Բաժիններ՝

Ռուս մասնագետները շնորհակալություն են հայտնում

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որը վարում էր նախարար Ա. Երիցյանը։

Օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին ՀՀ տարածքում գտնվող ջրամբարների պատվարների անվտանգության և Գառնու դիտարանում գտնվող սարքավորումների վիճակի ուսումնասիրություններին։

Նիստին հրավիրված էին ՀՀ ԱԻՆ, ԵՊՀ, ճարտարապետաշինարարական համալսարանի, մեխանիկայի ինստիտուտի և Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչներ։

Այս օրերին Երևանում էին գտնվում Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները, որոնք շուրջ 30 տարի առաջ նախագծել ու տեղադրել են Գառնու դիտարանի եզակի դեֆորմոմետրը։

Ռուս գիտնականները, ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալության և դիտարանի աշխատակիցների հետ մանրակրկիտ հետազոտության են ենթարկել դեֆորմոմետրերն ու թեքաչափ կայանը։ Գիտխորհրդի նիստին նրանք ներկայացրեցին իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները։
Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Իգոր Վասիլևը, որը ժամանակին մասնակցել է նշված սարքերի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին, իր խորին շնորհակալությունը հայտնեց հայ գիտնականներին` դիտարանի սարքերը և թունելախորշը նման հոգատարությամբ պահպանելու համար.

– Ես եղել եմ նմանատիպ այլ դիտարաններում ու պիտի ցավով նշեմ, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք բոլորը մատնվել են անուշադրության, ամբողջությամբ ավերվել այնպես, որ հնարավոր չէ վերականգնել։ Իսկ Գառնու դիտարանն աշխարհում եզակի կառույց է` հաշվի առնելով դրա աշխարհագրական դիրքն ու տեխնիկական հագեցվածությունը։ Այստեղ եղած սարքերը շատ զգայուն են և առանձնանում են չափումների մեծ ճշգրտությամբ։ Այնպես, որ դրանց վերագործարկումն էական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև` այս տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար։ Թունելի վիճակը մոտ է կատարյալին, այնտեղ գտնվող դեֆորմոմետրերը հրաշալի պահպանված են ու որոշ վերանորոգումից հետո կարող են լիարժեք աշխատել, իսկ թեքաչափը դժվար կլինի վերանորոգել ու անհրաժեշտ է նորը ձեռք բերել։

ԱԻ նախարարը հանձնարարեց առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել Գառնու դիտարանի սարքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ և պատրաստել տեղեկանք` դրանց վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին։

Նիստի ընթացքում «ՍՊԾ» գործակալության աշխատակից Վ. Խոնդկարյանը ներկայացրեց ՀՀ ջրամբարների պատվարների ուսումնասիրության արդյունքները` Ազատի և Մարմարիկի ջրամբարների օրինակով։

ԱԻՆ լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս