկե ոչ` վնաս չի տա Ռուսաստանին: Ռուսաստանն էլ, եթե չեմ սխալվում, նման համաձայնագիր ունի կամ պատրաստվում է ստորագրել: Կարծում եմ` ՌԴ-ն կսխալվի, եթե քաղաքական հարց դարձնի` Հայաստանն իր ապրանքը ինչպե՞ս արտադրի, որակական ի՞նչ չափանիշներով արտադրի: Սրանք տնտեսական հարցեր են, որոնք կլինեն նախաստորագրումից բխող ձեռքբերումները:
– Դուք ժամանակին զբաղվել ենք հայկական արտադրանքի արտահանմամբ դեպի եվրոպական շուկա, ի՞նչ կպատասխանեք այն կարծիքներին, թե ՀՀ արտադրանքը, որքան էլ ուզում է լավը լինի, այնուամենայնիվ, չի կարող եվրոպական շուկայում մրցունակ լինել: Օրինակներ են բերվում, որ հայկական գինին ֆրանսիական շուկայում չի վաճառվի, մրցունակ չի դառնա և այլն:
– Մարդիկ, չեմ հասկանում, հատո՞ւկ են պարզունակ ներկայացնում խոր և համապարփակ ազատ գոտու ստեղծումը, թե՞ իսկապես չեն հասկանում: Խոսքը գինու կամ այլ հայկական արտադրանքի մասին չէ: Խոսքը նրա մասին է, որ Հայաստանում ինչ էլ արտադրվի, կունենա եվրոպական շուկա մտնելու նույն իրավունքը` ինչը ունի Իտալիայում կամ Ֆրանսիայում արտադրվող ապրանքը: Մենք խոսում ենք մոլիբդենի, «Ջերմուկի», մուրաբայի կամ գինու մասին: Բայց խոսքը համակարգիչների, մեքենաների և նման այլ արտադրանքի մասին է, որը, մտնելով եվրոպական սուպերմարկետ, տեսնում ենք: Այլ հարց է` արդյոք մենք կարող ենք նման պայմաններ ստեղծել, որ մեր արտադրանքով մրցակցենք եվրոպական նման արտադրանքի հետ: Առնվազն աշխատուժի էժանությամբ, կարող եմ ասել` կարող ենք: Պարզ լեզվով ասած` փաստաթղթի ողջ էությունը ապրանքի համար վիզա տրամադրելն է Շենգեն գոտում:
Եթե մեր գինին չվաճառվի, ուրեմն այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, տանը նստել խմելու համար էգ Ինչո՞ւ մենք պետք է խմենք եվրոպական չափանիշներին չհամապատասխանող գինին, ուտենք անորակ սնունդ, որը չի համապատասխանում ստանդարտներին: Տնտեսական հնարավոր թռիչքը այստեղ է թաքնված` ունենալ հնարավորություն արտադրել այն, ինչ արտադրում են եվրոպական ցանկացած երկրում: Այո, ես ժամանակին զբաղվել եմ արտահանմամբ և կարող եմ ասել, որ Հայաստանին ասոցացման համաձայնագրի ստորագրումը միայն օգուտ է:
– Ձեզ համար կասկածելի չէ՞, որ գաղտնի է պահվում համաձայնագրի բովանդակությունը:
– Ես եվրոպացի կոլեգաների հետ բազմիցս Ասոցացման համաձայնագրի շուրջ զրույցների ժամանակ գաղտնիություն չեմ զգացել: Չեմ կարծում, թե նրանք այդ գաղտնիության անհրաժեշտությունն ունեն: Շատերը կարծում են, թե մինչև ստորագրելը համաձայնագրի պայմանների հրապարակումը կարող է անհավասարարություն ստեղծել, շատերն էլ ասում են, թե գաղտնիությունը ստարտային ավելի լավ պայմանների քննարկման հնարավորություն կտագ չգիտեմ, իսկապես սա բարդ հարց է: Եվրամիությունում Մաքսային համատեղ օրենսգրքի քննարկումը ևս աշխատանքային գաղտնիքի սկզբունքով էր վարվում` չէր լուսաբանվում, բայց հետագայում որպես նախագիծ հրապարակեցին այն: Մեր պառլամենտում էլ երբ նախագիծ է քննարկվում, հասարակությանը բովանդակությունը առաջին ընթերցումից է հասանելի դառնում: Չգիտեմ` ոչ արդարացնել, ոչ մեղադրել եմ ցանկանում բանակցությունները վարողներին, բայց ինքս որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում:
– Վերջին շրջանում շրջանառվում է տեսակետ այն մասին, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով` հայ պաշտոնյաները առավելություն են ստանում օֆշորային իրենց հաշիվները հեշտ տնօրինելու համար: Այս վտանգը սպառնո՞ւմ է փաստաթղթի ստորագրումից հետո, թե՞ սա հակաարևմտյան քարոզչության դրսևորում է:
– Հակառակը` Ասոցացման համաձայնագիրը կդժվարացնի հայ պաշտոնյաների` օֆշորային գոտում հաշիվներ ունենալը: Հենց միայն այն պատճառով, որ տեղեկատվությունը կդառնա բաց: Իսկ սա կարևոր հանգամանք է: Եթե հիմա որոշ պետություններ հայ հասարակությանը, մամուլին ինֆորմացիա չեն տրամադրում իրենց երկրներում գրանցված կառույցների սեփականատերերի մասին, ապա այսուհետ չտրամադրել տեղեկատվություն նրանք չեն կարող: Ցանկացած քաղաքացի եվրոպական ցանկացած երկրում կարող է մատը դնել յուրաքանչյուր շինության, կառույցի, գործարանի վրա ու իմանալ դրա սեփականատիրոջ անունը: Այս տեսանկյունից հայ պաշտոնյաները, կարծում եմ, պետք է ամեն ինչ անեն, որ համաձայնագիրը չստորագրվի, իրենք դեպի Ռուսաստան գնան, ապրեն ռուս օլիգարխների պես` ցանկացած պետությունում պահելով մեծ կարողություն:
«168 ԺԱՄ»