
Սաակաշվիլին Իվանիշվիլիին կոչ է արել առանց թիկնազորի դուրս գալ փողոց և շփվել ժողովրդի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կոչ է արել միասին դուրս գալ փողոց և շփվել ժողովրդի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում հասարակությունում:
Նախօրեին Սաակաշվիլին Բաթումի փողոցներում զբոսանքի է դուրս եկել իր կնոջ՝ Սանդրա Ռուլովսի և կրտսեր որդու՝ Նիկոլոզի հետ և շփվել է տեղաբնակների ու զբոսաշրջիկների հետ. «Ես ազատորեն շրջում եմ մեր քաղաքների փողոցներով: Ցանկանում եմ նույնն անելու կոչ հղել նաև Վրաստանի վարչապետին:
Այստեղ պետք չեն ավելորդ տեսություններ, ես ակնհայտորեն տեսնում եմ, որ նա տեղեկացված չէ, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում հասարակությունում: Ես կոչ եմ անում ինձ հետ համատեղ նվազագույն թիկնազորով կամ էլ առանց դրա դուրս գալ փողոց և շփվել ժողովրդի հետ: Դա օգտակար կլիներ նրան (Իվանիշվիլիին), իսկ նրա իրազեկվածությունն օգտակար կլինի երկրի համար»: