Կսենիա Դենիսովա. Կարծում եմ` պետք է անել այն, ինչը քո հոգու ներսում է (լուսանկարներ)
168.am-ի զրուցակիցը ռուս նկարչուհի Կսենիա Դենիսովան է:
– Կսենիա, մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին, ե՞րբ եք սկսել նկարել, ի՞նչ էիք նկարում:
– Դե, նկարել սկսել եմ մոտավորապես այն ժամանակ, երբ սկսեցի ոտքերիս վրա կանգնել: Դա շատ վաղուց էր, այդ ժամանակ աբստրակցիա էի նկարում: Հետո` 5 տարեկանում, հայտնվեց «Սիրահարվածները» շարքը:
– Կարո՞ղ եք պատմել Ձեր աշխատանքների ստեղծման գործընթացի մասին: Ինչպե՞ս եք նոր գաղափարները կտավին հանձնում:
– Նոր գաղափարները գալիս են ամենաանսպասելի պահին, այնուհետև ողջ պատկերը գլխումս եմ կառուցում, իսկ վերջում պատկերում եմ թղթի կամ կտավի վրա: Փորձում եմ մտքերս հնարավորինս ճիշտ ցուցադրել: Կարծում եմ` նկարչի արժեքը կայանում է նրանում, որ նա ունի ասելիք, իսկ ինչպե՞ս հանդիսատեսը կընկալի նկարչին, եթե նա խոսել չի կարողանում:
– Ձեզ համար նկարչությունը մասնագիտությո՞ւն է, գումար աշխատելու միջո՞ց, թե՞ ստեղծագործական հաճույք: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
– Նկարն ինձ համար շփվելու յուրահատուկ միջոց է, լեզու: Ինձ ոգեշնչում են մարդիկ, ինչ-որ առօրյա պատմություններ, սյուժեներ, իմ ընտանիքը, ընկերները, ճանապարհորդությունը, գեղեցիկ վայրերը, հետաքրքիր ֆիլմերը և գրքերը, մի խոսքով` այն ամենն, ինչն ինձ շրջապատում է:
– Հետաքրքիր է` ի՞նչ գործելաոճով եք նկարում, ի՞նչ եք սիրում օգտագործել: Նկարի ստեղծման գործընթացի վրա շա՞տ ժամանակ եք ծախսում:
– Ես աշխատում եմ տարբեր գործելաոճերով, բայց կա նաև իմ յուրօրինակ գործելաոճը, որը ես գաղտնի եմ պահում: Սովորաբար երկու օրից ավել չեմ նկարում, որովհետև հավանականությունը մեծ է, որ հետո կմոռանամ, թե ինչ եմ ընդհանրապես նկարել: Այսօր կյանքը շատ արագ է ընթանում, ամեն ինչ փոխվում է և ժամանակակից մարդը ստիպված է շատ բաների մասին մտածել, այլապես վտանգ կա ընկնել էգոիզմի ու հիմարության անհատակ փոսը:
– Ո՞ր նկարիչներն են Ձեզ ամենից շատ դուր գալիս:
– Ես իտալացիներին ու իսպանացիներին շատ եմ սիրում: Երևի, Գոյան իմ ամենասիրելի նկարիչն է, կարծում եմ` յուրաքանչյուր ոք նրա աշխատանքներում կարող է իր համար ինչ-որ բան գտնել ու շատ բան սովորել: Սիրում եմ նաև Պիկասոյին, Բրեյգելին, Ջորջոնեին…
– Նկատելի է, որ սիրում եք օգտագործել ինչպես վառ, այնպես էլ միատոն գույներ: Գաղափարնե՞րն են թելադրում գույների ընտրությունը:
– Երկար ժամանակ սև և սպիտակ գույներից բացի, ուրիշ գույներ չէի օգտագործում, բայց հետո սկսեցի մեծ գունապնակով նկարել: Գույնի ընտրությունը պայմանավորված է այն առաջադրանքով, որն իմ առջև դնում եմ:
– Ցուցահանդեսներ հաճա՞խ եք կազմակերպում:
– Մոսկվայում ցուցահանդես հաճախ չեմ կազմակերպում, հիմնականում Եվրոպայում եմ աշխատանքներս ցուցադրում, բայց, գուցե, եկել է սա ուղղելու ժամանակը:
– Հայաստանում շատ արվեստագետներ բարձրաձայնում են սեփական երկրում գնահատված չլինելու խնդիրը: Ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստանում, Դուք ի՞նչ խնդիրների եք բախվում:
– Շատ նկարիչներ են դժվարությունների բախվում, բայց հիմա բողոքելու ժամանակը չէ: Նկարիչները շատ հնարավորություններ ունեն, իսկ հայտնի դառնալը տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամանակներում է գալիս: Ես կարծում եմ` պետք է անել այն, ինչը քո հոգու ներսում է: