Արկադի Տեր-Թադևոսյան. Ալիևը Հայաստանի համար վատթարագույն տարբերակն է ու նրա նախագահությունն ավելի վատ կլինի մեզ համար

168.am-ի հարցազրույցը Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի հետ

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանի համար «թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը»: Համամի՞տ եք, որ մեզ համար Ադրբեջանի թեկնածուներից լավագույն տարբերակը Ալիևն է:

– Ալիևի փոխարեն կարող էր լինել ուրիշ մեկը, ով ադրբեջանական քաղաքականությունը վարեր այնպես, որ երկու պետությունների հարաբերությունների առումով մի քայլ առաջ գնայինք, որովհետև մենք հիմա топчемся` не туды и не сюды: Ալիևը, կարծես հիվանդ է հակահայկական վիրուսով. ինչ խոսում է Հայաստանի մասին` միայն բացասական է: Նրանից ոչ մի դրական բան մենք չենք տեսել: Սա իմ կարծիքն է: Ես համամիտ չեմ, որ նրանից վատը կա, չի կարող լինել: Նա Հայաստանի համար վատթարագույն տարբերակն է ու նրա նախագահությունն ավելի վատ կլինի մեզ համար: Իսկ մյուս թեկնածուները, որոնք պայքարում են Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար, ակնհայտ է, որ չեն հաղթելու: Այստեղ կանխագուշակել պետք չէ` ամեն ինչ «պատրաստ» է, մենք գիտենք, թե ինչպես են անցկացվում ընտրություններն այդ երկրում:

– ՀՀ- դրբեջան հարաբերությունները կարո՞ղ են փոխվել դեպի դրականը, եթե Ի. Ալիևը չշարունակի պաշտոնավարել:

Կարդացեք նաև

– Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները երկու տեսանկյունից կարելի է նայել: Ալիևը իր քաղաքականությամբ, մասնավորապես՝ հարյուրամյակին ընդառաջ, ուզում է ցույց տալ աշխարհին, որ մենք ագրեսոր ենք, որ Հայաստանն է հարձակվել: Ալիևը կաշխատի ցույց տալ, որ մեր ագրեսիվությունը չի նպաստում, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ: Հետո Ալիևը «կլանային է» ու այնտեղ ապրող փոքրամասնությունների համար նախագահ չէ: Նման մարդիկ չեն կարող հաստատել, որ Հայաստանը «գազան» ազգ է: Քանի հոգի նստած են, բռնել են… Կրկնում եմ` նա Հայաստանի համար վատթարագույն թեկնածուն է:

– Պարոն Տեր-Թադևոսյան, ըստ Ձեզ՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինն ի՞նչու մեկնեց Բաքու:

– Կարծում եմ, որ Պուտինը այցը, որը հիշեցնեմ, հաջորդեց Ադրբեջանին զենք վաճառելու գործողությանը, նպատակ ուներ զգուշացնելու Ադրբեջանին` չօգտագործելու իր վաճառած զենքը Հայաստանի նկատմամբ: Ես կարծում եմ, որ Պուտինը գնաց դրա համար` ասելու, որ զենքը չպետք է օգտագործվի մեր ռազմական գործընկերոջ դեմ: Նա գնաց Ալիևին ասելու` «այն, որ զենքը վաճառել ենք, չի նշանակում, որ պետք է մյուս օրը գնաք ու հարձակվեք Հայաստանի վրա»: Գլխավորը արտաքին տեսանկյունից տնտեսական հարցերն էին, բայց Ղարաբաղի հարցով, Հայաստանի մասով, Պուտինի այցը դրական կողմ ուներ` մեր զենքը չօգտագործել ՀՀ դեմ: ՌԴ-ն լավ էլ զգուշացրեց Ադրբեջանանին, այնքան լավ զգուշացրեց, որ Բաքվում Լավրովին էլ անպատվեցին:

– Վ. Պուտինը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հայտարարեց, թե հարցը պետք է լուծել քաղաքական մեթոդներով: Ենթատեսքտ կա՞ այս հայտարորության մեջ:

– Այդտեղ ոչ տեքստ կար, ոչ էլ՝ ենթատեքստ: Առաջին օրվանից մենք Ղարաբաղի հարցով անգամ չենք հասկանում` ինչ ենք ուզում: 94 թվականին մենք գնացինք «խաղաղության» համաձայնագիրը ստորագրեցինք: Ավելի լավ չէր չստորագրվե՞ր… Գրած է, թե զորքերը պետք է հանվեն տարածքից… Անհասկանալի է, թե ի՞նչ տեքստ, ենթատեքստ կա: Ադրբեջանցիներ էլ ասում են, թե՝ դուք ստորագրել եք, եկեք խոսենք դրա մասին, ու ասում եք՝ ազատագրել եք տարածքները, մենք ասում ենք՝ գրավել եք, ու եկեք հիմա այդ տարածքները հետ վերադարձնենք ու մենք ԼՂՀ հարցով ռեֆերենդում անցկացնենք: Հիմա անհասկանալի է, չեմ հասկանում, ինչի՞ շուրջ են իրենք քննարկում տանում:

– Տեսակետներ կան, որ Պուտինի այցը Բաքու պայմանավորված էր ՀՀ-ի կողմից ասոցացման համաձայնագրի նախաստորագմամբ: Կարո՞ղ են նման հանդիպումները օգտագործվել որպես շանտաժ Հայաստանի դեմ` չստորագրելու համաձայանագիրը:

– Ռուսաստանը, երբ 1 մլդ դոլարի զենք վաճառեց Ադրջեբանին, շանտաժի ավելի մեծ նոտա ցուցաբերեց, քան երբ Պուտինը գնաց Բաքու: Չեմ կարծում, որ ՌԴ և Ադրջեբանի նախագահների հանդիպումը Հայաստանին ուղղված շանտաժի համար էր: Ռուսաստանն ավելի ուժեղ քայլեր կարող է անել` Հայաստանին ճնշելու համար ու, կարծում եմ, կանեն. զենքը վաճառեցին, էլի մի քանի բան կանեն:  Պուտինը ասում է` «Հայաստան, եթե դու Եվրոպա ես ուզում գնալ, ես էլ ունեմ իմ խնդիրները, զենք եմ վաճառում` «դուք տենց, մենք սենց»»:

– Ճնշման ինչպիսի՞ գործիքներ կարող է ՌԴ-ն օգտագործել Հայաստանի դեմ` ասոցացման համաձայնագրի նախաստորագմանն ընդառաջ:

– Հայաստանը կարող է դրանցից խուսափել, եթե «կամ-կամ» տարբերակով չշարժվի: Մենք պետք է հասկանաք, որ մենք Կովկասում այն պետություններից ենք, որոնք բլոկադայի մեջ են ու դրա համար «և-և» տարբերակով պետք է շարժվենք: Մենք այն վիճակում ենք, որ ՌԴ-ն էլ, Եվրոպան էլ պետք է հասկանան, որ երկու ուղղություններով էլ պետք է տանենք մեր արտաքին քաղաքականությունը: Հայաստանը կարող է այն օղակը լինել` չեզոք գոտին, որը կարող է երկու կողմերին էլ օգուտ բերել: Մեր իշխանությունն էլ, կարծում եմ, այս ճանապարհով է շարժվում, բայց Ռուսաստանը, Եվրոպան, կարծես ընտրության առջև են ուզում մեզ դնել: Իրենք պետք է հասկական, որ մեզ որպես չեզոք գոտի թողնելը երկուսին էլ ձեռնտու է: Այնպես չէ, որ մտնենք Եվրոպա՝ Եվրոպան մեզ կփրկի, մտնենք Ռուսաստան՝ Ռուսաստանը մեզ կփրկի:

Տեսանյութեր

Լրահոս