Ախուրիկից մարդիկ ընտանիքներով արտագաղթում են
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից 5 կմ հեռավորության վրա, Ախուրյան գետի աջ ափին: Ունի եկեղեցի, դպրոց, հիվանդանոց: Ախուրիկը կարելի է համարել Շիրակի մարզի ամենաաղքատ գյուղերից մեկը: Շփվելով գյուղի բնակիչներից մի քանիսի հետ և տեսնելով նրանց ապրելակերպը` հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ են ամեն տարի մարդիկ ընտանիքներով թողնում-լքում գյուղը` առանց հետ գալու մտքի:
Գյուղի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում նշեց. «Ի՞նչ կա մեր գյուղում: Ոչինչ, ոչինչ էլ չկա: Ամեն տարի ընտանիքներ է, որ լքում են գյուղը, փրկում են իրենց հարազատներին ու թողնում հեռանում էստեղից: Ամեն ընտանիքից արտագնա աշխատանքների միջոցով ապրուստի փող վաստակող գոնե մի հոգի հաստատ կա: Առանց դրա չի լինի»:
Գյուղի հիմնախնդիրներից է աղբահանության հարցը, մեր հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ աղբը լցվում է հիմնականում Ախուրյան գետի վտակի մեջ, որն անցնում է գյուղի միջով ու հենց այստեղով էլ միանում է Ախուրյանին: Արոտավայրեր գրեթե չկան: Մարդիկ մի կերպ անասնակեր են հայթայթում գյուղամերձ տարածքներից: «Մարդիկ ձեռքով տարբեր տեղերից անասնակերի համար խոտ են քաղում-բերում անասունների համար»,-ասաց բնակիչներից մեկը: Գյուղում գործող մանկապարտեզ չկա, երեխաները մանկապարտեզի հին շենքում են մի կերպ դաս անցկացնում:
«Արտադրամասեր չկան, ոչինչ չկա, մենակ մի հիվանդանոց կա, դա է մեր առավելությունը»,-նշում են բնակիչները:
Ինչպես բոլոր գյուղերում` այստեղ էլ խոսք տվողներ ու իրենց խոսքը չկատարող պաշտոնյաների պակաս չի զգացվում. գյուղը մինչ օրս գազիֆիկացված չէ, բնակիչներին խոստացել են, որ հարցին լուծում կտրվի, սակայն այդ խոստումները մինչ օրս չեն իրագործվել: Մարդկանց մոտ հավատ չկա որևէ խոստումի, խոսքի նկատմամբ:
Խմելու ջուրը ևս խնդիր է գյուղացիների համար: Եղած ջրի մատակարարման դեպքում էլ բաշխումն անհավասարաչափ է լինում: Տներ կան, որ այդպես էլ առանց ջրի են մնում: «Օրը մի քանի ժամ ջուր տալով հարց չես լուծի»,-նշում է բնակիչներից մեկը: Ոռոգման ջրի խնդիրն էլ չի լուծվում. երկու պոմպ կա տեղադրված, որոնք, սակայն, մշտապես անսարք վիճակում են: Բնակիչների խոսքերով` հարկավոր է մի քանի օր նորոգել պոմպերը, որպեսզի մի ջրելուն բավարար լինի:
Գյուղն ունի հակակարկտային կայան: Գյուղում մեծ խնդիր է նաև գյուղատնտեսական մթերքի իրացումը և գյուղամիջյան ճանապարհների նորոգումը:
Գյումրի
Լուսանկարը՝ Hetq.am-ի