Սեպտեմբերի 2-ին ընդառաջ
Վերջին տասնամյակների կայուն ավանդության համաձայն, սեպտեմբերի 1-ը հայտարարվում է «Գիտելիքի օր»: Կարծեմ` ՀՀ գիտության ու կրթության նախարարության կողմից: Ամեն տարի երկրի մեծ ու համարյա առաջին կարգի չինովնիկները դպրոց ու բուհ են հաճախում: Հաճախում ու բաց դասեր են անցկացնում սովորողների համար: Այս տարի վիճակը փոքր-ինչ այլ է:
Օրացույցն է մեղավոր: Ուստի սեպտեմբերի 1-ը կնշվի սեպտեմբերի 2-ին: Ուսումնական տարվա սկիզբը լուրջ` համարյա տոնական իրադարձություն է հայաստանցիներիս համար: Երկրի հանրակրթական դպրոցը մոտ 400 հազար աշակերտ ունի: Իսկ բարձրագույն դպրոց` բուհ հաճախում է մոտ 100 հազար ուսանող: Մի քանի օր առաջ կրթության նախարարը հայտարարեց, որ առաջին դասարանցիների քանակն առայժմ ստույգ հայտնի չէ: Այն կհայտարարվի մի փոքր ավելի ուշ` սեպտեմբերի երկրորդ կեսին: Հրաշալի մեթոդ է: Մեր իշխանություններն ընդհանրապես չեն սիրում ապատեղեկացնել հասարակությանը: Լավ կլիներ, որ բոլորը օրինակ վերցնեին կառավարությունից: Օրինակ` խորհրդարանը: Ավելի ճիշտ կլիներ գնաճի տարեկան ցուցանիշը ոչ թե հաստատվեր տվյալ տարվա բյուջեի հետ, այլ տարին ամփոփելուց հետո: Իսկ օթերևութաբանները տվյալ օրվա եղանակի տեսությունը ոչ թե կանխավ հայտարարեն, այլ` հաջորդ օրը: Մոտավորապես այսպես` «Մայրաքաղաքում երեկ 30-31 ջերմաստիճան էր, երեկոյան 18-18 անց 45 րոպե թույլ անձրև տեղաց: Իսկ ինչ եղանակ կլինի այսօր` կհաղորդենք վաղը»: Բայց այս մեթոդով միայն մեր կրթության ոլորտն է առաջնորդվում: Այն էլ, ափսոս, միայն բուհերի մակարդակում: Նախ` այս ուստարվա շրջանավարտներին պարտադրեցին միասնական քննություններ հանձնել, բուհ ընդունվել:
Ընդունվելուց հետո նոր միայն դիմորդներին (և նրանց ծնողներին) տեղեկացրեցին, որ կրթավարձերը բարձրացել են: Այս հնարքը իրական հրաշք է բուհ ընդունված զինապարտ դիմորդների համար: Նրանց հիմա առաջարկում են միանգամից վճարել առաջիկա չորս տարիների համար: Այլապես, եթե մեկ տարի հետո նրանք զորակոչվեն բանակ և վերադառնալիս ցանկանան շարունակել սովորել, ապա այլ կրթավարձ են վճարելու: Բնականաբար` ավելի բարձր կրթավարձ: Այս սպառնալիքի դիմաց կրթավարձը մինչև սեպտեմբերի 7-ը վճարելու պահանջը մեղմ` համարյա մարդասիրական որոշում կարելի է համարել: Եթե ՀՀ սահմանադրությամբ հայտարարված չլիներ, որ Կրթության ու Պաշտպանության նախարարությունները նույն կառույցի` կառավարության մաս են կազմում, կարելի էր տարբեր ենթադրություններ անել: Օրինակ, որ ըստ Կրթության նախարարության` ՀՀ բանակում ծառայելը ուսանողի ոչ թե պարտքն ու պարտականությունն է, այլ` պատիժ: Եվ այսպես շարունակ: Բայց տոնին ընդառաջ չարժե փչացնել մեր ուսումնատենչ 500 հազար աշակերտ-ուսանողների տրամադրությունը: Արձակուրդից նոր վերադարձած մարդու տրամադրությամբ կարող եմ ասել, որ աշխատանքային առօրյային դեռ չեմ համակերպվել: (Հոդվածս դանդաղ է գրվում: Խմբագրությունից զանգում և հիշեցնում են, որ ուշացնում եմ): Բայց ապրիորի կարելի է ենթադրել, որ ուսումնական տարին տոն է ուսուցիչների ու բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար:
Վերջին տարիներին կրթական համակարգի որակի անկման մասին շատերն են խոսում: Այդպես կարծողների ուշադրությանը կարելի է ներկայացնել մի փաստ: Այն պահին, երբ օպտիմալացման անվան տակ սկսվեց բարեփոխումների համակարգը, հանրակրթական դպրոցներում աշխատում էր մոտ 70 հազար մարդ: Իսկ անցած տարի երկրի դպրոցներում աշխատում էր 41 հազար 800 ուսուցիչ: Վերջին մեկ-երկու տարում նվազեց նաև ուսանողների թիվը` 115 հազարից մինչև 95 հազար: Այս տրամաբանության համաձայն, պիտի որ նվազեր նաև բուհական պրոֆեսորադասախոսական կազմը: Բայց հակառակը` չորս տարում նրանց քանակն ավելացել է մոտ 600-ով: Հիմա մեր բուհերում դասավանդում է ավելի քան 9 հազար 100 դասախոս: Գիտության ոլորտի ճգնաժամից դժգոհողների ուշադրությունը կարելի է հրավիրել այն փաստի վրա, որ 2011-12 ուստարվա ընթացքում բուհերում դասավանդող պրոֆեսորների քանակն ավելացել է մոտ 140-ով: Իսկ դոցենտների քանակը` 175-ով: Թեմային ոչ վայել` գժական բառապաշարով ասած` զգլխիչ է: Այն, որ Ռուսաստանի չափ բնակչություն ունեցող երկրում կարող է 175 մարդ տարեկան թեկնածուական դիսերտացիա պաշտպանել, հնարավոր է: Բայց 140 դոկտորը նույնիսկ ՌԴ-ի նման երկրի համար հավատալի չէ: Բայց նման տխուր թվերով չարժե փչացնել մեր մանկավարժների, դասախոսների, աշակերտների, ուսանողների և հատկապես ոլորտի չինովնիկների տոնը` «Շնորհավոր սեպտեմբերի 2-ը»:
Հ.Գ. Նրանց համար, ով կարծում է, որ սեպտեմբերի 1-ը տոն չէ, հիշեցնեմ` այդ օրը Հենրիխ Մխիթարյանը խաղալու է: Դե փորձեք հակառակվել:
«168 ԺԱՄ»