Ազատամարտիկին սպառնացել ու հայհոյել են. նա վստահ է, որ իրեն սադրում են հանարհավաքից առաջ
Վերջին օրերին ազատամարտիկ Արթուր Բունիաթյանին սպառնում են, խանգարում նրա ընտանիքի անդորրը: Ազատամարտիկը համոզված է, որ դա սադրանք է: Այս մասին հաղորդում է Epress.am-ը:
Վետերանների միության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանի ու նրա ընտանիքի նկատմամբ վերջին օրերին անհայտ անձանց կողմից իրականացվող սադրանքները ուղղորդված են կոնկրետ մարդու կամ կազմակերպության կողմից: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկը՝ հավելելով, որ ինչ-որ մարդիկ նպատակ ունեն իրեն ներքաշելու կեղտոտ խաղի մեջ, իսկ ավելի կոնկրետ՝ «փակելու»:
«Ես սա վերագրում եմ վերջին ամիսներին իմ ծավալած գործունեությանը: Իմ դեմ ուղղված կոնկրետ գործողություն է, ամեն կերպ փորձում են ինձ սադրել և հունից հանել: Կարծում եմ, որ սա կապված է հուլիսի 28-ին Ազատության հրապարակում ազատամարտիկների հրավիրած հանրահավաքի հետ՝ ամեն ինչ անելու են, որ ես տեղում չլինեմ»,- պատմել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ վերջին շրջանում ակտիվ գործունեություն է ծավալել՝ պաշտպանելով ազատամարտիկների և նրանց ընտանիքների իրավունքները: Թեև Բունիաթյանը չի նշել, թե ում է կասկածում, սակայն վստահ է, որ իրեն ցանկանում են հունից հանել և վատ արարքի դրդել:
Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2 օր առաջ, երբ հնչել է իրենց տան դռան զանգը և դուռը բացելուց պարզվել է, որ շքամուտքում ոչ ոք չկա: Սկզբում Բունիաթյանը դա պատահականություն է համարել:
«Երեկ արդեն, երբ տանը հյուրերի ներկայությամբ դուռը զանգ տվեցին, կինս բացեց՝ դռան վրա հին լինոլեում են դրել, որն ընկավ կնոջս գլխին: Հետո նայում ենք՝ իզոլենտ է կախված դռան վերևը ու ճոճվում է, մի խոսքով՝ ծաղրանքների շղթա: Հետո զանգ է եղել, բացել ենք դուռը, ու հին սառնարան ենք տեսել մուտքի մոտ: Դրանից հետո ծռում են մեքենաս, քաշքշում ակումուլյատորը, որը վառվում է: Շենքի բնակիչներից մեկը պատճառաբանել է, թե սիգնալիզացիան միացել է, ու իրենք փորձել են անջատել: Այսինքն՝ հարևանս հարկ չի համարում ինձ զգուշացնել, որ ես անջատեմ, ինքն է փորձում դա անել՝ կոտրելով մեքենայի կապոտը», – պատմել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, թե սադրիչ գործողություններն իրականացնողներն իրենց թաղամասի երիտասարդներից են, նրանցից մեկն էլ իրենց շենքից է:
«Իրենց հետ ընդհանրապես ոչ մի խնդիր չեմ ունեցել, անգամ շփում չեմ ունեցել, ու սա միանգամայն արվում է, որ ես ձեռքերիս ուժ տամ: Բոլորն էլ նկատել են՝ ոնց է նրանցից մեկը հայհոյում ինձ ու կնոջս, անպատիվ խոսքեր ասում, սիգարետը շպրտում է կնոջս վրա: Դա էլ բավական չէ, ասում է՝ «հաջորդ անգամ էս մեքենան մեր հայաթում կանգնած լինի, ոչ թե կապոտը կջարդեմ, այլ գլուխդ կջնջխեմ», – ասել է Բունիաթյանը:
Մանրամասները՝ այստեղ: