Բաժիններ՝

Կճոյանը չընդառաջեց հավատացյալներին, «Արարատ» միությունն էլ լուծարվեց

ԳԱԼԱն ներկայացրել էր Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» միության անդամների կազմակերպած բողոքի ակցիայի, դրա պատճառներին առնչվող հարցերի վերաբերյալ «Արարատ» միությունից Սուրբ Երրորդություն եկեղեցի տեղափոխված քահանա Տեր Հակոբի հետ հարցազրույցը:

Զրուցել ենք նաեւ «Արարատ» միության լրագրողական խմբի ղեկավար Նաիրա Պողոսյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

-«Արարատ» միության անդամները բողոքի ակցիայի օրը հայտարարեցին, որ եթե Տեր Հակոբը չվերադառնա, ապա միությունը կկազմալուծվի: Փաստորեն Տեր Հակոբը չվերադարձավ: Այժմ միության անդամները շարունակո՞ւմ են մնալ նույն կարծիքին:

– Փաստացի միությունը այս պահին չի գործում, ինքնըստինքյան լուծարվեց: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի, այժմ ամեն ինչ ընդհատվեց:

-«Արարատ» միության անդամների հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ նրանք սադրիչներ են, որ ոչնչից պատմություն են սարքել և եկեղեցու ներսում տեղի ունեցող բնական երևույթներից մեկը, որը Տեր Հակոբի՝ մի եկեղեցուց մյուսը տեղափոխելն է, դարձրել են վիճաբանության առիթ:

-Չնայած մեզ տրված բոլոր տեսակի պիտակավումներին՝ այս պայքարը ոչ թե եկեղեցու դեմ էր, այլ հանուն եկեղեցու, հանուն նրա, որ եկեղեցու այդ միությունը, այն, ինչը ստեղծելու համար հսկայական աշխատանք է տարվել, որը հարյուրավոր մարդկանց է միավորել, շարունակի գոյություն ունենալ: Մենք երկու անգամ խնդրել ենք Սրբազանին, որ ընդառաջի մեզ, և Տեր Հակոբը մնա միությունում: Իսկ այն, ինչ վերաբերվում է նրան, թե բողոքի ակցիան սադրանք է, ապա վստահեցնում եմ, որ նման բան չկա և տվյալ դեպքում միության անդամներն իրենց ավելի արժանապատիվ պահեցին, քան որոշ հոգևորականներ:

-Այսինքն՝ այս ամենը արքեպիսկոպոս Կճոյանին դեմ չէր:

-Դա ընդամենը խնդրանք էր Կճոյանին, որին ինքը չընդառաջեց, փաստորեն նա չընդառաջեց հավատացյալներին, որի արդյունքում առաջացավ տհաճ ու տգեղ մի իրավիճակ: Երբ մենք գնացինք Սրբազանի մոտ, այնպիսի տպավորություն էր, որ նա մեր խնդրանքին ընդառաջեց, մենք ծափողջույններով ընդունեցինք դա, լուսանկարվեցինք, բայց հետո պարզվեց, որ նա ընդամենը մեզ հետ հանդիպմանն է ընդառաջել, ու մենք սխալ տպավորություն ենք ստացել: Չեմ կարծում, որ 11 հոգին սխալ տպավորություն պիտի ստացած լինեին:

-Չնայած Տեր Հակոբը պատրաստակամ է իր ծառայությունը կատարել նաև Սուրբ Երրորդություն եկեղեցում, այնուամենայնիվ ասել է, որ Սրբազանի՝ իրեն տեղափոխելու որոշումն իր համար անակնկալ է եղել: Իսկ Տեր Շահեն հայտարարություն արեց, որ Տեր Հակոբին տեղափոխելու հիմքում կարգապահական խնդիր է եղել:

-Երբ մենք Սրբազանին հարցրեցինք, թե ինչ խնդիր կա, նա մեզ ասաց, որ դրանք ներեկեղեցական խնդիրներ են ու չցանկացավ, որ բացվեին փակագծերը, բայց այնպես ստացվեց, որ փակագծերը բացեցին հենց իրենք: Ի տարբերություն որոշ մարդկանց, ես ինձ իրավունք չեմ վերապահում քննելու և խորանալու եկեղեցական հարցերի մեջ ու կարգապահական խնդիրներից էլ քաջատեղյակ չեմ, բայց եթե անգամ այնպիսի խնդիր կար, չեմ կարծում, որ պիտի հարցին այդպիսի լուծում տրվեր: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պիտի այդ հարցին այնպիսի լուծում տար, որ խնդիրը չդառնար հանրության քննարկման առարկա, և իր կողմից ու անունից հանդես եկող հոգևորականը այդպիսի հայտարարությամբ հանդես գար: Ի վերջո ո՞րն է տարբերությունը հոգևորականի և սովորական մարդու միջև. հոգևորականը պիտի առավել համբերատար ու ըմբռնող լինի, սակայն այս դեպքում նման բան տեղի չունեցավ, և առավել ըմբռնող գտնվեց մյուս կողմը: Տեր Հակոբը երբ հանդիպել էր Կճոյանի հետ, եկավ և մեզ ասաց, որ ինքը կտեղափոխվի, որ կարիք չկա բողոքելու կամ ինչ-որ բաներ ասելու, բայց միության անդամների մոտ մի տեսակ արժանապատվության հարցն էր դրված: Գուցե այս ամենը եղավ որոշ հոգևորականների անձնական հարցերի, սեփական ամբիցիաների պատճառով, բայց հաստատ Տեր Հակոբը չէ, որ ուներ այդ անձնական հարցերն ու ամբիցիաները:

-Հիմա Տեր Հակոբի հետ միության անդամները կապ ունե՞ն:

-Տեր Հակոբը որտեղ էլ լինի, միության անդամները այնտեղ պիտի լինեն, այլ կարծիք լինել չի կարող, և երեխաները չեն ուզում իրենց պայքարը կիսատ թողնել: Ուզում եմ նշել, որ մենք չենք ցանկանում պատճառ դառնալ, որ եկեղեցին վատ համբավ ձեռք բերի, բայց նաև չենք ցանկանում, որ եկեղեցու ներսում այսպիսի քմահաճ վերաբերմունքով կամ ներեկեղեցական ինչ- ինչ խնդիրներից ելնելով քանդվի շատ լավ մի ընտանիք: Չէ՞ որ եկեղեցին ընտանիքը պահելու համար է, այլ ոչ թե քանդելու: Հարցն այնքան տեղափոխությունը չէ, որքան այն, որ ամեն ինչ փաստորեն այսպես քանդեցին: Բայց պետք է նաև հավատացյալին լսել:

-Այնուամենայնիվ, եթե անգամ իսկապես Տեր Հակոբը կարգապահական խնդիրներ է ունեցել եկեղեցու հետ, արդյոք ճի՞շտ է ընտրված այդ խնդիրը լուծելու տարբերակը:

-Իհարկե՝ ոչ, մարդուն այլ վայր տեղափոխելով նրա կարգապահական խնդիրը չի լուծվում: Մենք բոլորս էլ աշխատում ենք որոշակի կոլեկտիվներում, որտեղ կարող են առաջանալ կարգապահական խնդիրներ: Չնայած ես չեմ հավատում, որ կարգապահական խնդիրներ են առաջացել, այնուամենայնիվ չեմ կարծում, որ սա պիտի լիներ հարցի իդեալական լուծման տարբերակը: Բացի այդ, հոգևորականները նախատինքի խոսքեր ասելու համար չեն: Համենայնդեպս եկեք նկատենք, որ Տեր Հակոբի կողմից ոչ մի բացասական կարծիք չի հնչել որևէ մի հոգևորականի հասցեին, իսկ Տեր Հակոբի հասեցին հնչել են տարբեր կարծիքներ:

-Կարծիքներ կան, որ «Արարատ» միության անդամների բողոքի ակցիան հրահրված էր Կաթողիկոսի կողմից, և դա արդյունք էր այն բանի, որ եկեղեցու ներսում գոյություն ունեն կլաններ՝ «կաթողիկոսականներ» ու «կճոյանականներ», որոնք անընդհատ հակամարտությունների մեջ են միմյանց հետ:

– Ոչ մի կլանի խնդիր չկա, ու Կաթողիկոսը ինքը պիտի որոշի՝ տա՞ այս ամենին ինչ-որ գնահատական, թե ոչ:

– Իսկ «Արարատ» միության նորանշանակ հոգևոր առաջնորդ Տեր Դանիելը ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին:

-Ես կարող եմ ասել, թե մենք ինչպես ենք վերաբերվում Տեր Դանիելին: Մենք բազմիցս նշել և հիմա էլ նշում ենք, որ մենք Տեր Դանիելի դեմ ոչինչ չունենք: Տեր Հակոբն էլ նրան մեծագույն պատկառանքով մեզ ներկայացրեց: Տեր Դանիելը գուցե և շատ ավելի լավը լինի: Ուղղակի խնդիրն այն է, որ «Արարատի» բոլոր ձեռքբերումները Տեր Հակոբի շնորհիվ է տեղի ունեցել, ու միության շատ անդամների ներգրավվածությունը խմբում հենց Տեր Հակոբի անձով է պայմանավորված:

-Արարատյան Հայրապետական թեմը ասել է, որ Տեր Հակոբի դիրքն ավելի է բարելավվել և զարմանք է արտահայտել, որ «Արարատ» միության սաները չեն ցանկանում իրենց սիրելի քահանան իր աշխատանքի մեջ աճի:

– Դե դա արդեն հեքիաթ է: Քանդել այն, ինչ լավ է, հանուն ինչ- որ այլ՝ անորոշ բանի, կարծում եմ՝ ճիշտ չէ: Չեմ ուզում համեմատություններ անել, բայց դա նույնն է, որ ինձ հեռացնեն աշխատանքից ու ասեն, որ ինձ նշանակում են հանրապետության լրատվության ընդհանուր գծի ղեկավար:

Հարցազրույցը՝ Արաքս Մամուլյանի

Շարունակությունը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս