Պուտինը Հայաստանի հետ հարցեր չունի, դրա համար էլ չի գալիս Երևան

Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ

– Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Ռուսաստանը ճնշումներ է կիրառում Հայաստանի նկատմամբ, օգտագործում շանտաժի գործիքներ: Ձեզ համար տեսանելի՞ են ՌԴ կողմից արված հակահայկական գործողությունները:

– Պատասխանեմ կարճ` ոչ: ՌԴ քայլերը կախված կլինեն նրանից, թե ի՞նչ պայմանագիր կստորագրվի` ի՞նչ կետեր կներառի այն, ի՞նչ կբխի դրանցից: Եթե ասոցացման համաձայնագրում կլինեն կետեր, որոնք հակասության մեջ կմտնեն հայ-ռուսական գործող պայմանագրերի հետ կամ կլինեն ՌԴ շահերին դեմ՝ մենք կստանանք ՌԴ-ի պատասխանը: Այս առումով տարօրինակ է, որ համաձայնագրի բովանդակությունը չի հրապարակվում: Այս փաստաթուղթը պետք է քննարկման առարկա դառնա, բայց մեր իշխանությունները հավանաբար չեն ուզում՝ ստորագրմանը նախորդի քննարկում: Զարմանալի է, որ ժողովրդավարական Եվրոպան էլ չի հրապարակում համաձայնագրի բովանադակությունը և չի էլ պահանջում այդ անել մեր իշխանություններից: Նույնիսկ այս լրջագույն հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու առաջարկ եղավ, բայց դա էլ չարվեց: Համաձայնագրի բովանդակությունը թաքցնելու հանգամանքը միայն մեր իշխանություններից կախված չէ. բանակցող կողմերը, ըստ իս, պայմանավորվել են այն չհրապարակել: Այլ բացատրություն ես չեմ տեսնում:

– Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Դուք անձամբ որի՞ն եք կողմնակից:

Կարդացեք նաև

– Հայաստանը պետք է ընտրի այն ճանապարհը, որն ապահովում է իր անվտանգությունը, տնտեսական զարգացումը, մշակութային կապերը: Պետք է նայել, թե Հայաստանն ում հետ ինչ կապեր ունի, ում միջոցով է ապահովում իր խնդիրների լուծումը, ու ըստ դրա կողմնորոշվի` ով է իր դաշնակիցը, գործընկերը: Իսկ եթե հարցը դրվում է կամ-կամ տարբերակով (իսկ այդպիսի հարցադրում դնում է Եվրամիությունը), ապա ՀՀ-ն պետք է որոշի` ո՞ր ուղղությունն է իր շահերից բխում: Հայաստանի դիվանագիտությունը այս պարագայում պարզ ու հստակ է. ՀՀ-ն Եվրոպայի հետ խնդիր չունի, և մենք պետք է ապահովենք այնպիսի փաստաթուղթ, որը չի մտնում հակասության մեջ ռազմավարական մեր դաշնակցի հետ:

Կհաջողվի՞ նման փաստաթուղթ ստորագրել` կլինի մեր դիվանագիտության հաջողությունը, հակառակ պարագայում մենք կունենանք բացասական հետևանքներ: Ասոցացման համաձայնագիրը, ըստ իս, Հայաստանին լրջագույն զարգացում չի ապահովելու, այս պատճառով ես կողմ եմ Եվրասիական միությանը ՀՀ անդամագրությանը: Ժամանակը ցույց կտա, ու մենք կհամոզվենք, որ ճիշտ տարբերակը սա է: Տարածված այն կարծիքը, թե ասոցացման համաձայնագրի ստորագմամբ Հայաստանը մտնում է Եվրոպա` սխալ է: Նման բան չկա: Այլ բան է, եթե մեզ առաջարկեին մտնել Եվրամիություն: Բայց մոտակա 50 տարում Հայաստանը Եվրամիության անդամ դառնալու շանսեր չունի: Իսկ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարելի է դիտել որպես հարաբերությունների խորացում, բայց ոչ երբեք քայլ դեպի Եվրամիություն:

– Ի՞նչ կարող է տալ մեզ Ռուսաստանը, որը չի կարող տալ Եվրոպան:

– Բայց ի՞նչ է տալիս Եվրոպան, որը չի տալիս Ռուսաստանը: Եվրոպան մեզ չի ապահովում էներգակիրներով և կոշտ վառելիքով ատոմակայանի համար, չի ապահովում ՀՀ անվտանգությունը, չի ստեղծում աշխատատեղերգ Այս ամենը Եվրոպան չի կարող տալ մեզ: Ո՞վ է ապահովում ատոմակայանի աշխատանքը, որը տալիս է մեր հանրապետության էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, գազը ո՞վ է մատակարարում: Եթե Ռուսաստանը գազ չտա` Հայաստանը որտեղի՞ց պետք է այն ստանա:

– Ռուսական գազին չի՞ կարող փոխարինել իրանականը:

– Իրանական գազը ռուսական գազամուղն է: Իրանը ևս կապեր ունի ՌԴ հետ, որը գլոբալ առումով աջակցում է Իրանին: Իրանի գազը այլընտրանք չէ` գազամուղը ռուսական է: Մնում է Ադրբեջանը` գազ կարող ենք ստանալ միայն Ադրբեջանից:

– Պարոն Հարությունյան, ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ վերջին ամիսներին վարած քաղաքականությունը Ձեզ համար հասկանալի՞ է: Խոսքս գազի գնի թանկացման, Ադրբեջանին զենք վաճառելու գործարքի, ՀՀ քաղաքացուն ՌԴ դատարանում նվաստացուցիչ տեսքով ներկայացնելու մասին է:

– Անլուրջ հարցերին չեմ ուզում պատասխանել` խալաթով մարդուն դատարան բերելը կապում եք հայ-ռուսական հարաբերությունների հե՞տ: Ինձ համար հասկանալի է, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը: Հարցին մյուս կողմից էլ նայեք. Պուտինը չէ՞ր, որ Բաքվում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցը քաղաքական մեթոդներով է կարգավորվելու` միայն խաղաղ ճանապարհով: Ռուսաստանը Հայաստանին ապահովում է սպառազինությամբ. խնդիրը ո՞րն է: Հայաստանը կարող է կոմպլեմենտար քաղաքականություն վարել Եվրոպայի հետ, իսկ Ռուսաստանը իրավունք չունի՞ հարաբերելու Ադրբեջանի հետ: Մի մոռացեք, որ ամեն պետություն իր շահերով է առաջնորդվում:

– Վստա՞հ եք, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ նման քաղաքականություն վարելով՝ իր խնդիրները չի լուծի Հայաստանի հաշվին:

– Իհարկե: Ես վստահ եմ, եթե, իհարկե, թույլ չտանք կոպիտ արտաքին քաղաքական սխալներ: Մինչև այսօր չի լուծվել ու չի լուծվի ոչինչ մեր հաշվին: Դրա վառ ապացույցն այն է, որ Ղարաբաղը մենք ենք վերահսկում, պատերազմն էլ չի վերսկսվում:

– Պարոն Հարությունյան, պարբերաբար գնահատականներ են հնչում, որ հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են: Արդյոք դրանո՞վ չէր պայմանավորված, որ Վլադիմիր Պուտինի խոստացված այցը Հայաստան այդպես էլ չկայացավ, և փոխարենը նա այցելցեց Բաքու:

– Ո՞վ է ասել, որ մեր հարաբերությունները վատթարացել են` Ռուսաստանը կամ Հայաստանը հայտարարե՞լ են դրա մասին: Նրանք, ովքեր ասում են, թե վատացել են, ի՞նչ կոնկրետ փաստեր են բերում: Այդ տեսակետներն ինձ համար անհիմն են: Պուտինը գնաց Բաքու, որովհետև հարցեր ուներ Ադրբեջանի հետ. Հայաստանի հետ հարցեր չունի, դրա համար էլ չի գալիս: Մենք պրոբլեմային բացեր հայ-ռուսական հարաբերություններում` տնտեսական, ռազմական, մշակութային կամ այլ առումներով, չունենք. պայմանագրերը ստորագրված են, գործում են: Պատմական հարաբերությունների իբրև թե վատթարացումը պայմանավորել Բաքու այցով կամ զենքի գործարքով՝ միամիտ մոտեցում է: Այո, վաճառվել է 1 մլրդ-ի զենք, բայց չէ՞որ դա չի խախտում ռազմական բալանսը. մենք Ռուսաստանից ավելի մեծ քանակով զինատեսակներ ենք ստացել: Էմոցիոնալ մոտեցում այս հարցում լինել չի կարող:

– Պուտինի այցը Բաքու Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում հետևանքներ կարո՞ղ է ունենալ:

– Իհարկե ոչ: Եթե ուշադիր նայեք` ինչ փաստաթղթեր են ստորագրված Բաքվում, կտեսնեք, որ ռազմաքաղաքական առումով լուրջ համաձայնագիր դրանց թվում չկա: Հետո` Պուտինը չի այցելել նրանց Պանթեոն: Սա ևս կարևոր հանգամանք է: Իսկ երբ Ալիևը կոշտ ձևակերպումներ հնչեցրեց, թե Ղարաբաղի տարածքները «օկուպացված են» և այլն, Պուտինը պատասխանեց մեկ տողով` ԼՂՀ հարցը լուծվելու է միայն խաղաղ ճանապարհով: ՌԴ նախագահի հայտարարությունը մեկ բանի մասին է խոսում, որ Ռուսաստանը չի ընդունում ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը:

– Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ապա Մաքսային միությունը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) կարող է խստացնել Ուկրաինայի հետ մաքսային ռեժիմը, ինչպես նաև դուրս գալ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտուց: Անհանդուրժողական չէ՞ ՌԴ նման մոտեցումը: Հայաստանին էլ սա չի՞ սպառնա:

– Եթե ՀՀ-ն ստորագրի փաստաթուղթ, որը հակասի հայ-ռուսական պայմանագրերին և ռուսական շահին, ապա անխուսափելի են անցանկալի հետևանքները` գազի, կոշտ վառելիքի գնի բարձրացում, Ղարաբաղի հարցում ՌԴ դիրքորոշման փոփոխություն, կառաջանա խնդիր ՀՀ անվտանգության ապահովման հարցերում, իսկ 2015 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի աշխատուժի մուտքը ՌԴ այն երկրների քաղաքացիների համար, որոնք Մաքսային միության անդամ չեն: Այս ցանկը կարելի է երկար շարունակել:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս