Սիրիայի խնդիրն ու Հայաստանը

Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում շարունակում են գերիշխող մնալ Հայաստանի հարևան տարածաշրջանում` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: Հատկապես գնալով սրվում է իրավիճակը Սիրիայի շուրջ:
Իգնչ կարծիք ունեն հայ քաղաքական գործիչները` Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս հարցի մասին, հույս հայտնեց, որ առաջիկայում ռազմական գործողություններ Սիրիայի դեմ չեն լինի: Ըստ Տիգրան Ուրիխանյանի` Սիրիայում կատարվող իրադարձությունները չեն կարող անտարբեր թողնել, քանի որ, առաջին հերթին, Մերձավոր Արևելքը աշխարհագրորեն շատ մոտ է Հայաստանին, երկրորդը` Սիրիայում է բնակվում մեծ հայ համայնք: «Իհարկե, չի կարելի մոռանալ, որ ազգությամբ հայերը տվյալ երկրի քաղաքացի են, և Հայաստանի Հանրապետությունը չի կարող միջամտել տվյալ երկրի ներքին գործերին կամ այդ երկրի արտաքին հարաբերություններին, որոնց մեջ պաշտոնապես ներկայացված չէ, բայց հայրենակիցների շահերի պաշտպանությամբ և խնդիների բարձրացմամբ և դրանից բխող դիրքորոշումներով, կարծում եմ, անհրաժեշտ է հանդես գալ»,- նշեց Տ. Ուրիխանյանը:

Նա մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ արևմտյան պետությունները սկզբում խոսում են քիմիական զենքի առկայության մասին, և միայն դրանից հետո են սկսում այն փնտրել:
«Ես տարածաշրջանում արևմտյան էքսպանսիայի վերաբերյալ գրել եմ բազմաթիվ հոդվածներ, որոնք հիմա էլ կան իմ պաշտոնական կայքում, այնպես որ որևէ նորություն ասել չեմ կարող: Իհարկե, հաշվի առնելով պաշտոնական դիրքս` պիտի ավելի զուսպ և կոռեկտ լինել»,- ասաց նա: Տ. Ուրիխանյանի կարծիքով` Հայաստանի քաղաքական դաշտը ոչ թե անտարբեր է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, այլ «ականջալուր է լինում Հայաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությանը»:
«Ես առաջարկում եմ սպասել պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, եթե այն երբևէ լինի»,- ավելացրեց ԲՀԿ մամուլի խոսնակը:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում առաջին հերթին ընդգծեց, որ խնդիրն ավելի լայն է, քան Սիրիայի հարցը:
«Ես դեռ 2-3 տարի առաջ եմ ասել, նաև գրել եմ այդ մասին և այժմ էլ պնդում եմ, որ Սիրիայի հարցը լուծվելու է, այսինքն` Արևմուտքը փորձելու է ամբողջությամբ լուծել Սիրիայի խնդիրը և հեռացնել իշխանությունից Բաշար ալ-Ասադին ու, ընդհանրապես, ալավիների խմբավորմանը»,- ասաց Ա. Կարապետյանը:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ի՞նչ հետագա զարգացումներ է նա կանխատեսում Մերձավոր Արևելքում, Ա. Կարապետյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, տարածաշրջանում կսկսվի ավելի մեծ քաոս, սակայն հաջորդ խնդիրը կծագի Իսրայելի և Իրաքի շուրջ:
«Սիրիան իր հետ կբերի խնդիրներ նաև Լիբանանում (ես դա էլ եմ գրել, և ցավում եմ, որ ճշմարիտ դուրս եկավ), որոնք հիմա էլ կան, հասկանալի է, որ այդ քաոսը կշարունակվի: Մեզ` հայերիս համար շատ վատ վիճակ է սպասվում, որովհետև թե՛ Սիրիան, թե՛ Լիբանանը մեզ համար կարծես երկրորդ հայրենիք են. այնտեղ շատ մեծ քանակությամբ և լավ կազմակերպված գաղութներ ունենք: Այն ուժերը, որոնք այժմ պատրաստվում են իշխանության գալ այդ երկրներում, իրենց մեջ պարունակում են թուրքամետ երանգներ ունեցող տարրեր, որոնք այժմ ընդդիմության ճամբարում են: Այդ պատճառով Հայաստանի և հայ ժողովրդի համար լավ ժամանակներ չեն սպասվում այդ առումով»,- շարունակեց նա: Իսկ ընդհանուր առմամբ` այս գործընթացները, ըստ Ա. Կարապետյանի, ավարտվելու են Իրանի հետ կապված խնդիրներով:

«Իմ կարծիքով` այս ամենը ոչ թե անում են պետությունները, այլ ավելի լուրջ ուժեր, որոնք օգտագործում են պետությունների, իշխանությունների օպերատիվ հնարավորությունները»,- նշեց Ա. Կարապետյանը:

Ըստ նրա` Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմը մինչ օրս պահպանվել է ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և Չինաստանի վետոյի շնորհիվ, այլ այն պատճառով, որ ամերիկացիներին չի հաջողվում ձևավորել այն ուժը, որը կլիներ վստահելի` որպես Սիրիայի նոր իշխանություն: «Ինչո՞ւ, որովհետև կսկսվի հակաքրիստոնեական գործընթաց, քանի որ Սիրիայում կա մեծաքանակ քրիստոնեական համայնք, կսկսվեն բախումներ, որոնք կբերեն կրոնական և էթնիկական ուղղակի զտման: Եվ այդ առումով թե՛ ԱՄՆ-ը, թե՛ եվրոպական երկրները մտահոգ են, որ այն ուժերը, որոնք կգան, չստեղծեն Եգիպտոսից ավելի բարդ իրավիճակ, որը ստեղծվեց «Մուսուլման եղբայրների»` իշխանության գալուց հետո»,- ասաց Ա. Կարապետյանը: Վերջինս գտնում է, որ այս հանգամանքով է պայմանավորված Արևմուտքի որոշակի զսպվածությունը:
«Բայց միևնույն է, ծրագրված է, որ Մերձավոր Արևելքը մտնում է մեծ քաոսի գոտի, և այդ քաոսն իր մեջ ներառելու է այլ տարածաշրջաններ»,- ավելացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը:

Իսկ ո՞րն է Արևմուտքի կողմից քաոսի քաղաքականության իրականացման նպատակը:
«Ընդհանրապես, անցումն ավելի փիլիսոփայական, բայց շատ ավելի կարևոր հարց է, քան այսօրվա ցանկացած հարց: Այն ուժերը, որոնք այժմ աշխարհում` համաշխարհային քաղաքակրթական զարգացման մեջ, ստեղծում են քաոս, ունեն մեկ մտադրություն: Աշխարհի ստեղծման, արարման ընդհանուր տեսության մեջ կա մի հայեցակարգ, որ յուրաքանչյուր քաոսից հետո մտնում է նոր կայուն, բայց ավելի բարձր մակարդակի համակարգի մեջ:

Այսինքն` այն սպիրալը, որն առաջ է տանում համաշխարհային քաղաքակրթությունը, հենվում է որոշակի գործողությունների և ավելի բարձր սպիրալի բարձրանալու վրա: Կա համարում, որ համաշխարհային ուժային կենտրոններում այն մարդիկ, ովքեր շարժում են աշխարհի քաղաքակրթական գործընթացները, հասկացել են, որ ուղղակիորեն անհնար է փոփոխելն այսօրվա աշխարհի ճահճացած իրավիճակը` առանց նոր քաղաքակրթական քաոս առաջացնելու։ Այսինքն` այսօրվա ճահճացած իրավիճակը կարող է բերել շատ ավելի վատ հետևանքների, դրա համար ծագել է քաոսից նոր քաղաքակրթական համակարգ ստեղծելու գաղափար: Եվ այդ գաղափարը, այդ գործընթացը, ինչպես նկատում եք, շարունակական ձևով առաջ է գնալու»,- ի պատասխան մեր հարցին վերլուծեց Արամ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Հայաստանի քաղաքականությանը, այս մասին Արամ Կարապետյանը նշեց. «Հայաստանը ոչինչ չի կարող անել, Հայաստանն իր ներքին խնդիրները չի կարողանում լուծել` Կոմիտաս 5, քաղաքապետարանգ Հայաստանը չունի ո՛չ էլիտա, ո՛չ էլ համապատասխան իշխանություն, որոնք պիտի գործողություններ կատարեն, ո՛չ էլ փորձագիտական այդպիսի միտք, որը կարողանա գաղափարախոսական առումով ազդեցություն ունենալ: Չկան ակադեմիական ուղեղներ, ինչպես Խորհրդային միությունում, և չկա լոբբինգ: Հայաստանին ամեն ինչի նորն է պետք, և, գիտեք, ցավն այն է, որ այս քաոսը կամաց-կամաց մոտենում է մեր սահմաններին, ոչ միայն հարվածում է մեր սփյուռքին, ինչը հարված է մեր քաղաքակրթական մոդելին (մենք ունեինք սփյուռք-պետություն մոդելը): Բայց երբ այս քաոսի մեջ կկործանվի նաև Իսրայելը, ապա հարց կծագի, թե որտեղ է հենվելու քրիստոնեական քաղաքակրթությունը, և որտեղ է գծվելու այդ քաոսը կասեցնելու սահմանը»,- ասաց Արամ Կարապետյանը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հայ քաղաքական դաշտն ընդհանուր առմամբ անտարբեր Մերձավոր և Միջին Արևելքում ընթացող կարևորագույն իրադարձությունների նկատմամբ:

«Որովհետև հայ քաղաքական դաշտն այժմ ուղղակիորեն մեռած վիճակում է: Քաղաքականությունը ոչ թե գործողությունների շարք է, այլ սկզբից գաղափարի մշակույթ է, հետո` գաղափարախոսություն և դրանից հետո` գործողություն: Մարդ պետք է հասկանա` ինչ է կատարվում տարածաշրջանումգ Վերցրեք քաղաքական դաշտի 90 տոկոսին, հարցրեք որևէ մեկից` օրինակ` ո՞ր թվականից են Իրանում իշխում շիաները և մինչև ո՞ր թվականն են իրենք սուննի եղել: Գիտելիք պետք է լինի, չէ՞»,- ի պատասխան ասաց Արամ Կարապետյանը:

Իսկ Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը, մտահոգիչ համարելով լարվածության այն էսկալացիան, որը տեսնում ենք Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու, նշեց, որ ցանկացած պարագայում Հայաստանի համար գերադասելի կլիներ, որ Սիրիայի խնդրին հանգուցալուծում տրվեր բանակցային սեղանի շուրջ:
«Բայց կարծես թե լարվածությունը և Արևմուտքի կողմից Բաշար ալ-Ասադի վարչակարգի նկատմամբ ճնշումն աճում է, և ես էլ չեմ բացառում, որ հարվածները կարող են լինել: Միևնույն ժամանակ հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի, և երկու կողմերը ձեռնպահ կմնան ուժային միջոցով հարցը լուծելուց»,- նշեց նա: Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում Արևմուտքի և Ռուսաստանի միջև այս հարցի շուրջ որոշակի հակադրությանը, այս մասին Վ. Կարապետյանը կարծիք հայտնեց, որ արևմտյան պետությունները նույնպես անհանգստացած են իրենց գործողությունների լեգիտիմությամբ և ամեն ինչ անելու են իրենց գործողությունների պատշաճ լեգիտիմությունն ապահովելու համար:

«Այս պահի դրությամբ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի ելքը: Կարծես պատերազմ է գնում ճնշումների հարթության վրա»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ խնդիրը սրվեց հատկապես այն ժամանակ, երբ նախորդ շաբաթ սիրիական ընդդիմությունը հայտարարեց, որ իշխանական ուժերը Դամասկոսի մերձակայքում քիմիական զենք են կիրառել մարդկանց նկատմամբ: Մի քանի օր անց Սիրիայի ափին մոտեցան ամերիկյան ավիակիր և ականակիր ռազմանավեր, իսկ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարեց, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու համար անհրաժեշտ է միայն, որ Սպիտակ տունը համապատասխան հրաման արձակի: Սրան հակադարձեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը օգոստոսի 26-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Արևմուտքը չի կարող ապացուցել Սիրիայի իշխանությունների մասնակցությունը Դամասկոսի մոտ իրականացված քիմիական հարձակմանը, և առանց ՄԱԿ ԱԽ-ի թույլտվության, Սիրիայում ուժի կիրառումը կդառնա միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտում:

«Արդեն իսկ և՛ Փարիզից, և՛ Լոնդոնից հայտարարություններ են հնչում, թե առանց ՄԱԿ ԱԽ-ի թույլտվության կարելի է ոչնչացնել Սիրիայում քիմիական զենքը: Դա շատ վտանգավոր քայլ է»,- ասաց Ս. Լավրովը:
Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էլ իր հերթին` ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ Սիրիայի վրա հարձակվելու դեպքում «ԱՄՆ-ը անհաջողության կմատնվի այնպես, ինչպես իր սկսած բոլոր պատերազմներում` Վիետնամից` մինչև մեր օրերը»:

Վ. Կարապետյանն իր կարծիքը հայտնեց նաև այս հարցի վերաբերյալ Հայաստանի պաշտոնական կեցվածքի մասին: Մեր հարցին, թե արդյոք ՀՀ արտգործնախարարությունը պե՞տք է դիմի որևէ ակտիվ քայլի այս ուղղությամբ, Վ. Կարապետյանը պատասխանեց. «Մենք պետք է իրատեսորեն նայենք հարցին. Հայաստանը շատ մեծ դերակատարություն և կշիռ չունի, որպեսզի կարողանա ինչ-ինչ դերակատարություն ունենալ այս զարգացող հակամարտության մեջ: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ իշխանությունները կապ պաշտպանում են հայ համայնքի հետ և անհրաժեշտության և տեղահանման ցանկության դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն մարդկանց հոսքը դեպի Հայաստան ապահովելու համար»:

Այսպիսով, կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս հարցում Հայաստանի դիվանագիտությունը որդեգրել է չեզոք դիրքորոշում: «Բնականաբար, այլ կերպ չի էլ կարող լինել, այստեղ ինչ-որ նորություն չկա»,- ի պատասխան ասաց Վլադիմիր Կարապետյանը:
Ավելացնենք, որ Սիրիայում զինված բախումները կառավարական զորքերի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև ընթանում են 2011թ. մարտից, և ըստ ՄԱԿ-ի տվյալների` մինչ օրս զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 100.000 մարդ:

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության տվյալների` ներկայումս Սիրիայում բնակվում են մոտ 50.000 հայեր, թեև մինչ քաղաքացիական պատերազմի սկիզբը` 2011թ., Սիրիայի հայկական համայնքը կազմել է մոտ 80.000 հայ, սակայն անցած 2,5 տարիների ընթացքում մոտ 30.000-ն արտագաղթել են, նրանցից մոտ 15.000-ը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին մեզ տեղեկացրեցին Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ի դեպ, 20-րդ դարի երկրորդ կեսին Սիրիայում հայ բնակչության թիվը կազմել է ավելի քան 150.000:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս