Բաժիններ՝

Պարոն գյուղնախարա՛ր, տեղյա՞կ եք՝ Եղեգնուտում ջուր չկա, բերքը դաշտում չորացել է

Կիսաանապատային գոտի հանդիսացող Արարատյան դաշտավայրը մշակաբույսերի, գյուղմթերքների հիմնական արտադրողն է ու այդ առումով հանդիսանում է պետության զարկերակը: Նման նշանակություն ունեցող գյուղատնտեսական գոտիներում խնդիրներն ու թերությունները ոչ միայն պետք է լուծվեն , այլև կառավարությունը պետք է քայլեր մշակի` խթանելու և ոգևորելու գյուղացուն: Մինչդեռ  բոլորովին հակառակ պատկերն է:

Եթե գյուղացին հողի հարկը, թանկ սերմացուն ու տեխնիկայի վարձը համարում է վարկով կամ պարտքով լուծելի խնդիր, ապա ջրի սակավությունը դարձել է ոչ թե գլխացավանք, այլ կյանքի հարց: Այս համատեքստում, Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքն էլ բացառություն չէ: Այստեղ ջրի խնդիրը դարձել է օրակարգային, շաբաթներ շարունակ ջուր չունեցող գյուղացիների համար, ջրի գալուստը նման է տոնախմբության, բայց ավաղ, մեկ երկու անգամ ջրի ողորմությամբ գյուղացու խնդիրները չեն լուծվում: Նախկինում վարած, ցանած և կանաչած դաշտերը չորացել են, մթերքը փչացել է ու գյուղացին խրվել է պարտքերի մեջ:

Համաձայն գյուղատնտեսական հաշվարկների, որպեսզի բերքն առատ լինի ու գյուղացին օգուտ ստանա, պետք է ամենաքիչը հարյուր օր ոռոգման ջուր տրամադրել: Նախորդ տարի եղեգնուտցին ընդամենը երեսունհինգ անգամ է ջուր արել ու ամռան շոգին սմբուկը, լոլիկն ու պղպեղը չորացել ու կախվել էին: Այս տարի էլ վիճակը նույնն է:

Գյուղացիները հիշում են երանելի ժամանակները, երբ գյուղում մշակվում էր 30.000 տոննա բոստանային կուլտուրա` հիմնականում սեխ, ձմերուկ և դդում: Ասում են` առաջին կարգի հողը, արևը, ջուրն ու գյուղացու աշխատասիրությունը մեկտեղվում էին ու ստացվում էր նախանձելի արդյունք: Հողի բարձր աստիճանը դեռ պահպանվում է, արևն էլ բարեհաճ է, բայց գյուղացու ոգևորվածությունից գրեթե ոչինչ չի մնացել, ջուր էլ շաբաթներով չեն ունենում:

Կարդացեք նաև

63-ամյա Հապետ Կարապետյանը ողջ կյանքում ձեռքից բահը բաց չի թողել, ասում է` հողի հետ էլ է զրուցել, մշակել ու աշխատանքի արդյունքից միշտ գոհացել է: Ջրամբարից ընդամենը մեկ անգամ է ջուր ստացել, ցանած բերքը չորացել է, հիմա բանկից վերցրած վարկը չի կարողանում փակել:

«Մենք ջրից քաշված ենք, ուրիշ գյուղերում մարդիկ են մարդկանց գցում, մեզ մոտ ջուրն է գցում»,- ասում են գյուղացիներն ու հերթով նշում իրենց հարևան-բարեկամների անունները, ովքեր հող են գնել, բանկից վարկով գումար վերցրել, բայց տարիներ շարունակ ոչ միայն օգուտ չեն ստացել, այլև պարտքը չեն կարողացել մարել:

Վարդանուշ Հակոբյանը գյուղի հարյուրավոր բնակիչներից մեկն է, ով, այսպես ասած, հողի ձեռքը կրակն է ընկել: 2002 թվականին աճուրդային տարբերակով երկու հեկտար հողակտոր է գնել, բայց ջուր չունենալու պատճառով կրել է հսկայական վնասներ: «Ջուր չկար, չջրեցի, ինչ ցանել էի՝ չորացավ: Ընդամենը հարյուր հազար դրամի օգուտ եմ ստացել, դրանից որ հանում ես հողի հարկը, տեխնիկան, վառելիքն ու սերմնացուն, տակը բան չի մնում: Ինձ քյար մնաց իմ շան տանջանքը»,- ասում է նա:

Կարապետ Մանուկյանն էլ է հողը աճուրդով գնել, բայց տարիներ շարունակ հողից օգուտ չի տեսել: «Հա՝ տակ էի տալիս, հա՝ պարտքերս շատանում էին: Էս տարի ոչ մի բան էլ չեմ ցանել, տղես Ռուսաստան է գնացել, ասում ա՝  պապ, համբերեք, տեղս մի քիչ  լավացավ, ձեզ էլ կտանեմ»,-ասում է նա:

Exegnut

Տարիներ շարունակ գյուղին ոռոգման ջրով ապահովել է «Սև ջուր»  ՋՕԸ-ն, սակայն մի քանի տարի անց «Սև ջուրը» անհասկանալիորեն ցամաքեց: Աստիճանաբար ջրի ծորակներից հեռու գտնվող հողերը չմշակվեցին ու գյուղացին մնաց ձեռնունայն:

Այն, ինչ հիմա անցնում է Սև ջրի ջրանցքով՝ Արմավիր և Մեծամոր քաղաքի կոյուղաջրերն է: Դրանք ոռոգման համար պիտանի չեն, թունավորվում է ոչ միայն հողը, այլև գյուղմթերքը:

Գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը հավաստիացնում է, որ չկա որևէ ատյան, որտեղ նա ջրի խնդիրը բարձրացրած չլինի: Շուրջ 30 տարի Եղեգնուտի ղեկավարումը ստանձնած Մարգարյանը գիտի պարզ ճշմարտությունը, եթե գյուղացու ձեռքից վերցնում ես բահը, նրան դարձնում ես բոբիկ, սոված ու առանց աշխատանքի: Մարզպետարանից, ջրային պետական կոմիտեից  ու էի բազմաթիվ այլ գերատեսչություններից լսել են Մարգարյանի առաջարկությունը` իրավական փաստաթղթերը կարգավորել, որպեսզի Եղեգնուտը ջուր ստանա նաև Մերձափնյա  ՋՕԸ-ից: Պարզվել է, որ իրավական առումով խնդիրներ չկան, սակայն  անհրաժեշտ է արդեն ավերակ դարձած ջրանցքը վերանորոգել:  Եղեգնուտի փրկություն համարվող ջրանցքի կառուցման համար հսկայական գումար է անհրաժեշտ: Անհրաժեշտ նախագծերն արդեն արվել են, մնում է գումար գտնել ու սկսել շինարարությունը: Իսկ թե դա երբ կլինի՝ հայտնի չէ:

ՀՀ կառավարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը տարիներ շարունակ միջոցներ են փոշիացնում անհասկանալի միջոցառումների համար, որոնք, իբրև թե խթանում են գյուղատնտեսության զարգացումը: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը, հույս ունենք, գոնե այս հրապարակման միջոցով կծանոթանա խնդրին և քայլեր կձեռնարկի Եղեգնուտի փրկություն համարվող ջրանցքի կառուցման ուղղությամբ:

168.am-ը փորձեց կապ հաստատել նաև Սև ջուր և Մերձափնյա  ՋՕԸ-երի տնօրենների հետ, ցավոք, նրանք, Եղեգնուտ հասնող ջրի նման շարունակ անհասանելի էին:

Լուսանկարը՝ PanArmenian.net-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս