Արդեն երկու ամիս է՝ երթուղային տաքսի չի գործում նաև Երվանդաշատ համայնքում
Մոտ երկու շաբաթ առաջ 168.am-ն անդրադարձել էր Բագարանից դեպի Արմավիր երթուղային գծին, որն արդեն մի քանի ամիս է՝ չի գործում:
Երեկ մեզ զանգահարեցին սահմանամերձ մեկ այլ գյուղի՝ Երվանդաշատի բնակիչներն ու տեղեկացրին, որ ավելի քան 2 ամիս է՝ իրենց գյուղում էլ հասարակական տրանսպորտ չի գործում: «Մենք սահմանամերձ գյուղ ենք, առանց այդ էլ դժվարություններն ավելի շատ են, քան այլ գյուղերում, հիմա էլ մեզ կտրում են արտաքին աշխարհից: Տրանսպորտ չկա: Քաղաք գնալու համար կամ պետք է ժամերով փողոցում կանգնես, որ ծանոթ մեկը գա քեզ տանի, կամ էլ պետք է տաքսի նստես: Տաքսին էլ թանկ է, սպասում են, որ չորս հոգի նստեն, որ տանի, բայց գինն էլ է թանկ՝ անձը՝ 1000 դրամ: Իսկ եթե ուսանող է, նա դեռ պետք է հասնի Երևան, այսինքն, ևս 500 դրամ տա Արմավիրից մինչև Երևան ու էդպես ամեն օր, մենք ի՞նչ ենք աշխատում, որ էդքան տրանսպորտի վարձ տանք»,- մեզ հետ զրույցում բողոքում էր Երվանդաշատի բնակչուհի տիկին Մարգոն, ում երկու զավակները Երևանում են սովորում: Տիկին Մարգոն հավաստիացնում է, որ տրանսպորտի բացակայությունից ամբողջ գյուղն է դժգոհում, մի քանի անգամ դիմել են գյուղապետին, վերջինս էլ ասել է, որ գյուղապետարանն իր բյուջեով չի կարող հարցը լուծել: Երթուղային գիծ սպասարկող կազմակերպությունը հրաժարվում է աշխատել:
168.am-ի հետ զրույցում Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասաց, որ արդեն երկու ամիս է՝ գյուղից դեպի մարզկենտրոն երթուղային տաքսի չի գործում: Գծատերերը հրաժարվում են մասնակցել մրցույթներին՝ ասելով, որ ծախսը շատ է, օգուտը՝ քիչ: «Ես մի քանի անգամ այդ հարցով դիմել եմ մարզպետին, մի քանի օր առաջ էլ զրուցեցի, ասացին՝ մի բան կմտածենք, բայց դեռևս հստակ ոչինչ չկա, թե ի՞նչ պետք է լինի: Այս հարցում պետք է լինի կառավարության հատուկ մոտեցումը, պետք է սահմանամերձ գյուղերում հարկային քաղաքականությունն այլ լինի, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն առանց վնասի աշխատեն: Հակառակ դեպքում մեր գյուղացիները դեռ երկար ժամանակ մայթերին կկանգնեն ծանոթ-բարեկամի մեքենա հանդիպելու հույսով»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ չպետք է սահմանամերձ գյուղն անջատել պետությունից: «Սա նաև ռազմավարական նշանակություն ունի, մարզկենտրոնի կապը սահմանամերձ գյուղերի հետ միշտ պետք է լինի: Հիմա դա չկա մեր ու էլի մի քանի համայնքներում, և դա սխալ է»,-ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ սահմանամերձ Երվանդաշատում այսօր բնակվում է 827 բնակիչ: Երվանդաշատ-Արմավիր երթուղային տաքսու ուղեվարձն արժեր 500 դրամ: Արդեն երկու ամիս է՝ բնակիչները մարզկենտրոն են հասնում տաքսիների օգնությամբ՝ վճարելով մի քանի անգամ շատ գումար: