Արամ Կարապետյանը կանխատեսում է Ասադի տապալումը և Իսրայելի կործանումը

«Ես դեռ 2-3 տարի առաջ եմ ասել, նաև գրել եմ այդ մասին և այժմ էլ պնդում եմ, որ Սիրիայի հարցը լուծվելու է, այսինքն` Արևմուտքը փորձելու է ամբողջությամբ լուծել Սիրիայի խնդիրը և հեռացնել իշխանությունից Բաշար ալ-Ասադին ու, ընդհանրապես, ալավիների խմբավորմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` խոսելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Արամ Կարապետյանն ընդգծեց, որ խնդիրն իրականում ավելի լայն է, քան Սիրիայի հարցը:

Մեր հարցին, թե ի՞նչ հետագա զարգացումներ է նա կանխատեսում Մերձավոր Արևելքում, Ա. Կարապետյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, տարածաշրջանում կսկսվի ավելի մեծ քաոս, սակայն հաջորդ խնդիրը կծագի Իսրայելի և Իրաքի շուրջ:

«Սիրիան իր հետ կբերի խնդիրներ նաև Լիբանանում (ես դա էլ եմ գրել, և ցավում եմ, որ ճշմարիտ դուրս եկավ), որոնք հիմա էլ կան, հասկանալի է, որ այդ քաոսը կշարունակվի: Մեզ` հայերիս համար շատ վատ վիճակ է սպասվում, որովհետև թե´ Սիրիան, թե´ Լիբանանը մեզ համար կարծես երկրորդ հայրենիք են. այնտեղ շատ մեծ քանակությամբ և լավ կազմակերպված գաղութներ ունենք: Այն ուժերը, որոնք այժմ պատրաստվում են իշխանության գալ այդ երկրներում, իրենց մեջ պարունակում են թուրքամետ երանգներ ունեցող տարրեր, որոնք այժմ ընդդիմության ճամբարում են: Այդ պատճառով Հայաստանի և հայ ժողովրդի համար լավ ժամանակներ չեն սպասվում այդ առումով»,- շարունակեց նա: Իսկ ընդհանուր առմամբ` այս գործընթացները, ըստ Ա. Կարապետյանի, ավարտվելու են Իրանի հետ կապված խնդիրներով:

Կարդացեք նաև

«Իմ կարծիքով` այս ամենը ոչ թե անում են պետությունները, այլ ավելի լուրջ ուժեր, որոնք օգտագործում են պետությունների, իշխանությունների օպերատիվ հնարավորությունները»,- նշեց Ա. Կարապետյանը:

Ըստ նրա` Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմը մինչ օրս պահպանվել է ոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի և Չինաստանի վետոյի շնորհիվ, այլ այն պատճառով, որ ամերիկացիներին չի հաջողվում ձևավորել այն ուժը, որը կլիներ վստահելի` որպես Սիրիայի նոր իշխանություն: «Ինչո՞ւ, որովհետև կսկսվի հակաքրիստոնեական գործընթաց, քանի որ Սիրիայում կա մեծաքանակ քրիստոնեական համայնք, կսկսվեն բախումներ, որոնք կբերեն կրոնական և էթնիկական ուղղակի զտման: Եվ այդ առումով թե´ ԱՄՆ-ը, թե´ եվրոպական երկրները մտահոգ են, որ այն ուժերը, որոնք կգան, չստեղծեն Եգիպտոսից ավելի բարդ իրավիճակ, որը ստեղծվեց «Մուսուլման եղբայրների»` իշխանության գալուց հետո»,- ասաց Ա. Կարապետյանը: Վերջինս գտնում է, որ այս հանգամանքով է պայմանավորված Արևմուտքի որոշակի զսպվածությունը:

«Բայց միևնույն է, ծրագրված է, որ Մերձավոր Արևելքը մտնում է մեծ քաոսի գոտի, և այդ քաոսն իր մեջ ներառելու է այլ տարածաշրջաններ»,- մյուս կողմից ավելացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարը:

Իսկ ո՞րն է Արևմուտքի կողմից քաոսի քաղաքականության իրականացման նպատակը:

«Ընդհանրապես, անցումն ավելի փիլիսոփայական, բայց շատ ավելի կարևոր հարց է, քան այսօրվա ցանկացած հարց: Այն ուժերը, որոնք այժմ աշխարհում` համաշխարհային քաղաքակրթական զարգացման մեջ, ստեղծում են քաոս, ունեն մեկ մտադրություն: Աշխարհի ստեղծման, արարման ընդհանուր տեսության մեջ կա մի հայեցակարգ, որ յուրաքանչյուր քաոսից հետո մտնում է նոր կայուն, բայց ավելի բարձր մակարդակի համակարգի մեջ: Այսինքն` այն սպիրալը, որն առաջ է տանում համաշխարհային քաղաքակրթությունը, հենվում է որոշակի գործողությունների և ավելի բարձր սպիրալի բարձրանալու վրա: Կա համարում, որ համաշխարհային ուժային կենտրոններում այն մարդիկ, ովքեր շարժում են աշխարհի քաղաքակրթական գործընթացները, հասկացել են, որ այսօրվա աշխարհի ճահճացած իրավիճակն, առանց նոր քաղաքակրթական քաոս առաջացնելու, ուղղակիորեն անհնար է փոփոխել: Այսինքն` այսօրվա ճահճացած իրավիճակը կարող է  բերել շատ ավելի վատ հետևանքների, դրա համար ծագել է քաոսից նոր քաղաքակրթական համակարգ ստեղծելու գաղափար: Եվ այդ գաղափարը, այդ գործընթացը, ինչպես նկատում եք, շարունակական ձևով առաջ է գնալու,»,- ի պատասխան մեր հարցին վերլուծեց Արամ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Հայաստանի քաղաքականությանը, այս մասին Արամ Կարպետյանը նշեց. «Հայաստանը ոչինչ չի կարող անել, Հայաստանն իր ներքին խնդիրները չի կարողանում լուծել` Կոմիտաս 5, քաղաքապետարան… Հայաստանը չունի ո´չ էլիտա, ո´չ էլ համապատասխան իշխանություն, որոնք պիտի գործողություններ կատարեն, ո´չ էլ փորձագիտական այդպիսի միտք, որը կարողանա գաղափարախոսական առումով  ազդեցություն ունենալ: Չկան ակադեմիական ուղեղներ, ինչպես Խորհրդային Միությունում, և չկա լոբբինգ: Հայաստանին ամեն ինչի նորն է պետք, և, գիտեք, ցավն այն է, որ այս քաոսը կամաց-կամաց մոտենում է մեր սահմաններին, ոչ միայն հարվածում է մեր սփյուռքին, ինչը հարված է մեր քաղաքակրթական մոդելին (մենք ունեինք սփյուռք-պետություն մոդելը): Բայց երբ այս քաոսի մեջ կկործանվի նաև Իսրայելը, ապա հարց կծագի, թե որտեղ է հենվելու քրիստոնեական քաղաքակրթությունը, և որտեղ է գծվելու այդ քաոսը կասեցնելու սահմանը»,- ասաց Արամ Կարապետյանը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հայ քաղաքական դաշտն ընդհանուր առմամբ անտարբեր Մերձավոր և Միջին Արևելքում ընթացող կարևորագույն իրադարձությունների նկատմամբ:

«Որովհետև հայ քաղաքական դաշտն այժմ ուղղակիորեն մեռած վիճակում է: Քաղաքականությունը ոչ թե գործողությունների շարք է, այլ սկզբից գաղափարի մշակույթ է, հետո` գաղափարախոսություն և դրանից հետո` գործողություն: Մարդ պետք է հասկանա` ինչ է կատարվում տարածաշրջանում… Վերցրեք քաղաքական դաշտի 90 տոկոսին, հարցրեք որևէ մեկից`օրինակ ո՞ր թվականից են Իրանում իշխում շիաները, և մինչև ո՞ր թվականն են իրենք սուննի եղել: Գիտելիք պետք է լինի, չէ՞»,- ի պատասխան ասաց Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված բախումները կառավարական զորքերի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև ընթանում են 2011 թ. մարտից, և ըստ Միավորված ազգերի կազմակերպության տվյալների` մինչ օրս զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս