Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման աշխարհաքաղաքական ու ներքաղաքական ասպեկտները

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի կայքում հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղի համար «երկրորդ» պատերազմը մի՞ֆ է, թե՞ իրականություն» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Գնալով ավելի շատ փորձագետներ են վստահություն հայտնում Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման անխուսափելիության մասին: Հնարավո՞ր է նոր պատերազմ: Փորձենք պատասխանել այդ հարցին:

Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ 1994 թվականին Բիշքեկյան արձանագրության ստորագրումից հետո սկսվեց հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի մշտական համանախագահներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը ու Ֆրանսիան:

Այսօր ԼՂՀ-ը, ով դե-ֆակտո ունի անկախ պետության համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները, շարունակում է մնալ դե-յուրե չճանաչված: Տվյալ փաստը, սակայն, realpolitik-ի հայեցակարգի տեսանկյունից չի խանգարում, որ ԼՂՀ-ն հանդիսանա միջազգային քաղաքական համակարգի մասնիկը.

1. ԼՂՀ-ը սեփական մշտական ներկայացուցչություններն ունի Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Լիբանանում ու Ավստրալիայում: ԼՂՀ-ը փաստացիորեն ինքնուրույն է իրականացնում արտաքին քաղաքական միջավայրում սեփական շահերը պաշտպանելու գործընթացը:

2. ԼՂՀ-ում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Տվյալ համատեքստում ընդգծվում է ԼՂՀ-ում քաղաքական գործընթացի զարգացման մեջ միջազգային հանրության շահագրգռվածության փաստը:

3. Ընթանում է ԼՂՀ-ի անկախության աջակցության կազմակերպությունների ու խորհրդարանական խմբերի ձևավորման գործընթացը: Այսպես, ԼՂՀ-ի հետ բարեկամության պաշտոնական խորհրդարանական խումբ է գործում Լիտվայի սեյմում: ԼՂՀ-ին աջակցող կազմակերպություններ, որոնք միավորում են ազդեցիկ քաղաքական ու հասարակական գործիչների, գործում են ԱՄՆ-ում («Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպություն), Բելգիայում («Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպություն), Ֆրանսիայում («ԼՂՀ-ի բարեկամության շրջանակ» քաղաքական խումբ):

4. ԼՂՀ-ը ներառված է այն երկրների պաշտոնական ցանկում, որոնք ֆինանսական աջակցություն են ստանում ԱՄՆ-ից: Սպիտակ տունը ԼՂՀ-ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում 1997 թվականից, իսկ ընթացիկ տարվա հուլիսի 25-ին Ներկայացուցիչների պալատի ու Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովները հաստատեցին 2014 թվականին երիտասարդ հանրապետությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելը: 1997-2013 թվականներին ԱՄՆ-ը ԼՂՀ-ին հատկացրել է ավելի քան 150 միլիոն դոլարի անհատույց ֆինանսական օգնություն:

Ինչպես տեսնում ենք, ԼՂՀ-ը, իրավական առումով հանդիսանալով չճանաչված պետություն, քաղաքական շատ ավելի լուրջ դիրքեր ունի միջազգային արենայում, քան` «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» այլ երկրներ: Տվյալ համատեքստում Բաքվի հիմնական նպատակը ԼՂՀ-ին շրջափակելու փորձն է, ինչը սահմանափակվում է հանրապետություն այցելած հայտնի անձանց իր «սև ցուցակում» ներառելով (persona non grata): Անգամ ՄԱԿ ԱԽ-ին անդամակցելու ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան բարձրացնել ղարաբաղյան հարցը:

Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը համարվում է անհամաչափ հակամարտություն, որում թվային ու նյութական գերազանցություն ունեցող պետությունը (Ադրբեջան) կործանիչ պարտություն է կրել թվային ու սպառազինության հարցում իրեն բազմակի զիջող պետությանը: Տվյալ համատեքստում Ադրբեջանի ռազմական բյուջեն և նրա թվային գերազանցությունը ջութակի դեր են խաղում «ներքին» հանրության համար:

Հիանալի գիտակցելով սեփական իրական հնարավորությունները և հաշվի առնելով աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան՝ Բաքվին միայն մնում է սպառազինությունների արհեստական մրցավազք ծավալելը, ինչը կանխագուշակում է պատերազմի «միֆական» վերսկսում:

Ավելին, ռազմական փորձագետների մեծ մասի կարծիքով՝ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Մասնավորապես, նման կարծիք է հայտնել ԱՄՆ արտաքին քաղաքական խորհրդի փորձագետ Ուեյն Մերին. «Մարտական պատրաստության տեսանկյունից հայկական ստորաբաժանումները քանիցս գերազանցում են հակառակորդին: Գաղտնիք չէ, որ հայերն ունեն բանակ, իսկ Ադրբեջանը՝ միայն զինված ուժեր»:

Լոնդոնում բազավորված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցում նշված է. «Հայկական բանակը բավական գրագետ է և գիտակցում է այն նպատակները, որոնք դրվել են իր առջև: Թեև Հայաստանի զինված ուժերը գերազանցապես շարունակում են համալրվել ժամկետային զորակոչով, այնուամենայնիվ, աճում է արհեստավարժ սպայակազմի տոկոսը:

Չնայած լուրջ գնումներին՝ ադրբեջանցիները չեն կարող հասնել անհրաժեշտ գերազանցության, ինչը կարող է առաջացնել լուրջ ռիսկեր Լեռնային Ղարաբաղում հնարավոր օպերացիայի դեպքում: Նավթային եկամուտներն Ադրբեջանին հնարավորություն են ընձեռել գնել նոր զինատեսակներ, այդ թվում նաև C-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգեր:

Չնայած դրան՝ դեռ հայտնի չէ, թե Ադրբեջանն այդ գնումների շնորհիվ ինչ է շահում մարտունակության պլանում: Ադրբեջանում զինված ուժերի համալրման հիմքը շարունակում է մնալ զորակոչը, իսկ ընդհանուր պատրաստության մակարդակը բավական ցածր է»:

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն ընդգծում է, որ հայկական բանակը բելառուսական բանակից հետո մարտունակությամբ երկրորդն է հետխորհրդային երկրներում, որը ժամանակակից սպառազինություն է ստանում ՀԱՊԿ-ի գծով, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի բանակը չի ընկնում ՄԱԿ-ի որևէ հաշվետվությունում, ինչի մասին շարունակ ահազանգում է ադրբեջանական կողմը:

Պատերազմի վերսկսման հարցն անհրաժեշտ է դիտարկել երկու ասպեկտով՝ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական:

Աշխարհաքաղաքական ասպեկտ

Աշխարհաքաղաքական ասպեկտն իրենից ներկայացնում է համաշխարհային ու տարածաշրջանային խաղացողների շահերի սինթեզ: Առանցքային ու տարածաշրջանային հիմնական խաղացողները շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության պահպանման մեջ:

Ռուսաստան

Ռուսաստանը, հանդիսանալով Հայաստանի ռազմավարական դաշնակից, Երևանի հետ կապված է ոչ միայն երկկողմ համաձայնագրերով, այլև՝ ՀԱՊԿ ռազմական բլոկի շրջանակներում պարտավորություններով: Բացի այդ, Մոսկվայի համար չափազանց կարևոր է Հայաստանում սեփական ռազմական ներկայությունը պահպանելը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռմանն աջակցելու համար:

Ադրբեջանը, ընտրելով Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու ուղին (Գաբալայից հեռանալը, Ռուսաստանի շրջանցմամբ էներգետիկ նախագծերի ակտիվ զարգացումը), ընդհանրապես իրեն զրկեց Երևանի վրա դիվանագիտական «ճնշում» գործադրելու հարցում Մոսկվայի «պոտենցիալ» չեզոքության ու աջակցության հույսից:

Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը կարծում է, որ Ղարաբաղյան հարցի հավանական լուծմանն ուժային ճանապարհով գնալ կարող է միայն խելագարը. «Բաքվի համար պատերազմը Ղարաբաղում կնշանակի կարճատև հեռանկարում Ադրբեջանի ինքնիշխանության կորուստ:

Լիովին հավանական է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին ուժայինները Բաքվում դիտարկում են Ղարաբաղում ռազմական կամպանիան որպես շեղող ու համախմբող բաղադրատարր: Սակայն Իլհամ Ալիևը խելամիտ է և չի գնա իր երկրի ոչնչացմանը՝ հանուն այսրոպեական տակտիկական օգուտի»:

ԱՄՆ

Իր դիրքորոշումը Վաշինգտոնն արտահայտել է դեռևս 2009 թվականի նոյեմբերին՝ հանձինս պետքարտուղարի առաջին օգնական Թինա Քեյդենաուի, ով հասկացնել տվեց, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողության փորձ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում, ապա ԱՄՆ-ը կճանաչի նրա անկախությունը:

Ամերիկացի հայտնի վերլուծաբան, Foreign Policy պարբերականի սյունակագիր Թոմաս Վոլտի կարծիքով՝ ԱՄՆ-ը չափազանց շահագրգռված չէ պատերազմում. «Այսօր երկիրը գտնվում է տնտեսական բարդ իրադրության մեջ և խրվել է Սիրիայում, իսկ Կովկասում նոր հակամարտությունն ավելի ուժեղ կհարվածի նրա դիրքերին:

ԱՄՆ-ը երկու պատճառով չի կարող մի կողմ քաշված մնալ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելը և Հայկական հզոր լոբբիի առկայությունը՝ էլ չխոսած էներգետիկ նախագծերի մասին, որում ներգրավված են անդրազգային բազում կորպորացիաներ»:

Չպետք է կասկածի տակ առնել այս եզրակացությունը, քանի որ պատերազմը, հաշվի առնելով կողմերի տրամադրության տակ ժամանակակից հարձակողական սպառազինության առկայությունը, չի սահմանափակվի բուն ԼՂՀ-ի տարածքով: Դա նշանակում է, որ հարվածի տակ կհայտնվի ադրբեջանական ողջ նավթային ենթակառուցվածքը, որը կոչնչացվի հաշվված ժամերի ընթացքում: Բաքվում քաջ գիտակցում են դա: Համաշխարհային առաջատար նավթային հսկաները թույլ կտա՞ն նման իրավիճակում սանձազերծել արկածախնդրություն՝ կասպյան քամուն հանձնելով իրենց միլիարդները:

Իրան

Գործերի ներկայիս իրավիճակը ձեռնտու է նաև տարածաշրջանային առաջատար խաղացող Իրանին: Թել Ավիվի կախարդական փայտիկի օգնությամբ Բաքվում հասցրել են վերջնականապես վատթարացնել Թեհրանի հետ հարաբերությունները: Խորհրդանշանական է այն փաստը, որ նախագահ Ալիևը հրաժարվել է ներկա գտնվել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալությանը: Բնականաբար, դա կարող է ունենալ բազում պատճառներ. Թավրիզում հայոց պատմության թանգարանի ապագա կառուցումը, կամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին արված պատվավոր հրավերի փաստը: Ամեն դեպքում քաղաքական խոր ճգնաժամն ակնհայտ է:

Դեռ 2010 թվականին Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սագայանին լրագրողների հետ զրույցում ոչ երկիմաստ ակնարկել է, որ Իրանը ԼՂՀ-ի հետ ընդհանուր սահման ունեցող միակ երկիրն է: Թեհրանը, հանդիսանալով Երևանի ռազմավարական գործընկերը, դե-ֆակտո աջակցում է հայկական կողմին, ինչը Բաքվին դրդել է դաշնակիցներ «որոնելուն»:

Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը նշում է, որ եթե Երևանը զարգացնում է Թեհրանի հետ համագործակցությունը, ապա ինչո՞ւ այդ ճանապարհով չպիտի գնա ԼՂՀ-ը. «Ղարաբաղի հարավում վիթխարի Իրանն է, ով ունի տնտեսական ավելի մեծ պոտենցիալ և անհամեմատ ավելի հզոր է Հայաստանից: Այժմ Իրանին ու ԼՂՀ-ին հնարավորություն է ընձեռվել մերձեցման գործընթաց սկսելու համար: Եթե այն սկսվի, ապա կլինի դանդաղ, սակայն՝ լուրջ»:

Թուրքիա

Տարածաշրջանային մեկ այլ խաղացող է Թուրքիան, ով Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի «խոսքն ու կամքն» է: Արցախյան պատերազմի ժամանակ պաշտոնական Անկարան չի շտապել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Բաքվին: Անկասկած է, որ աջակցություն է ցուցաբերվել մի շարք զինատեսակներով, ռազմական խորհրդատվություններով ու կամավորների խմբերով:

Սակայն պետական մակարդակով Թուրքիան կարողացավ միայն դե-յուրե փակել Հայաստանի հետ սահմանը՝ որպես «համերաշխության ժեստ»: Նոր պատերազմի դեպքում Հայաստանին թուրքական բանակի հարվածելու հիպոթեզը նույնչափ իրատեսական չէ, որչափ ինքը՝ «հնարավոր» պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

ՆԱՏՕ-ի կանոնադրության տեսանկյունից Թուրքիան կարող է պատերազմի մեջ մտնել միայն իր տարածքին «անհամաչափ ռազմական հարված» հասցվելու դեպքում, ինչը տեսականորեն ունակ չէ հասցնել Հայաստանը: Գործնական տեսանկյունից Անկարայի համարի Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը հանդիսանում է ՆԱՏՕ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման մեջ պատնեշների ստեղծման գործիք:

Ներքաղաքական ասպեկտ

Ներքաղաքական ասպեկտը հասկանալու համար անհրաժեշտ է օգտագործել Ռոբերտ Փաթնամի երկմակարդակ մոդելը: Փաթնամի տեսությունը ենթադրում է խաղացողների միջև փոխգործակցության երկու մակարդակ՝ 1-ին Մակարդակ և 2-րդ Մակարդակ: 1-ին Մակարդակը միջազգային մակարդակն է, այս փուլում կողմերի միջև բանակցություններն ավարտվում են նախնական համաձայնագրով:

Այս մակարդակում յուրաքանչյուր կողմի «գլխավոր բանագնացները» (chief negotiators) հանդիսանում են հիմնական գործող անձինք՝ օժտված բանակցություններ վարելու լիազորություններով: Մեր դեպքում բանագնացներն են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

2-րդ Մակարդակում խաղի մեջ են մտնում ներքաղաքական ուժերը: Հենց այստեղ էլ «գլխավոր բանագնացի» կողմնակիցները քննարկման ժամանակ փորձում են մնացյալ ներքաղաքական դերակատարներին համոզել վավերացնել համաձայնագիրը: 1-ին Մակարդակում ընդունված համաձայնագիրը պետք է քվեարկության դրվի 2-րդ Մակարդակում, որի ընթացքում պատգամավորները «կողմ» կամ «դեմ» են քվեարկում դրան:

Հաշվի առնելով տվյալ հանգամանքները՝ Փաթնամը բերում է Win Set (շահեկան որոշումների տիրույթ) հասկացությունը: Win Set կոնցեպտի տակ հասկացվում են 1-ին Մակարդակում ամեն հնարավոր բազմաթիվ համաձայնագրեր, որոնք «շահեկան» կլինեին 2-րդ Մակարդակի ներքաղաքական խմբերի համար: Ելնելով դրանից՝ ներքին մակարդակում մենք ստանում ենք հայկական կողմի համար հետևյալ Win Set-ը.

– Ղարաբաղյան հակամարտության հիմնական կարգավորումը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման ճանաչումը
– Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա հայկական կողմի վերահսկման տակ գտնվող Հայաստանի հետ ցամաքային հուսալի կապ
– Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է երաշխավորվի միջազգային հիմքով

Այդպիսով, մենք տեսնում ենք, որ Հայաստանում ճնշման ներքաղաքական հիմնական խմբերը համերաշխ են մի քանի հարցում: Հետևաբար ԼՂՀ-ի ինքնիշխանությունը, Բերձորի (Լաչին) միջանցքի վերահսկողությունը և անվտանգության միջազգային երաշխիքներն այն երեք կետերն են, որոնք բանակցությունների ժամանակ չեն կարող դառնալ սակարկության առարկա, քանի որ Սարգսյանը գիտակցում է, որ այլ տարբերակներ չեն ընդունվի ներքաղաքական դերակատարների կողմից:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին, ապա նրա «շահեկան որոշումների տիրույթը» ներառում է երեք հիմնական կետ.

– Փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ մինչև նրա վերջնական կարգավիճակի հստակեցում
– Բերձորի միջանցքի համատեղ, իրավահավասար օգտագործում
– Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում

Ինչպես տեսնում ենք, ԼՂՀ-ի անկախությունը չի համապատասխանում Իլհամ Ալիևի «շահեկան որոշումների տիրույթին»: Ելնելով դրանից՝ Ալիևը ստիպված սահմանափակվում է Հայաստանին հասցեագրած սպառնալիքներով՝ ներքաղաքական կայունությանն աջակցելու համար:

2012 թվականի առնվազն 9 հրապարակավ ելույթում Ալիևը զգուշացրել է պատերազմի վերսկսման հնարավորության մասին, եթե չհաջողվի առաջընթաց գրանցել բանակցություններում: Ռազմաշունչ հռետորիկայի ուժգնացումը, հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացումը և պաշտպանական բյուջեի մեծացումը հանդիսանում են «սպառնալիքներին» իրական պատրանք հաղորդելու միակ հնարավորությունը»:

Հարությունյան Վան, Գալստյան Արեգ, Մնացականյան Հարութ, «time to analyze» – politics, society, and ideas

Տեսանյութեր

Լրահոս