Շանսեր կան. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման հասարակական շարժման հաջողությունը թեկուզ ժամանակավոր, թեկուզ, այսպես ասած, «հանգրվանային», բնական հարց է առաջացնում՝ իսկ արդյոք հնարավո՞ր է այդ հաջողությունը զարգացնել այլ ոլորտներում: Մասնավորապես, կարելի՞ է արդյոք նման ճնշմամբ նպաստել քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացմանը, ինչը, համաձայնեք, բազմաթիվ խնդիրների հիմքն է։
Գուցե 5 տարի առաջ ես այդ հարցին բացասական պատասխան տայի, բայց այս մի քանի օրը տեսնելով մեր հրաշալի երիտասարդներին՝ հիմա ավելի լավատեսորեն եմ տրամադրված։
Իհարկե, 100 թե 150 դրամը և արդար ընտրությունները տարբեր «քաշերի» հարցեր են, և նրանք, ովքեր վերջին 18 տարում կեղծել են ընտրությունները և մտադիր են այդպես էլ շարունակել, դիմադրելու են կատաղի ձևով։ Բայց նախ՝ այդ խնդիրը պետք է հետաքրքրի մեր երիտասարդ ակտիվիստներին, ես չգիտեմ՝ նրանք հասկանո՞ւմ են հարցի կարևորությունը, թե՞ ոչ։ Բայց եթե հետաքրքրում է, ապա հայեցակարգը պետք է լինի, հավանաբար, հետևյալը:
Մեզ չի հետաքրքրում, թե ովքեր են ուզում նախագահ դառնալ (ենթադրենք, խոսքը նախագահական ընտրությունների մասին է)՝ կոմունիստնե՞րը, ֆաշիստնե՞րը, լիբերալնե՞րը, թե՞ միասեռականները, մեզ չեն հետաքրքրում նրանց ծրագրերը, մեզ չի հուզում, թե ինչ մեղքեր են այդ հավակնորդները գործել 1, 10, 20 կամ, ասենք, 106 տարի առաջ: Մեզ համար կարևոր չէ՝ նրանք ղեկավարելու փորձ, կամային հատկություններ ունեն, թե չունեն: Մեզ հետաքրքրում է միայն մի բան՝ որ նախագահն ընտրվի ժողովրդի քվեով:
Նման հայեցակարգով երիտասարդները շանսեր ունեն նպաստելու ընտրությունների արդարությանը: Այդ նպատակն իրագործելու ձևերը նրանք կգտնեն՝ վերջին շաբաթը դա հաստատել է: Բայց հենց որ նրանք ասեն՝ չենք ուզում Պողոսին, այլ ուզում ենք Պետրոսին, նրանք մաս կկազմեն կուսակցական-թայֆայական խաղերի՝ դրանց հատուկ պարանոյայով»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: