Արոսենի սևի օգտակար պտուղը
Բուժիչ նամակներ
Հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի արևելյան շրջաններն են։ ՀՀ-ում մշակվում է որպես զարդարարական բույս և այգիներում։ Վարդազգիների ընտանիքին պատկանող 1,5-2,5 մ բարձրության թուփ է։ Արմատային համակարգը մազարմատային է, թույլ զարգացած, մեկ թուփը կարող է ունենալ մինչև 50 բուն։ Սաղարթը տարածվող է։ Տերևները հերթադիր են, պարզ, հակառակ ձվաձև, սղոցաեզր կամ ամբողջական տերևաթաղանթով։ Ծաղիկները մանր են, սպիտակ, հնգաթերթ, հավաքված խիտ, ողկույզանման ծաղկաբույլերով, որոնց տրամագիծը 5-6 սմ է։ Պտուղները հատապտուղներ են` մինչև 1,5 սմ տրամագծով, ունեն սևին մոտ գորշ կապույտ երանգ, հյութալի են, թթվաքաղցր, տտիպ, կապող համով։ Մեկ պտղում կան 4-8 մանր սերմեր։ Հյութը մուգ սուտակի գույն ունի։
Արոսենի սովորականը և արոսենի սևը պատկանում են նույն ընտանիքի տարբեր բուսաբանական ցեղերի։
Բույսի գիտական անվանումը բառացիորեն թարգմանվում է «օգտակար սև պտուղ» (Aronia melanocarpa)։
Արոնիայի պտուղները սևանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն դրանց բուժիչ ներուժը առավելագույն չափի է հասնում առաջին սառնամանիքների հետ։ Պտուղները պահպանվում են մինչև գարուն։ Պտղի կարևորագույն առանձնահատկությունը հավանաբար այն է, որ այն շատ մեծ քանակությամբ յոդի միացություններ է պարունակում (ավելի շատ, քան որևէ այլ պտուղ կամ հատապտուղ, բացառությամբ վայրի սալորի կամ նույն ինքը` մամխենու)` մինչև 10 մկգ 100 գ թարմ պտղի մեջ, որը շատ կարևոր է վահանագեղձում արտադրվող տիրեոիդ հորմոնների (T3, T4) գոյացման համար։
Վահանագեղձի բնականոն գործունեությանը նպաստող տարրերից են նաև պտղում պարունակվող կոբալտը, մոլիբդենը, մարգանեցը, պղինձը և կալիումը. պարունակում է նաև մագնիում, երկաթ, բոր, ֆտոր և այլն։
Արոնիան կիրառվում է հետևյալ հիվանդությունների դեպքում.
Տիրեոտոքսիկոզի համալիր թերապիա. Պտուղները պարունակում են ֆենոլակարբոնային թթուներ, որոնք շատ կարևոր են վահանագեղձի բնականոն գործունեության վերականգնման համար։
Արոնիան լայն կիրառություն ունի տիրեոտոքսիկոզի համալիր թերապիայի ընթացքում։
Շաքարային դիաբետ. Պտուղը պարունակում է 10 տոկոս շաքարներ` գլյուկոզ, ֆրուկտոզ և սորբիտ։ Հայտնի է, որ սորբիտը խորհուրդ է տրվում ընդգրկել շաքարային դիաբետով հիվանդների սննդակարգում։
Հակաուռուցքային հատկություններ. 100 գ պտղամսում պարունակվում է մոտ 1,2 մգ ենթավիտամին A, 1,5 մգ վիտամին E, 20-100 մգ վիտամին C, 2000 մգ (և ավելի) P-վիտամինային ակտիվություն ունեցող ֆլավոններ, մինչև 6400 մգ անտոցիանային ներկանյութեր, ամիգդալին և հետևաբար հակաուռուցքային B17 վիտամին (տես` «Ծիրանի բուժիչ հատկությունները-2», «168 Ժամ», 19.07.2013թ.)։
Հիպերտոնիա և աթերոսկլերոզ. Պտղահյութը նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը։ Թարմ պտուղները օգտակար են աթերոսկլերոզի, հիպերտոնիա հիվանդության 1-ին և 2-րդ փուլերի դեպքում։ Վերջին տարիներին պարզվել է, որ արոնիան ունի նաև ճնշումը կարգավորող ազդեցություն, կատարվում են ուսումնասիրություններ։
Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Պտղամսում պարունակվում են մոտ 3 տոկոս օրգանական թթուներ, 0,3-0,10 տոկոս դաբաղանյութեր, պեկտինային միացություններ։ Արոնիան կարգավորում է մարսողությունը, նպաստում է ծանր մետաղների և ռադիոակտիվ նյութերի հեռացմանը օրգանիզմից։
Զգուշացում։ Արոնիան զգալիորեն բարձրացնում է արյան մակարդելիությունը, ինչը պետք է հաշվի անել վարիկոզ և թրոմբոֆլեբիտ հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ չի տրվում ուտել հիպերացիդ ստամոքսաբորբի, փորկապության, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցի, արտահայտված հիպոտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի, ինֆարկտի դեպքում։
Արոնիայի տերևը օգտակար է լյարդին. Տերևները պարունակում են լեղամուղ հատկություն ունեցող նյութեր, որոնք նպաստում են լեղու գոյացմանը և հեռացմանը։
Խորհուրդներ, ժողովրդական դեղատոմսեր
Արոնիան ունի հակաբորբոքային, հիպոտենզիվ, հակակարկամային, արյունարգել, արյունատար մազանոթները ամրացնող, միզամուղ, լեղամուղ հատկություններ, ազդում է օրգանիզմի արյունաստեղծ գործունեության վրա։
Հիպերտոնիա. Խմեք 50-ական մլ արոնիայի թարմ հյութ օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս, կրկնեք 1 ամիս հետո։
Երկարատև պահպանման նպատակով կախեք հով տեղում և օգտագործեք ողջ ձմռան ընթացքում։ Սառեցման դեպքում պտուղը մասամբ կորցնում է P-ակտիվ հատկությունները։
Անեմիա, դիմադրողականության անկում, անուժականություն. Ծանր հիվանդություններից հետո տրորեք, խառնեք արոնիայի և հաղարջենի սևի պտուղները (1։1)։ Կերեք 50-ական գրամ օրը 4 անգամ։ Քաղցրացրեք մեղրով։
Ինչո՞ւ է խորհուրդ տրվում ուտել արոնիան C վիտամինով հարուստ հաղարջ սևի հետ։ Երբեմն պետք է սահմանափակել կամ հավասարակշռել վիտամինների բարձր քանակությունը։ Արոնիայի P վիտամինի լավ յուրացման համար հարկավոր է ավելի շատ C վիտամին, քան պարունակվում է պտղում։
Հակասկլերոտիկ. Խառնեք արոնիայի և մասուրի չորացրած պտուղները։ 3 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք ջերմապահի մեջ 600 մլ եռջրում, քամեք խմելուց առաջ։ Խմեք 200-ական մլ օրը 2-3 անգամ։
- Տիրեոտոքսիկոզ. Արոնիայի պտուղները տրորեք, խառնեք շաքարավազի հետ (1։2)։ Կերեք 1-ական թ/գ օրը 3 անգամ։
- Ուժերը վերականգնող. Խառնեք 2 ճ/գ ալոճ արնակարմիրի պտուղ, 1-ական ճ/գ արոնիայի պտուղ, ջղախոտի և տատրակի տերևներ։ 1 թ/գ չոր, մանրացրած հումքը 2 ժամ թրմեք 100 մլ եռջրում, տաք տեղում։ Խմեք 1-2 ճ/գ օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։
«168 ԺԱՄ»