Բաժիններ՝

Ամբերդը վերածվում է աղբանոցի

«Գագո + Տաթևիկ = Love», «10-ի Բ», «Անի, Լուսո, Մաշա» ու նույնաբովանդակ բազմաթիվ գրառումներ Ամբերդի ամրոցի և Կաթողիկե եկեղեցու պատերին շատ կգտնեք: Ամրոցի պատերին, քարերի մեջ արդեն բուսականություն է ծաղկում, իսկ եկեղեցու գմբեթը կամաց-կամաց վերածվում է անտառի: Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր բերդաքաղաքներից մեկը՝ Ամբերդը, այսօր մատնված է մոռացության ու անուշադրության: Վերջին տասնամյակում Ամբերդը հիշել են 2006-2007 թվականներին. որոշակի վերականգնողական աշխատանք է կատարվել, սակայն այդ աշխատանքի արդյունքն այսօր արդեն չի երևում: Տեղ-տեղ՝ ճաքեր, քարաթափում, և սա այն դեպքում, երբ Ամբերդն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Պատկերն առավել սարսափելի է դառնում, երբ Ամբերդի բարձունքից շրջակայքն ես ուսումնասիրում: Դեպի ձորը տանող մի հատված վերածվել է աղբավայրի, սարսափելի հոտը, մոծակներն ու թափառող կենդանիներն էլ պատկերը դարձնում են ամբողջական: Ձորի մի հատվածը գուցե աղբավայրի չվերածվեր, եթե պատասխանատուները նեղություն քաշեին և մեկ-երկու աղբաման տեղադրեին կառույցի հարևանությամբ:

Նման վերաբերմունքը պատմական մի ամրոցի նկատմամբ, որտեղ վառ արտահայտված են միջնադարյան Հայաստանի ճարտարապետական կարևորագույն ուղղությունները, ուղղակի անթույլատրելի է:

Amberd2

Կարդացեք նաև

Ամբերդը եղել է 10-րդ դարի Պահլավունի իշխանների ու Բագրատունիների թագավորության ռազմա-պաշտպանական կարևորագույն հենակետերից մեկը: Ամրոցը դիմագրավել է սելջուկ-թուրքական և մոնղոլ-թաթարական հարձակումներին ու միայն 14-րդ դարի վերջին թուրք-թաթարական արշավանքներից հետո է կորցրել իր նշանակությունն ու ամայացել Լենկթեմուրի օրոք: Բացի պատմական նշանակությունից, Ամբերդն առանձնանում է նաև հոգևոր և ճարտարապետական առանձնահատկություններով: Եկեղեցու պատերին հենված խաչքարերը ստեղծվել են 8-րդ դարում, իսկ երեք վիշապաքարերը հուշում են հեթանոսական ժամանակաշրջանի մասին: Այսօր պահպանվել են ամրոցի ավերակները, բերդապարսպի, բաղնիքի մնացորդներն ու Կաթողիկե եկեղեցին: Որպես մեկ ամբողջություն՝ Ամբերդը Հայաստանում միջնադարյան եզակի ամրոցներից է, սակայն այն, ինչ դարեր շարունակ արել է թշնամին ու երկրաշարժերը, այսօր շարունակում են  հայ զբոսաշրջիկները՝ տարածքը աղբակույտի վերածելով, և ՀՀ մշակույթի նախարարությունը, որ ձեռքերը ծալել ու ոչինչ չի ձեռնարկում կառույցի փրկության համար:

Amberd1

Մենք հաճախ ենք խոսում զբոսաշրջության զարգացման մասին, սակայն արդյո՞ք զբոսաշրջության զարգացումը միայն ռեստորանների ու հյուրանոցների կառուցումն է: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած վիճակագրության համաձայն՝ Հայաստան այցելողների մեծ մասը երկիրն առաջին հերթում ընկալում է որպես առաջին քրիստոնյա պետություն և, հանգստին, զուգահեռ նախընտրում է կրոնական տուրիզմը: Էջմիածնին, Գառնիին, Տաթևին և Նորավանքին զուգահեռ, Ամբերդն էլ կարող է դառնալ զբոսաշրջության հրաշալի վայր ու ներկայացնել Հայաստանի միջնադարյան պատմությունը: Դրա համար շատ մեծ գումար անհրաժեշտ չէ. ընդամենը պետք է ճանապարհները կարգի բերել ու տարածքը մաքրել, վերականգնողական աշխատանքներ իրականացնել, և ամրոցի թեկուզ մնացորդները զբոսաշրջիկին կպատմեն հայ ոգու մասին:

Հիշո՞ւմ  եք՝ Երևանում ինչպիսի աղմուկ էր բարձրանում, երբ Վրաստանում հայկական եկեղեցիները փլուզվում էին կամ հրդեհվում: Ասուլիսներ, նամակներ, բողոքի երթեր, պահանջներ… Նույնը կատարվում է, երբ Թուրքիայում, Ուկրաինայում և այլ երկրներում օտարազգիները պղծում են մեր եկեղեցիները կամ խաչքարերը: Ցավալի է, որ նույն ջանասիրությամբ չենք պաշտպանում մեր երկրի տարածքում դեռևս կանգուն եկեղեցիներն ու ամրոցները ու միայն կորցնելուց հետո ենք զղջում, որ կորցրինք պատմական և հոգևոր հերթական կառույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս