Կապանցիները՝ երևանցիների օրինակով. Սյունիքի մարզկենտրոնը ընդվզում է
Երևանում սկսած քաղաքացիական շարժումը ոգևորել է կապանցիներին: Նրանք Ֆեյսբուք սոցիալական ցանցում կոչ են անում ընդվզել և ասել կապանցու խոսքը ոչ թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման, այլ Կապանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տրամադրելու մասին համայնքի ավագանու հունիսի 7-ին կայացրած որոշման դեմ: Նշենք, որ հունիսի 17-ից մարզկենտրոնում մեկնարկած ստորագրահավաքին մասնակցել է 11 հազար բնակիչ և նախաձեռնող խումբը դիմել է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ տեղական հանրաքվե անցակացնելու և հարցին լուծում տալու համար:
Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները նաև զարմացել են, որ առանց հանրային քննարկման ավագանին նման որոշում է կայացրել: Միաժամանակ, ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել մի խումբ բնակիչների հայցադիմումը՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 7-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին: Տեղական «Խուստուփ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանը «Ֆեյսբուքի» գրառման մեջ նշել է, որ նախաձեռնող խումբը հաստատակամ է իր գործողություններում:
«Առանց որևէ ամբիցիաների և փառամոլության, առանց քաղաքականացնելու հարցը՝ շարժվում ենք առաջ: Հիմա հասել ենք երկու հանգրվանի` մի կողմից, դատական կարգով որոշումը վիճարկում ենք դատարանում, մյուս կողմից՝ նախաձեռնվում է հանրաքվե հարցը համայնքի բնակչության կողմից լուծելու պահանջով: Մինչև հարցը հստականալը մայրաքաղաքի երիտասարդության օրինակով, կարծում եմ պետք է մեր բնակիչներին կոչ անենք դադարեցնեն ջրի դիմաց վճարել»,- գրել է նա: