Բաժիններ՝

Ինչ վնաս է հասցնում տնտեսությանն աշխատանքային միգրացիան

Հայաստանից շատ բարձր տեմպերով շարունակվող միգրացիան բավականին մեծ ռիսկայնութուն է առաջացնում տնտեսության համար: Ինչպես 168.am-ին հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, միությունը պատրաստվում է միգրացիային նվիրված համաժողով կազմակերպել, որին կհրավիրվեն նաև Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ փորձագետներ, և կքննարկվեն աշխատանքային միգրացիայի և վիզաների պարզեցման մեխանիզմին առնչվող հարցեր: Ըստ Գ.Մակարյանի՝ ԵՄ հետ աշնանը ստորագրվելիք ասոցացման համաձայնագրի շրջանակներում կան աշխատանքային միգրացիային վերաբերող խնդիրներ, որ պետությունները փոխադարձ համաձայնագրերով պետք է աշխատուժ ազատ փոխանակեն, հայտեր ներկայացնեն միմյանց, Հայաստանից ազատ գնան եվրոպական երկրներ աշխատելու:

«Բայց պետք է լավ գնահատել, թե տնտեսության որ ճյուղերից, որ ոլորտներից կգնան, կամ միգրացիայի կանխարգելման ինչ մեթոդաբանություն պետք է կիրառվի: Միգրացիայի լավագույն մեթոդը մնում է աշխատանքային միգրացիան: Բարոյահոգեբանական և այլ գործոնները նույնպես շատ նպաստում են, բայց հիմնականն աշխատանքն է: Շատերն ասում են, որ եթե նույն գումարի կեսը հայրենիքում վաստակեն, կմնան ու չեն գնա օտար վայրեր»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Նա որպես օրինակ բերեց Ռուսաստանը, որտեղից հայերը մոտ 1 մլրդ դոլար տրանֆերտներ են ուղարկում, այդքան էլ ծախսում են իրենց կեցության համար, բայց 10 մլրդ դոլարի էլ արժեք են ստեղծում:

«Այնպես որ, երբ այդ պետությունն ասում է, թե այդքան գումար է իրենց երկրից գալիս Հայաստան, պետք է նաև ասի, թե ինչ արժեք է ստեղծվում իրենց երկրում: Հայերը ոչ թե պետք է կուլ տան ամեն ինչ, նրանց վերաբերմունքը համարեն բարեհաճություն հայերի հանդեպ, այլ պետք է նաև մեդալի մյուս կողմը նայել՝ հայերի շնորհիվ ՌԴ-ում առնվազն 10 անգամ ավելի արժեք է ստեղծվում, չհաշված մուլտիպլիկատիվ ազդեցությունը»,- ընդգծեց Գ.Մակարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ 1 միավոր աշխատուժը տարբեր արժեք ունի՝ կախված ոլորտից: Շատ կոպիտ, ամենապարզունակ հաշվարկով մեկ ուսանողի կրթության համար ծախսվում է 8-10 հազար դոլար (ընտանիքից), իսկ տնտեսությունում աշխատելու դեպքում վերադարձելիություն կստեղծվեր. «Այսօր արտադրողականությունը շատ բարձր չի, տարեկան մի քանի հազար դոլար է, ՏՏ ոլորտում 60-70 հազար դոլար կարող է հասնել 1 անձի ստեղծած արժեքը: Այսինքն՝ բիզնեսից այդ կարգի գումարներ պետք է հանենք 1 աշխատողի հեռանալու դեպքում»:

Ըստ նրա՝ մի շարք երկրներ տարբեր պատճառներով աշխատուժի ներմուծումը մոտիվացնում են: Օրինակ՝ 2011 թ-ին Հոլանդիայի տնտեսության աճը 2 անգամ ելի բարձր էր, քան աշխատուժի աճը, այսինքն կգա մի ժամանակ, որ այլ երկրներից Հոլանդիան պետք է ներմուծի աշխատուժ: Նույն վիճակը Գերմանիայում է:

«Ռուսաստանում տնտեսությունն այդքան արագ չի զարգանում, այստեղ խնդիրը մի քիչ այլ է, դեմոգրաֆիական բնույթի՝ նարկոմանիա, հարբեցողություն, ծուլություն: Կլիմայական պայմաններից ելնելով, օրինակ Սիբիրում թերբնակեցված է, միգրանտներին նպատակադրված տանում են այդտեղ բնակեցնում: Հայերն էլ, չգիտես ինչու, ռիկսով գնում են: Բայց ռիսկը բարձր է, կլիման, ձյունը տայգան բավականին բարդ է: Մի 2 տարի առաջ «Հայրենադարձության» ծրագիրը սկսեցին, ընդամենը 500 դոլարի կարգի էին վճարում տայգայում աշխատանքի համար, 1000 դոլար էին վճարում գայլերի մեջ աշխատելու համար: Արկածախնդրոթյունը շատ մեծ էր: Հիմա ծրագիրը կարծես դադարեցրել են, բայց մարդիկ իներցիայով գնում են: Շատերը հիմա ուզում են վերադառնալ, բայց հնար չունեն, այստեղ ամեն ինչ վաճառել են և ստրկացած վիճակում ստիպված են շարունակել աշխատել»,- նշեց Գ.Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս