Արարատի մարզում բացվեցին նոր ամբուլատորիաներ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ։ Առաջին կանգառը Նորաբացում էր, որտեղ նախարարը մասնակցեց համայնքի նորակառույց բժշկական ամբուլատորիայի բացմանը։
Գյուղի 2190 բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր դեռ 1940թ., վթարային վիճակում էր և չուներ կոմունալ տարրական հարմարություններ:
Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդիկ Բարսեղյանի և համայնքի բազմաթիվ բնակիչների ուղեկցությամբ ծանոթացավ նորակառույց ամբուլատորիայի պայմաններին ու բուժծառայությունների կազմակերպման հնարավորություններին։ Նախարարը տեղեկացրեց, որ եկող տարի ամբուլատորիային լրացուցիչ սարքավորումներ կտրամադրվեն սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար։ Նա նաև իր գոհունակությունը հայտնեց շինարարներին` կատարված բարձրորակ աշխատանքների համար։
Այնուհետև նախարար Դումանյանը մասնակցեց Սայաթ-Նովա համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բացմանը։ Սայաթ-Նովա և Նիզամի համայնքների 4 հազար բնակչությանը սպասարկող կենտրոնը նախկինում տեղակայված էր հարևանությամբ գտնվող դպրոցի շենքում և զուրկ էր կենցաղային տարրական հարմարություններից։
Շնորհավորելով մարզի բնակիչներին` Դերենիկ Դումանյանը նշեց, որ հանրապետության նախագահի ծրագրով արդեն ավելի քան 260 գյուղական նման ամբուլատորիա ունենք։ Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագրի հավելյալ ֆինանսավորմամբ այս տարի կառուցվում կամ հիմնանորոգվում է ևս 13 ամբուլատորիա, որից 3-ը Արարատի մարզում (Նոր Խարբերդի հիմնանորոգված կենտրոնի բացումը մի քանի օր առաջ է տեղի ունեցել)։ Ամբուլատորիաներում աշխատող բոլոր բժիշկներն ու բուժքույրերը վերապատրաստվել են ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով։
Ընդամենն ութ ամսում կառուցված Նորաբացի և Սայաթ-Նովայի կենտրոններում առաջնային բժշկական օգնության համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են։ Նրանք հագեցվել են առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով ու պարագաներով:
Նախարարը հույս հայտնեց, որ նման պայմաններում մասնագետները հաճույքով և ավելի մեծ պատասխանատվությամբ կիրականացեն բնակչության առողջության առաջնային պահպանումը։