Ռուսաստանը Հայաստանում անցնում է ակտիվ գործողությունների

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանն ակտիվորեն ներգրավվելու է Հայաստանի համար մղվող պայքարում՝ նպատակ դնելով թույլ չտալ Հայաստանի եվրաինտեգրումը:

Ռուսաստանում սկսել են ավելի իրատեսորեն գնահատել այն իրողությունը, որ եթե Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանի եվրաինտեգրումը կարող է անդառնալի ընթացք ստանալ: Ռուսները Հայաստանին եվրաինտեգրումից հետ պահելու համար որոշել են աշխատել մի քանի ուղղությամբ միաժամանակ:
Մեր տեղեկություններով, օգոստոսի 30-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանի մոտ տեղի է ունենալու հավաք, որին հրավիրված են Հայաստանում գործող` ամբողջությամբ կամ մասնակիորեն ռուսական կապիտալով բոլոր ձեռնարկությունների տնօրենները: Իսկ այդպիսիք բազմաթիվ են. ռուսական կապիտալն առկա է հեռահաղորդակցության ոլորտում, բանկային համակարգում, բաշխիչ ցանցերում, կրթության ոլորտում, տրանսպորտում, էներգետիկայում և բազմաթիվ այլ ոլորտներում: Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկվում են ռուսական կապիտալի կողմից, և դեսպանի մոտ տեղի ունենալիք հավաքն իսկապես ներկայացուցչական է լինելու:
Ինչպես նշեցինք, քննարկվելու է Հայաստանին եվրաինտեգրումից հետ պահելու միջոցառումների պլանը, որին իրենց անմիջական մասնակցությունը պետք է բերեն ռուսական ձեռնարկությունները:

Թե հատկապես ի՞նչ է առաջարկվելու ռուսական կապիտալով ձեռնարկություններին՝ դժվար է ասել: Պարզ է միայն, որ Ռուսաստանի դեսպանատանը խիստ նյարդայնացնում է այն իրողությունը, որ չնայած հայկական լրատվամիջոցներից շատերը մեծաքանակ գովազդային պատվերներ են ստանում ռուսական ընկերություններից, սակայն այդ նույն լրատվամիջոցները ակտիվ հակաքարոզչություն են իրականացնում Եվրասիական միության դեմ՝ քարոզելով Հայաստանի եվրոինտեգրումը:

Հանդիպման նպատակներից մեկը լինելու է շատ հստակ սահմանել, թե ո՞ր լրատվամիջոցները կարող են ստանալ գովազդային պատվերներ, և ցուցում է տրվելու, որպեսզի մինչև գովազդ պատվիրելը կազմակերպությունը ստանա դեսպանատան համաձայնությունը:

Դա վերաբերելու է ոչ միայն լրատվամիջոցներին, այլև բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկություններից տարբեր նպատակներով գումարներ են ստանում: Այսուհետ այդ գումարները կարող են ստանալ բացառապես այն կազմակերպությունները, որոնք հրապարակայնորեն իրենց հավատարմությունը կհայտնեն Հայաստանի Եվրասիական ընտրության վերաբերյալ:

Հայաստանին եվրոպական ընտրությունից հետ պահելու մյուս ուղղությունը Հայաստանում պրոռուսական հասարակական շարԺում սկսելն է: Ինչպես հայտնի է արդեն ձևավորվել է «Եվրասիական ինտեգրացիա» ժողովրդական նախաձեռնությունը, որի անդամները պահանջում են, որպեսզի Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցը դրվի համաժողովրդական հանրաքվեի: Այս նախաձեռնության անդամները հիշեցնում են, որ ժամանակին 1 միլիոնից ավելի ստորագրություն է հավաքվել Հայաստանը Ռուսաստան-Բելոռուս միությանը անդամակցելու օգտին, ինչը նշանակում է, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվելու Եվրասիական ինտեգրմանը` մերժելով եվրոպական ինտեգրումը:
«Եվրասիական ինտեգրացիայի» անդամները նախատեսում են սեպտեմբերին Ազատության հրապարակում անցկացնել «քաղաքացիների հավաք», որի անդամների պահանջը դարձյալ լինելու է հանրաքվեի կազմակերպումը, քանի որ իրենք վստահ են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվելու Եվրասիական ինտեգրմանը:

«Հայաստանի բնակչության 90 տոկոսն իր ապագան տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքում, և իշխանությունը չի կարող արհամարհել իր քաղաքացիների տեսակետը»,- ասում է «Եվրասիական ինտեգրացիայի» անդամներից մեկը:

Ռուսները իսկական անակնկալի են եկել՝ գիտակցելով, որ Հայաստանը կարող է պոկվել մետրոպոլիայից: Մինչև վերջերս Ռուսաստանում այնպիսի համոզմունք կար, որ իրենք Հայաստանում այնպիսի որոշիչ տնտեսական և ռազմական ազդեցության լծակներ ունեն, որ կարելի է մատների արանքով նայել Եվրամիության հետ տարվող բանակցություններին: Բայց հիմա պարզվում է, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումից հետո ռուսներին Հայաստանից դուրս մղելու գործը կդառնա տեխնիկայի գործ: Եվ դա կարվի միջազգային նորմերին համապատասխան՝ հղում անելով Հայաստանի կողմից ստորագրված փաստաթղթերին, որոնք Ռուսաստանը պարտավոր է հարգել, քանի որ պայմանագրի կողմերից մեկը Եվրոպական միությունն է:
Ցայտնոտի մեջ հայտնված Ռուսաստանը փորձում է փրկել իրավիճակը: Բայց պայքարել մի քանի ճակատով ակնհայտորեն չի ստացվում: Հիմնական կռիվը լինելու է Ուկրաինայի համար, սակայն Հայաստանը պակաս կարևոր տարածք չէ:

Ռուսները մտադիր են առաջիկա երկու ամիսների ընթացում Հայաստանում այնպիսի տնտեսական և ներքաղաքական լարվածություն ստեղծել, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվի նոյեմբերին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց:
Մյուս կողմից, ռուսական իշխանությունները հասկանում են, որ եթե իրենք չափից դուրս մեծ ճնշում գործադրեն Հայաստանի իշխանության վրա, ապա դա կստիպի իշխանությանն ավելի շատ հենվել արևմտյան աջակցության վրա, ինչի արդյունքում Հայաստանը ավելի շատ կհեռանա Ռուսաստանից:

Առաջիկայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի իշխանական վերնախավում կա երկու կարծիք. իշխանության ներկայացուցիչների մի մասը համոզված պնդում է, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրվելու է, և դա որոշված հարց է: Մյուս մասն, այնուամենայնիվ, պնդում է, որ կարող են ստեղծվել ֆորսմաժորային իրավիճակներ, որոնց արդյունքում Հայաստանը չի ստորագրի համաձայնագիրը: Թե ո՞ւմ տեղեկատվությունն է առավել ճշգրիտ, պարզ կդառնա ընդամենը երեք ամսից, որոնք խոստանում են բավական հետաքրքիր ընթացք ստանալ:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս