«Երբ նեղն ենք՝ մեր ճամփեն մոռանում են»
Մայիսյան կարկուտը չի շրջանցել նաև Կոտայքի մարզը: Մարզի ավելի քան մեկ տասնյակ համայնքներում բերքի 90 տոկոսը գարնանը փչացել է ու գյուղացին մնացել է ձեռնունայն: Կառավարությունից սկզբում խոստացել են, որ գուցե աջակցություն ցուցաբերեն նաև Կոտայքին, սակայն հետագայում ասել են, թե կորուստի չափերն այնքան էլ մեծ չեն ու աջակցության մասին խոսակցություններն ավարտվել են:
Քաղսին կարկտահարված համայնքներից մեկն է, կարկտահարված՝ բառի բուն իմաստով: Եթե նախորդ տարիներին այս եղանակին գյուղի այգիները ծառերի ծանրությանը չէին դիմանում, ապա այս տարի գյուղում ամայություն է: Կարկուտը հատկապես վնասել է խնձորի և տանձի այգիները, մոշի և մալինայի թփերը:
Մաքսիմ Կարապետյանն իրեն համարում է ոչ միայն կարկուտից, այլև կառավարությունից տուժած: Խնձորի և տանձի հսկայական այգի ունի, բայց բերքի 90 տոկոսը կարկուտը ոչնչացրել է: «Հինգ կիլո խնձոր էլ չեմ ունենա»,- ասում է Մ. Կարապետյանն ու զայրանում՝ կառավարությունից որոշել են, որ վնասը հսկայական չէ: «Ես ավելի քան 300,000 դրամի վնաս եմ կրել: Ես չեմ հաշվում այն գումարը, որով պարարտանյութ եմ գնել, հարկերը մուծել, թույներ գնել՝ ծառերը սրսկելու համար: Այդ գումարով ես պետք է ձմռան ծախսերը հոգայի: Հիմա կարող է կառավարության համար 300,000-ը հեչ փող չի, բայց ինձ համար ահագին գումար է: Հիմա ես չգիտեմ, թե ձմռանն ընտանիքս ինչո՞վ եմ պահելու, ի՞նչ եմ անելու, վառելիքի հարցը ո՞նց եմ լուծելու»,- ասում է նա:
Մաքսիմ Կարապետյանը միակը չէ, ով սարսափով է սպասում ձմռան գալուստին: Գյուղում ընտանիք չկա, ում կարկուտը վնաս հասցրած չլինի: «Շվարել՝ կանգնել ենք, էդքան արածներս ջուրը գնաց ու ոչ մի օգուտ չստացանք»,- բողոքում են գյուղացիներն ու միակ ելքը տեսնում Ռուսաստան տեղափոխելը: «Հիմա էլ գյուղի ահագին ջահելներ Ռուսաստանում շինարարության վրա են աշխատում, մենք էլ երևի գարնանը կգնանք, էլ ոչ մի հող, ոչ մի բերք, անում-անում ես, բայց տակը զատ չկա»,- ասում է գյուղացի Գերասիմը՝ ավելացնելով, որ եղբոր ու եղբորորդիների հետ որոշել են մեկնել Ռուսաստան: Մինչ այդ, ձմռան խնդիրները հոգալու համար որոշել են պարտք անել: «Հետո կաշխատենք՝ կտանք, բա ի՞նչ անենք»,- ասում է՝ ավելացնելով, որ կարկուտից հետո ոչ մարզպետարանից, ոչ գյուղնախարարությունից չեկան, չհարցրեցին, թե ի՞նչ է եղել ու ո՞նց են ապրելու: «Բայց որ վարձերը մի օր ուշացնում ես՝ գալիս են, թե կանջատենք, ջուր չեք ունենա, լույս չեք ունենա: Բայց որ նման դժբախտություն է լինում՝ մեզ չեն հիշում: Երբ նեղն ենք, մեր ճամփեն մոռանում են»:
Կարկուտին զուգահեռ գյուղի խնդիրները բազմաթիվ են: Թեպետ ջրագիծ են քաշել խմելու և ոռոգման ջուր ունենալու համար, սակայն խոստացված ջուրն այդպես էլ չի լինում ու հաճախ մեկ կաթիլ ջրի համար հարևանների մեջ սկսվում է պատերազմ: «Մի օր գալիս է, մի օր չի գալիս: Պատահում է՝ օրերով չի գալիս: Հետո տալիս են: Դեռ սրանից էլ ենք գոհ, մի քանի տարի առաջ ընդհանրապես ջուր չկար: Դաշտերում մթերքը չորանում-կախվում էր, հիմա գոնե մեկ-մեկ ջրում ենք, բայց էլի հույսներս անձրևի վրա է: Էն էլ մի ամիս է՝ անձրև չի եկել ու բերքն արդեն չորանում է»:
Գյուղի մեկ այլ խնդիր էլ՝ ճանապարհներն են: Ճանապարհների մեծ մասն ասֆալտապատ չէ ու յուրաքանչյուր անցնողի հետ հսկայական փոշի է բարձրանում: Գյուղապետերանից անընդհատ ասում են, որ գումար չկա ճանապարհների ասֆալտապատման համար, թեպետ գյուղացիները դժվարանում են հիշել, թե գյուղում վերջին անգամ ե՞րբ է որևէ փոփոխություն եղել կամ որևէ հարց լուծվել: Գյուղում աղբանոց էլ չկա: Շատերն աղբը թափում են հարակից ձորը ու բնության փոքրիկ անկյունն արդեն վերածվում է հիվանդությունների կենտրոնի: Թեպետ ձորի հարևանությամբ ապրող բնակիչները նախորդ տարի սեփական ուժերով մաքրել են տարածքը, որպեսզի ազատվեն հոտից ու մոծակներից, սակայն գյուղացիները շարունակում են աղբը նետել: «Մի ժեշտից աման էլ չկա, որ բերեն-դնեն, ասեն՝ էս ձեր աղբամանն է, ձեր զիբիլը սրա մեջ գցեք, բա ի՞նչ անենք»,- դժգոհում են գյուղի կանայք:
Գյուղի խնդիրներով միայն մեծահասակները չէ, որ մտահոգ են: Փոքրիկներն էլ իրենց խնդիրներն ունեն: Գյուղում հետաքրքրական որևէ բան չի կատարվում, միակ վայրը, որտեղ կարելի է մոռանալ գյուղի հոգսերի մասին՝ մարզադահլիճն է: Այստեղ տղաները ձեռքի ուժ են պարապում: Մարզասարքերը նոր են ու դպրոցը հսկայական հաջողություններ ունի. վերջին տարիներին ձեռքի ուժի մրցումների լիակատար առաջատարն է: Հաջողություններին զուգահեռ դպրոցը վատ վիճակում է, ոչ միայն նորոգված չէ, այլև չի ջեռուցվում: Ձմռանն էլեկտրական սալիկով են տաքացնում ու մի կերպ պարապում: Փոքրիկները լուսանկարվելուց հրաժարվում են, սակայն խնդրանքը ներկայացնում են միահամուռ: Նրանք խոստավանում են, որ հույսները կտրել են գյուղապետերանից ու խնդրանքը հասցեագրում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ որպեսի միջոցներ տրամադրի դպրոցը նորոգելու ու ջեռուցելու համար:
Քաղսի, Կոտայքի մարզ