«Էքստազի մեջ գտնվող քաղաքական թիմերը միշտ էլ ախմախության հետևորդներ են դառնում». Գալուստ Սահակյան

Իշխող մեծամասնությունը հասարակական տրանսպորտի ուղեվարձի գնի շուջր ստեղծված խնդիրների լուծման մեխանիզմներ է փնտրում: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրեց, թե իրենք հիմա մտածում են` ինչպե՞ս սոցիալական տարբեր շերտերին օգնություն ցուցաբերել, որպեսզի վերջիններս հաղթահարեն 150 դրամ ուղեվարձը: «Մարդը չունի, որ կարողանա 150 դրամ տալ: Դրա համար պետք է սոցիալական ծրագրեր իրականացնենք, որ Երևանն առանց տրանսպորտ չմնա»,- նշեց նա:

Մեր հարցին, թե 150 դրամ ուղեվարձի սահմանումն անխուսափելի՞ է, Գ. Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար: Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, ով կցանկանա 100 դրամով սպասարկել Երևանի տրանսպորտը, մենք համամիտ կլինենք` կողջունենք: Դրա համար անհրաժեշտ է, որ այդ մասին մեզ հայտ ներկայացնեն: Բայց հայտ մեզ որևէ մեկը դեռ չի ներկայացրել»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերում ավագանու «Բարև Երևան» խմբակցության որոշմանը` դատական գործ սկսել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու քաղաքապետարանի դեմ: Ի պատասխան Գալուստ Սահակյանն արձագանքեց այսպես. «Էքստազի մեջ գտնվող քաղաքական թիմերը միշտ էլ ախմախության հետևորդներ են դառնում: Արժեքավորում չունենք մենք սրա նկատմամբ»:

Անդրադառնալով քաղաքապետարանի առջև նստացույց հայտարարած երիտասարդներին, ովքեր պահանջում են Հենրիկ Նավասարդյանի և «Երևան Տրանս» ընկերության տնօրենի հրաժարականները, ՀՀԿ փոխնախագահը հավաստիացրեց, որ քաղաքացիական շարժումներին, նախաձեռնություններին ինքը դրական է մոտենում, բայց նման պահանջները համարում է քաղաքական. «Նստացույց անելը, հրաժարական պահանջելը արդեն քաղաքական պահանջներ են: Նորից քաղաքական գործիչները կարողացան քիթները կոխել մի ճամբար, իրենց համար շահեկան վիճակ ստեղծել: Անհեթեթ է»:

Ըստ նրա` եղելությունը կարելի էր ավելի դրական օգտագործել ու չտանել քաղաքական դաշտն ամայացման ճանապարհով: Մեր ճշտող հարցին, թե երիտասարդների բողոքին, Ձեր կարծիքով, կուսակցությունները միջամտե՞լ են, Գ. Սահակյանը դրական պատասխան տվեց. «Բնականաբար` շարժումը քաղաքացիական է, պահանջները քաղաքական են»: Թեպետ Գ. Սահակյանը հրաժարվեց տալ այդ կուսակցությունների անունները, ովքեր իրենց միջամտությամբ քաղաքականացրել են պայքարը, պատճառաբանելով, թե չի փորձում որևէ մեկին հարվածել կամ ռեյտինգային դարձնել նրանց:

Տեսանյութեր

Լրահոս