2008 թվականի այդ երկու իրադարձությունները վերջ դրեցին Բեռլինյան պատի անկումից հետո ստեղծված աշխարհակարգին. The Times
Բրիտանական The Times թերթում հրապարակվել է Մեծ Բրիտանիայի նախկին (1979-1990) վարչապետ («երկաթյա լեդի») Մարգարետ Թետչերի նախկին խորհրդական Ջոն Օ՚՚Սալիվանի «Համաշխարհային ժանդարմը չի պատասխանում մարտահրավերներին» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Սառը պատերազմի ավարտից հետո Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները սկսեցին աստիճանաբար վերածվել ազատ շուկայով ժողովրդավարական երկրների, մոտ մեկ միլիարդ մարդ կարողացավ դուրս գալ աղքատությունից, իսկ ավերիչ հակամարտությունները կարգավորվեցին ամերիկյան ուժի ու բազմակողմ դիվանագիտության շնորհիվ:
Գործնականում այդ բոլոր ձեռքբերումները մասնակիորեն կախված են ամերիկյան հզորությունից և այն փաստի համընդհանուր ընդունումից, որ այն արդյունավետ է: Այսօր կարելի է փաստել, որ 2008 թվականի երկու իրադարձությունները` Վրաստանի վրա Ռուսաստանի իրականացրած հարձակման անպատիժ մնալն ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, վերջ դրեցին Բեռլինյան պատի անկումից հետո ստեղծված աշխարհակարգին:
Ճգնաժամից մյուսներից ավելի շատ տուժեց Ամերիկան: Կորցնելով ուժի ու հեղինակության զգալի մասը` համաշխարհային «հեգեմոնը» ցանկացավ դուրս գալ ռինգից: Աղետն այն է, որ այժմ աշխարհում չկան ուժեր, որոնք հանդես կգան միջնորդությամբ ու կարգավորման հարկադրմամբ: Անցած 25 տարվա ընթացքում երկիշխանությունը նախ փոխարինվեց մենիշխանությամբ, ապա և անիշխանությամբ:
Դրա հետևանքով պետական ու ոչ պետական կառույցների «վատ տղաները» այժմ կարողանում են բավարարել իրենց հավակնությունները` առանց հաշվի առնելու Վաշինգտոնին: ԱՄՆ-ի զուսպ արտաքին քաղաքականությունը կարող է ունենալ ավելի շփոթված տեսք, ինչը լավ երևում է Եգիպտոսի օրինակով:
Նախ Ամերիկան աջակցեց իսլամիստներին ու «Արաբական գարնանը», ապա` «Արաբական գարնան» իդեալներին դավաճանած նախագահ Մուրսիին, ապա ոչինչ չձեռնարկեց կանխելու համար հեղաշրջումը, իսկ այժմ սարսափից ձեռքերն է թափահարում:
Անգամ եթե ԱՄՆ-ն ունենար գործողությունների հստակ ծրագիր, նրա հեղինակությունն ու միջամտելու ունակությունն արդեն այն չեն, ինչ նախկինում: Ամերիկյան հզորության գագաթնակետը դարձավ Բաղդադի գրավումը (2003 թվական), սակայն հետագայում ձախողվեց իրաքյան կամպանիան:
Ներկայումս աշխարհն ապրում է այնպիսի ժամանակաշրջան, որը հիշեցնում է 1945-1948 թվականների «ճակատագրական բաժանումը»` Յալթայի կոնֆերանսի ու «Տրումենի հռչակագրի» միջև ընկած ժամանակաշրջանը: Ամերիկյան զորքերը հեռացան Արևմտյան Եվրոպայից` նրա բնակիչներին թողնելով սովի ու ցրտի մեջ, իսկ Ստալինն աստիճանաբար կլանեց Արևելյան Եվրոպան:
Վերջնական արդյունքում ԱՄՆ-ը Եվրոպա վերադարձավ Մարշալի պլանով ու ստեղծեց ՆԱՏՕ, որպեսզի եվրոպական երկրները կարողանան վերականգնվել ու զարգանալ` ամերիկյան ռազմական հզորության պաշտպանության ներքո:
Դա տեղի չունեցավ պատահաբար, դա տեղի ունեցավ նրա շնորհիվ, որ միավորվեցին ամերիկացի ու եվրոպացի քաղաքական գործիչները` կյանքի կոչելու համար արևմտյան աշխարհի իրենց տեսլականը:
Այդպիսի տեսլական անհրաժեշտ է նաև այսօր, ընդ որում` ոչ միայն Վաշինգտոնում, այլև` Բեռլինում, Փարիզում ու Լոնդոնում»: