Ինչո՞ւ Պուտինը չկատարեց Հայաստան այցելելու իր խոստումը
Գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանը սպասում էր ՌԴ նախագահի այցին: Սակայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու փոխարեն Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Պուտինի այցը Ադրբեջան դեռևս պարզաբանման կարիք ունի. «Դեռ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ՌԴ նախագահը որոշեց գնալ Բաքու՝ այդպես էլ չկատարելով Երևան այցի խոստումը»:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Պուտինի այցը Բաքու ցուցադրական բնույթ ուներ, Ս. Սաֆարյանը չհամաձայնեց` կարծելով, որ Պուտինը միայն «ցուցադրություններով» բավարարվել չի կարող: Ըստ նրա, եթե շատերը անառարկայական թվացող այցի իրական շարժառիթները չեն տեսնում, դա դեռ չի նշանակում, որ ՌԴ նախագահի այցը ցուցադրական է: Իսկ այցի իրական շարժառիթները, Սաֆարյանի համոզմամբ, ՌԴ աշխարհաքաղաքական շարժառիթներն են կովկասյան տարածաշրջանում:
«Ռուսաստանը մի քանի շահագրգռություններ ունի մեր տարածաշրջանում: Էներգետիկ առումով կասպիականի գազի մասին է խոսքը, որը ցանկություն ունի գնել ու անձամբ մատակարարել՝ ՌԴ-ն շրջանցող խողովակաշարեր կառուցելու փոխարեն: ՌԴ-ն Հայաստանում ունի ռազմական բազա, իսկ Ադրջեբանում Գաբալայի կայանին է վերաբերում խոսքը: Հիմա թե այլ ինչ քննարկումներ են եղել, որոնք չեն հրապարակվել, առաջիկայում կտեսնենք»,- նշեց նա: Ս. Սաֆարյանի խոսքով` այցից կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն փորձում է Հայաստանին հասկացնել, թե Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության հաստատման փորձ է արվում: «Ես չեմ կարծում, որ այցը ցույց էր տալիս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը: Պարզապես Հայաստանն այնքան է ստորացված, կախյալ վիճակում ՌԴ-ից, որ Ռուսաստանն ինքն էլ սովորել է, որ մեր վիճակն այդպիսին պետք է լինի, ոչ թե հավասարը հավասարի վրա կամ սերտ դաշնակիցների պես»: Սա է պատճառը, որ ՌԴ-ն, ըստ Ս. Սաֆարյանի, «խանդոտ է» վերաբերում է ՀՀ անկախ քայլերին, եթե «այդպիսիք լինում են»:
Մեր հարցին, թե «խանդի» պատճառը ասոցացման համաձայնագի՞րն է, Ս. Սաֆարյանը դրական պատասխան տվեց. «ՌԴ վերաբերմունքը չափազանց հստակ է ԵՄ Արևելյան գործընկերության նկատմամբ: Ռուսաստանը իր ազդեցությունն է ուզում մեծացնել իր շահերի գոտիներում և դրա համար հիացած չէ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի մերձեցմամբ»: