Ոստիկանությունը ձեռքերը լվաց «Նաիրիտից»
ՀՀ-ում իշխանական համակարգի «առավելություններից» մեկն այն է, որ այն շատ կանխատեսելի է: Դեռ 2 ամիս առաջ «168 Ժամը» գրել էր, որ ՀՀ ԿԱ ոստիկանության քննիչներին ներքին խողովակներով հանձնարարվել է կոծկել «Նաիրիտի» գործը: Եվ ահա մեր հարցմանն ի պատասխան` Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Այսինքն՝ արարքի մեջ հանցակազմ չկա: Մինչդեռ, անզեն աչքով էլ պարզ էր, որ այդ գործում ոչ թե մեկ, այլ մի քանի հանցակազմ է առկա:
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքները 2011թ. դեկտեմբերին ուղարկվել էին դատախազություն, սակայն միայն «Հետքի» հրապարակումներից հետո ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը նախապատրաստված նյութերը այս տարի մարտի 27-ին ուղարկել էր ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, որն էլ դրանք իր մոտ մի երկու ամիս պահելուց հետո ուղարկել էր ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն: Ուսումնասիրության առարկան 2 ուղղվածություն ուներ` ըստ ֆիննախի տեսչության կազմած 2 ակտերի: Մի ակտը վերաբերել է իրանական «Նումարդ թրեյդինգ» (Numard Trading) ընկերությանը դատարանում 4 մլրդ 900 մլն դրամ «Նաիրիտի» «պարտությանը», երկրորդ ակտը` 2009-ին «Նաիրիտի» տնօրեն, միևնույն ժամանակ` Միջպետական բանկում ՀՀ ներկայացուցիչ Վահան Մելքոնյանի` «Մեգատեքս» ընկերությունը գնելու համար Միջպետական բանկից վերցրած 10 մլն դոլար վարկին:
Հանցակազմ 1. իրավապահների աչքից վրիպել է ակնհայտ կեղծ փաստաթուղթը
2009թ. «Նումարդ թրեյդինգը» դատի էր տվել «Նաիրիտ» գործարանին՝ չկատարված պարտավորությունների դիմաց պահանջելով մոտ 5 մլրդ դրամ (882 մլն դրամ և տոկոսներ): Դատարանում գործարանի իրավաբանները «պարտվեցին»՝ ներկայացնելով կեղծ փաստաթուղթ, որպեսզի իրանական ընկերության հետ 2002թ. կնքված պայմանագրի վաղեմության ժամկետը՝ 3 տարին, չանցնի (ըստ պայմանագրի` կաուչուկն իրանական ընկերությանը պետք է առաքվեր մինչև 2003թ. օգոստոս): Սակայն, 2006թ. հունվարի 1-ի դրությամբ իրանական ընկերության հանդեպ պարտքը «Նաիրիտ» գործարանում ձևակերպված չի եղել: Իսկ որ փաստաթուղթը կեղծ է, արձանագրել էր նաև ֆիննախարարության տեսչությունը՝ այն մուտքագրված է եղել «Ա» տառով, ինչը նշանակում է, որ այդ գրությունը հետին թվով են գրանցել: Այդ մասին դատախազությունում ցուցմունք է տվել 2005-2007թթ. գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Հանցակազմ 2. դատարանում «Նաիրիտի» շահերը միտումնավոր չպաշտպանվեցին
Իրանական ընկերությանը կաուչուկ մատակարարելու մասին 2002-ին կնքված պայմանագրում կետ կար, որով իրանական կողմն ինքը պետք է հայտ ներկայացնի, թե ինչ տեսակի և որքան կաուչուկ է ուզում, գա Երևան և իր մեքենաներով տեղափոխի ապրանքը: Սակայն իրանցիները ո՛չ հայտ են ներկայացրել, ո՛չ էլ մեքենա ուղարկել: Անտեսելով պայմանագրի այս կոպիտ խախտումը՝ հայցը մերժելու համար «Նաիրիտի» իրավաբանը վաղեմությունն է բերել որպես հիմք՝ միաժամանակ լավ իմանալով, որ վաղեմությունը չի կարող կիրառվել (այս մասին արդեն հոգացել էին` կեղծ փաստաթուղթը հետին թվով գրանցելով):
Հանցակազմ 3. այդ կեղծ փաստաթղթի հետ կապված 2 դատավորներ իրար հակասող որոշումներ են կայացրել
Իրանական հայցը առաջին ատյանի դատարանում 2 անգամ է քննվել՝ տարբեր դատավորների կողմից: Առաջին դեպքում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարել էր հայցը` պարտավորեցնելով «Նաիրիտին» վճարել շուրջ 5 մլրդ դրամ, իսկ այդ կեղծ գրության մասին վճռում ոչինչ չէր նշել: Սակայն վերաքննիչ դատարանը (բարձրացած աղմուկից հետո «Նաիրիտը» դիմել էր վերաքննիչ) գործը հետ էր ուղարկել առաջին ատյան, և այս անգամ դատավոր Իշխան Բարսեղյանը հայցը մերժել էր` կիրառելով հայցային վաղեմություն:
Այդպիսով՝ զրոյացնելով «Նաիրիտի» պարտքը՝ առանց հաշվի առնելու կնքված պայմանագիրը: Դատարանը նաև վճռել էր «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 147 մլն դրամ, որը մինչ օրս չի բռնագանձվել (այս խնդրին առանձին հոդվածով կանդրադառնանք առաջիկայում): Դա էլ է նոնսենս, որ առանց պետտուրքի բռնագանձման օֆշորում գրանցված օտարերկրյա ընկերությունից դատարանը գործ է ընդունում վարույթ:
Եվ այսպես՝ եթե հանկարծ ֆինանսների նախարարությունը խախտումը չհայտնաբերեր, պարտքը կմնար գործարանի ուսերին, մոտ 5 մլրդ դուրս կգրեին պարտքի անվան տակ ու կյուրացնեին: Իսկ քննիչներն այս ամբողջ գործում հանցակազմ չեն տեսնում, նույնիսկ Ֆիննախարարության բացահայտումների վրա են աչք փակում: «Հանցակազմի բացակայության» պատճառաբանությունը ոստիկանությունը կարող էր բերել «Մեգատեքսի» առուվաճառքի հետ կապված, քանի որ այստեղ փաստաթղթերով կարծես թե ամեն ինչ կարգին է, և խնդիրն առավել բարոյական ու բիզնես-տրամաբանության հարթությունում է: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» նախկին գլխավոր տնօրեն, այժմ տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը 10 մլն դոլար վարկով գնել էր իրեն իսկ պատկանող «Մեգատեքսը»` գործարանի համար որպես պահեստ ծառայեցնելու պատճառաբանությամբ, բայց այդ ժամանակ գործարանը տալիս էր տարեկան ընդամենը 8 հազ. տոննա արտադրանք` այն դեպքում, երբ նրա սեփական պահեստները խորհրդային տարիներին բավարարում էին 50 հազ. տոննա կաուչուկի համար:
Իհարկե, ցանկության դեպքում քննիչները կարող էին պարզել, թե Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, որը նախարարության ներկայացուցիչն է գործարանի տնօրենների խորհրդում, ինչպես է համաձայնություն տվել, որ «Նաիրիտը» վերցնի այդքան վարկ ու գնի «Մեգատեքսը», ապա 4 ամիս անց այն վաճառի ընդամենը 900 հազար դոլարով: Իսկ 10 մլն պարտքը հիմա ՀՀ պետության վրա է մնացել: «Հետքի» բացահայտումները նաև փաստացի ապացուցում էին, որ այս մութ պատմության հետ, բացի Վահան Մելքոնյանից, առնչություն ունեն նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն, բնականաբար, այստեղ էլ քննիչները «խառնվելու» իրավունք չունեն: Գուցե ճակատագրի ծաղր լինի, բայց այսքան ջանքերից հետո «Նաիրիտի» հետ կապված խարդախությունները, դրա իրականացնողները հազիվ թե հեշտությամբ մարսեն: Եվ շատ հնարավոր է, որ դրան նպաստեն ռուսները:
Օգոստոսի 23-ին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը քննել է «Նաիրիտի» նախկին սեփականատեր «Rhinoville Property Limited»-ի դեմ Միջպետական բանկի երկրորդ հայցը: Հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 15-ին: (Առաջին հայցով գործի քննությունը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի վերջ):
Միջպետական բանկին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործն արդեն ՌԴ Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է: Միջպետական բանկին վստահեցրել են, որ «Նաիրիտի» համար տրված ամբողջ գումարը ՀՀ կառավարությունը վերադարձնելու է պետական մակարդակով: Հիշենք, որ Միջպետական բանկի կողմից «Rhinoville Property Limited»-ին հատկացված շուրջ 200 մլն դոլար վարկը տրվել էր պետական երաշխիքով:
«168 ԺԱՄ»