«Հիդրոապարատի» թալանի գործը հասավ Եվրոպական դատարան

Խորհրդային տարիների Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկի՝ «Հիդրոապարատ» գործարանի բաժնետերերը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով ՀՀ ոստիկանության և Դատախազության անգործության դեմ, ինչի հետևանքով իրենք զրկվել են բաժնետիրոջ իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Գործարանի նախկին աշխատակիցներ և ներկա բաժնետերեր Նելի Հակոբջանյանը և Շուշան Գրիգորյանը 168.am-ին տեղեկացրին, որ ՀՀ դատական բոլոր ատյանները մերժել են իրենց, և միակ հույսն այժմ ՄԻԵԴ-ն է: Նրանք պատրաստվում են նաև քաղաքացիական հայցեր ներկայացնել:

Շուրջ 30 տարի «Հիդրոապարատում» կադրերի բաժնի վարիչ աշխատած Ն. Հակոբջանյանը պատմեց, որ 1994թ. սեփականաշնորհման ընթացքում, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Ջրվեժի Բագրևանդ էլիտար թաղամասում 15 հեկտար տարածքի վրա տեղակայված ձեռնարկության 20%-ն անհատույց նվիրվել է առնվազն 1 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցներին: 1997թ. հատկացված 29 միլիոն դրամ պարգևավճարով 320 հոգանոց աշխատակազմը ձեռք է բերել բաժնետոմսերի ևս 15%-ը: 65%-ը եղել է պետական բաժնեմաս, որը 1998թ. նոյեմբերին այն ժամանակ սեփականաշնորհման նախարար Պավել Ղալթախչյանի կողմից վաճառվել է մասնավոր «ԱՄՖ» միավորված բանկին, որն էլ պարտավորվել է 1 մլն դոլարի ներդրում կատարել, աշխատավարձը հասցնել 225 դոլարին համարժեք դրամի, իսկ աշխատատեղերը պետք է կրճատվեին մինչև 260: Այս պայմանագրի կնքմանը, մամուլի հրապարակումների համաձայն, մասնակցել է նաև Սերժ Սարգսյանի մտերիմ Բենիկ Հարությունյանը:

1996 թ. մարտից մինչ օրս գործարանի տնօրենն է Մհեր Աշուղյանը, ով ստացել է 360 բաժնետոմս՝ այն դեպքում, երբ 10-12 տարի ստաժ ունեցող աշխատակիցներին տրվել է 170 բաժնետոմս, իսկ Արցախյան ազատամարտի մասնակից-աշխատակիցները դուրս են մնացել սեփականաշնորհման գործընթացից և ոչինչ չեն ստացել: Ն.Հակոբջանյանի և Շ.Գրիգորյանի ներկայացմամբ՝ հետագա տարիներին Մ.Աշուղյանը բազմաթիվ փաստաթղթեր կեղծելու, անօրինական գործարքներ իրականացնելու միջոցով յուրացրել է 2.5 մլրդ արժողությամբ գործարանի ունեցվածքի հիմնական մասը: Մասնավորապես՝ սեփականաշնորհման ցուցակում ներկայացրել է 20 շենք, բայց դրանցից 10-ը պարզապես արտադրամասեր են եղել, սակայն ներկայացրել է պարզապես որպես շենք՝ իրական շինությունները անօրինական ձևով վաճառելու համար, վաճառել է ստորերկրյա 2 բենզալցակայան (ճանապարհի մոտ, ներկայում գործում են), էլեկտրական ենթակայան, ստորերկրյա խորքային պոմպեր, ջրամբար (10 հազար քմ), սարքավորումները, և այլն: Գործարանի ակումբը վաճառել է «Մանագավ» ընկերությանը, ճաշարանն ու ավտոտնակներն Աշուղյանը վաճառել է ինքն իրեն՝ իր հիմնադրած «Մռավ» ընկերությանը: Բաժնետերերի տվյալներով՝ այդ թալանին մասնակցել են նաև «Իրբիս», «Զավարտ», «Ազ-կա», «Ավտո», «Հակ 88» ընկերությունները:

«Արդյունքում՝ ընկերության 15 հա տարածքից պաշտոնական տվյալներով մնացել է 7.5 հա, իսկ մենք՝ որպես բաժնետերեր, ոչ մի լումա չենք ստացել: Իսկ այսօր այդ տարածքում 1 քմ-ն 55 հազար դրամ արժի»,- վրդովված ասաց Ն. Հակոբջանյանը՝ հավելելով, որ գործարանի տարածքին տիրացողների թվում են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի դուստրը, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հայրը:

Կարդացեք նաև

2000թ. Աշուղյանն ընկերությունն ամբողջությամբ, այդ թվում և՝ աշխատակիցների բաժնեմասը, առանց նրանց համաձայնության, գրավ է դրել 2 մլրդ 115 մլն դրամ վարկի դիմաց՝ նոր արտադրատեսակների համար սարքավորումների գնման, շրջանառու միջոցների ձեռքբերման, արտադրական մասնաշենքերի վերանորոգման նպատակով: Մինչդեռ, ըստ Ոստիկանությունում աշխատակիցների տված ցուցմունքների, այդ ժամանակ գրանիտի ու մարմարի մշակման հաստոցներ են բերվել ու ներառվել ընկերության հաշվեկշռում, բայց դրանք տարել են Հրազդան և այնտեղ այժմ էլ աշխատացնում ու անօրինական եկամուտներ են ապահովում: Ըստ փաստաթղթերի՝ հաստոցները տրվել են պահապանության «Սթոուն թեքնոլոջի» ընկերությանը:

1999թ. ցույց է տրվել, թե «ԱՄՖ»-ն 535 մլն դրամի ներդրում է արել, որը, Ն.Հակոբջանյանի խոսքով, իրականում չկա, իսկ 2004 -ին «ԱՄՖ»-ն «Նաիրիտի» հետ կապված պարտքերի դիմաց ընկերության իր բաժնեմասը գրավ է դրել «Հայգազարդում»: 2011-2012 թթ. ՊԵԿ-ը կալանք է դրել «Հայգազարդի» գույքի վրա, որից հետո «Հիդրոապարատի» 65%-ը վաճառվել է նոր գնորդի՝ «Մոլդոդեմոբիլի» ընկերությանը:

Ընդ որում, բաժնետերերի խոսքով, «ԱՄՖ»-ն փորձել է սնանկության տանել ընկերությունը (դատարանը մերժել է), պահանջել է հաստոցները վաճառել և 121 մլն դրամ վճարել իրեն: Բաժնետերերի հետ զրույցում «ԱՄՖ»-ի ներկայացուցիչները ժխտել են, թե 535 մլն դրամ ներդրում է իրականացվել: Կենտրոնական բանկի տվյալներով՝ 470 մլն դրամի ներդրում է արվել, բայց տարեցտարի ընկերության հաշվեկշռին եղած այդ գումարը նվազել է՝ դառնալով 131 մլն դրամ, ապա՝ 121 մլն, իսկ «Մոլդոդեմոբիլին» վաճառքի ժամանակ ընդհանրապես անհետացել է:

Խարդախությունները հայտնաբերելուց հետո՝ 2007թ. աշխատակիցներն ըմբոստացել են, փորձել են ընկերությունը կիսել, բայց Աշուղյանը գործընթացը վիժեցրել է: 2009-2010թթ. բաժնետերերի հրավերով աուդիտ է անցկացվել, բացահայտվել են հատակագծային կեղծիքները, գույքի ոչ լիարժեքությունը, և, ճշգրտումից հետո, ակտիվները 17 միլիոնով ավելացել են: Բաժնետերերը դիմել են Դատախազություն, Ոստիկանություն, ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին, ՄԻՊ և այլուր: Հատուկ գործերի քննչական վարչությունում 2 տարի գործը պահելուց հետո կարճել են: Իսկ վերջերս ԱԺ նիստում, պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցադրմանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հակոբջանյանի բնորոշմամբ, անհեթեթ պատասխան է տվել, թե գործից անտեղյակ է. «Նախարարը, քննիչները տանում են նրան, որ մասնավոր ընկերությունների միջև է կոնֆլիկտ եղել, բայց 65%-ը պետական է եղել»:

«Մոլդոդեմոբիլն» այժմ որոշ բաժնետերերից հատը 1500 դրամով գնել է բաժնետոմսեր և իր 65%-ը հասցրել 84%-ի: «Այսօր 1 բաժնետոմսը 2000 դրամ է գնահատվում, բայց մեզ տվել են 10 հազար դրամ անվանական արժեքով: Գույքի յուրացման հետևանքով բաժնետոմսի արժեքը նվազել է, իսկ ներդրման շնորհիվ որ պետք է թանկանային, իրականում ներդրում չի եղել: Ու, այս ամենի հետ մեկտեղ, տնօրենն անպատժելի է, անձեռնմխելի: Գործարանից միայն պատերն են մնացել, ներսում աղավնիներն են բույն դրել»,- ասաց Ն.Հակոբջանյանը:

Տեսանյութեր

Լրահոս