Ալեքսանդր Իսկանդարյան. Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե համով գազար է, այլ ծախս
Եվրոպական միության (ԵՄ) հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նշանակությունը շատ է չափազանցվում Հայաստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների (Հայաստան, Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա) գագաթաժողովը, որում նախատեսվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Ըստ քաղաքագետի` վիլնյուսյան գագաթաժողովը եվրոպական ճանապարհի սկիզբն է, այլ ոչ թե վերջը, քանի որ համաձայնագրի նախաստորագրումից հետո շարունակվելու է բյուրոկրատական երկարատև գործընթացը, օրինակ` համաձայնագրի ծավալուն տեքստը պետք է թարգմանվի եվրոպական 26 լեզուներով, այն պետք է հաստատեն ԵՄ-ն, նրա անդամ երկրները, որից հետո կստորագրվի համաձայնագիրը:
«Վախենամ, թե Հայաստանում այնքան էլ լավ չեն հասկանում սա, ինձ մոտ տպավորություն է, թե մարդիկ կարծում են, որ Սանտա Կլաուսն է գալու Վիլնյուս և իր պարկից մեզ վրա է լցնելու այն ամենն, ինչ չունենք` աշխատանքի մշակույթը, օրենքներին ենթարկվելու մշակույթը, անվտանգությունը, բարեկեցությունը, ներդրումները, և դրանից հետո մենք կսկսենք աշխատել այնպես, ինչպես աշխատում են Հայաստանում և ապրել այնպես, ինչպես Շվեյցարիայում միայն շնորհիվ նրա, որ ինչ-որ մեկը Վիլնյուսում համաձայնագիր է նախաստորագրել: Այդպես չի լինելու»,- ասաց Կովկասի ինստիտուտի տնօրենը:
Ա. Իսկանդարյանը ենթադրում է, որ այս գործընթացը տեղի է ունենում փոխադարձ համաձայնություններով, այսինքն` «Մոսկվային տեղյակ են պահում, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայի հետ հարաբերություններում, և Եվրոպային տեղեկացնում են, թե ինչ է տեղի ունենում Մոսկվայի հետ համագործակցության գործընթացում»:
Այս համատեքստում մենք խնդրեցինք Ա. Իսկանդարյանից իր կարծիքը հայտնել ռուս-ուկրաինական հարաբերություններում վերջին օրերին առաջացած նոր լարվածության, մասնավորապես ռուս-ուկրաինական սահմանում ուկրաինական ապրանքատեսակների նկատմամբ ՌԴ-ի կողմից մտցված սահմանափակումների մասին: Նշենք, որ այս միջադեպը արձագանք է ստացել նաև Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ խնդիրը կապվում է վիլնյուսյան գագաթաժողովի և ասոցացման համաձայնագրի նախաստորագրման և այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի վերաբերմունքի հետ:
Այս մասին Ա. Իսկանդարյանը նշեց, որ ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի է ունենում հերթական, այպես ասած, «պատերազմը», որն այս անգամ ստացել է «մաքսային պատերազմ» անվանումը:
«Այսպիսի «պատերազմներ» ռուս-ուկրաինական հարաբերություններում պարբերաբար են բռնկվում` ամենատարբեր առիթներով` գազի, գյուղատնտեսական և այլ ապրանքների մատակարարման, Ուկրաինայում ռուսական ներդրումների, ուկրաինական ապրանքների` ռուսական շուկա թողնելու և, պարզապես, Նոր տարվա կապակցությամբ (ես չեմ կատակում), իսկ այժմ սկանդալն ակնհայտորեն կապված է Վիլնյուսի գագաթաժողովի հետ: Իսկ ինչո՞ւ են դրանք տեղի ունենում, որովհետև Ռուսաստանը շատ կուզենար Ուկրաինային ընդգրկել Մաքսային միության մեջ, որովհետև այս ինտեգրացիոն գործընթացները, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, կառուցվել են Ուկրաինայի հաշվարկով. Մաքսային միության նպատակն առաջին հերթին ոչ թե Բելառուսը կամ Ղազախստանն էին, այլ հենց Ուկրաինան: Ռուսաստանն իրոք Ուկրաինայի կարիքն ունի, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ նման քայլերի է դիմում: Մյուս կողմից էլ` Ուկրաինան չի ուզում դրան ենթարկվել, նա պատրաստ է ցանկացած բան ասել, բայց պատրաստ չէ Ռուսաստանի հետ այդ մակարդակի տնտեսական համագործակցություն սկսել: Այս հակասությունները պատահական չեն, այդպես պետք է լիներ: Կարծում եմ` Ուկրաինան Վիլնյուսում կստորագրի ասոցացման համաձայնագիրը, և Ռուսաստանի հետ բոլոր սկանդալները, ինչպես բոլոր նախորդները, կմարեն»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է նման սահմանափակումներ մտցնել նաև Հայաստանի նկատմամբ, ապա այդ մասին քաղաքագետը նշեց, որ Հայաստանը չունի այն նշանակությունը Ռուսաստանի համար, ինչ Ուկրաինան:
«Հայաստանը, մեղմ ասած, Ուկրաինա չէ: Հայաստանի և Ուկրաինայի միջև բազմաթիվ տարբերություններ կան. ա) Հայաստանը չի սահմանակցում Ռուսաստանի հետ, բ) Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե համով գազար է, այլ ծախս, Հայաստանին ինչ-որ ինտեգրացիոն միության մեջ ընդգրկելը նշանակում է նրան վերցնել խնամակալության, իսկ Ուկրաինային ընդգրկելը նշանակում է նրանից ինչ-որ մի բան ստանալ: Սրանք տարբեր իրավիճակներ են, բացի դրանից Հայաստանը շատ փոքր է, իսկ Ուկրաինան մեծ է, Հայաստանը տեղակայված չէ Ռուսաստանի և Եվրոպայի միջև և նրա տարածքով գազատարներ չեն անցնում»,- նշեց Ա. Իսկանդարյանը: