Մուկը` ԱԻՆ-ի լրահոսում
Արտակարգ իրավիճների նախարարության լրահոսում երբեմն տեղ են գտնում լուրեր, որոնք կարող են բարձրացնել մարդու տրամադրությունը։ Օրինակ՝ մեր համաքաղաքացիները ԱԻՆ փրկարարներին դիմում են ոչ միայն լուրջ խնդիրների ժամանակ, այլ, ասենք, երբ կատուն ծառ է բարձրանում և չի կարողանում իջնել։ ԱԻՆ-ի լրահոսում տեղ են գտնում նաև շները, վերջին շրջանում՝ հատկապես օձերը։ Իսկ այսօր լրահոսի հերոս է դարձել նաև մուկը։
Այսպես, հուլիսի 27-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի 43 շենքի թիվ 17 բնակարանում մուկ է նկատվել: Ահազանգը փոխանցվել է Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժին, ինչպես նաև Էկոդեզ ՍՊԸ-ի տնօրենին:
Հաջողվե՞լ է Էկոդեզին բռնել մկանը, թե՞ ոչ՝ այս մասին չի հաղորդվում։ Սակայն դա այդքան էլ էական չէ։ Էականն այն է, որ մեր քաղաքացիներն արդեն սովորական մկան համար զանգահարում են փրկարարներին, որ փրկարարները արձագանքում են, և վերջապես՝ որ այդ ամենը տեղ է գտնում լրահոսում։