Բաժիններ՝

Լիլիթ Ավետյան. Ցանկացած կոմպոզիցիայի հիմքում պետք է գրագիտություն և ճաշակ լինի (լուսանկարներ)

Դիզայներ Լիլիթ Ավետյանն արդեն 16 տարի է՝ զբաղվում է գեղեցիկ և ինքնատիպ զարդերի արարմամբ: 168.am-ի հետ զրույցում դիզայները պատմեց, որ ամեն ինչ սկսվեց Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո, որտեղ մասնավոր մի արվեստանոցում Լիլիթն ուսումնասիրել էր վիտրաժային տեխնիկան: Վերադառնալուց հետո Լիլիթը պատրաստել էր կարմիր ու կապույտ ապակուց մի խաչ, որն էլ եղավ նրա պատրաստած առաջին զարդը:

– Լիլիթ, ինչպիսի՞ նյութերի հետ եք սիրում աշխատել: Նկատում եմ, որ գույների ընտրության հետ կապված սահմանափակումներ չկան, բայց ամեն դեպքում կա՞ն գույներ ու նյութեր, որոնցով շատ եք սիրում աշխատել:

– Սիրում եմ աշխատել օբսիդիանով, հայկական լեռնաշխարհի բնական քարերով, կիսաթանկարժեք քարերով, ինչպես նաև ապակիներով: Ինչ վերաբերում է գույներին` աշխատանքներիս մեջ սիրում եմ կապույտ գույնն օգտագործել: Սիրում եմ նաև խայտաբղետ համադրումներ կատարել:

– Հետաքրքիր է՝ հավատո՞ւմ եք քարերի մոգությանը:

– Քարերի մոգությանը չեմ հավատում, բայց հավատում եմ քարերի էներգետիկային: Ինչպես ամեն ինչ՝ բնության մեջ, քարն էլ ունի իր էներգետիկան:

– Ձեր գործերը հետաքրքիր լուծումներ ունեն, կարողանում եք անկենդան իրերը կենդանի ձևով մատուցել, ինչպե՞ս է ստացվում:

– Ցանկացած կոմպոզիցիայի հիմքում պետք է գրագիտություն և ճաշակ լինի: Այդ ժամանակ ցանկացած անկենդան իր կարող է նոր կյանք, նոր լուծում ստանալ:

– Ձեր աշխատանքները դիտելիս` նկատեցի, որ խաչի պատկերով զարդերը գերակշռում եք: Խաչի խորհրդանիշը Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի:

– Խաչն ինձ համար ունի նույն խորհուրդը, ինչ ցանկացած քրիստոնյայի համար` հավատ, մաքրություն և հոգևոր ներդաշնակություն:

– Հետաքրքիր է՝ հայերը շատ են սիրում խաչ կրել…

– Եթե զարդ է, բայց իր հիմքում ունի խաչաձև կոմպոզիցիա, ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե կրողն այն կրում է ուղղակի որպես զարդ: Այդ զարդը նույն հաջողությամբ կարող էր շրջանաձև կոմպոզիցիայով լինել, պետք չէ դրա մեջ անպայման հավերժության խորհուրդը տեսնել:

– 16 տարիների ընթացքում Ձեր աշխատանքներն ինչպիսի՞ փոփոխություններ են կրել:

– Այս տարիների ընթացքում իմ գործում շատ ավելի եմ հմտացել, դրա արդունքում ավելի որակ ու բազմազան մոտեցումներ եմ ձեռք բերել:

– Ձեր պատրաստած զարդերն ինքներդ հաճա՞խ եք կրում:

– Այո, հաճախ եմ կրում: Մի քանի խաչ ունեմ, որոնք շատ եմ սիրում և հաճախ եմ դրանք կրում:

– Կա՞ մի երևույթ կամ անձնավորություն, որը ձեզ ստեղծագործելու ստիմուլ է տալիս: Ինչպե՞ս են ստեղծվում նոր իդեաները:

– Այո, միանշանակ դա բնությունն է: Իդեաները ծագում են այն ժամանակ, երբ նյութը ձեռքս եմ վերցնում, շուռ ու մուռ եմ տալիս, տարբեր կողմերից ուսումնասիրում, իրար կողք կողքի դնում, համադրում…Հենց այդ պահին էլ ծնվում է կոմպոզիցիայի մտահղացումները:

– Եղե՞լ են շրջաններ, երբ չեք կարողացել ստեղծագործել:

– Այո, մեծ և երկարատև պատվերներ կատարելուց հետո մոտ մեկ շաբաթ չեմ աշխատում, սպառված եմ լինում: Պարզապես, երբ աչքդ հանգստանում է, ֆիզիկապես էլ դադարի ընթացքում նոր ուժեր են հավաքվում, աշխատանքային գործընթացը նոր թափ է ստանում…թարմ ես ստեղծագործում:

– Կա՞ն ինչ-որ գաղափարներ, որոնք դեռևս չեք կարողանում իրականացնել:

– Գաղափարները միշտ ընթացքում են ծնվում: Մեկն իրականացնում ես, մյուսն է ծնվում: Դա ստեղծագործողի կյանքում մշտական ու դադար չունեցող ընթացք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս