Ուրեմն տապալվեց
Ամենամեծ ցանկության դեպքում չի կարելի ասել, որ ԱԱԾ Քննչական վարչության տարածած հայտարարությունն անսպասելի էր: Այն, որ դա զուտ քաղաքական հիմք ունեցող քրեական հետապնդում էր` հասկանալի էր բոլորին: Եթե որևէ մեկը համաձայն չէ այս պնդման հետ, ապա ստիպված պիտի հասարակությանը համոզի, որ ԱԱԾ քննիչները, մեղմ ասած, պրոֆեսիոնալներ չեն: Ավելին` նույնը պիտի պնդի ՀՀ գլխավոր դատախազի մասին: Այդ նա էր «ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» միջնորդագրի հեղինակը: Համենայն դեպս, հենց նա այդ վերնագրով տեքստն ընթերցեց ԱԺ ամբիոնից: Ի՜նչ հաճելի ժամանակներ էին: Ի՜նչ ոգևորությամբ էին մեր պատգամավորները քննարկում այդ փաստաթուղթը:
Վերջապես Հայաստանում փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել: Զրնգուն գործ: Կրքերի հանդարտումից հետո էլ բուհական համակարգով անցած ցանկացած մարդ դատախազի միջնորդագիրը կարդալուց գլուխ չէր հանում: (Իրավագիտությունն ընդհանուր առարկաների թվում պարտադիր է բուհական կրթություն ունեցողի համար): Փողերի լվացում վերագրվում էր մի իրավիճակի, ուր ամեն ինչ բաց էր: Պարզ էր փողի տերը: Պարզ էր՝ այդ փողերն ում կողմից և ինչպես են տնօրինվել: Խորհրդային տարիներից ձևավորված ավանդույթի համաձայն՝ բոլոր ուժային կառույցներում քննիչները համարվում են այդ կառույցի ամենաինտելեկտուալ հատվածը:
Դատախազությունը ևս ջանք չէր խնայել սեփական կառույցն ինտելեկտուալ ներկայացնելու համար: Հասարակությանը համարյա համոզել էին: Չնայած այն փաստին, որ նույն հասարակությունը գիտեր, որ խորհրդային (և ետխորհրդային) բուհական համակարգում ամենակոռումպացվածը հենց իրավաբանական ֆակուլտետներն էին (և` են): Ի սկզբանե պարզ էր, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի թե՛ գործադիր տնօրենը, թե՛ գլխավոր հաշվապահը պրոֆեսիոնալներ են: Նրանց ստորագրած փաստաթղթերում քրեորեն դատապարտելի փաստեր գտնելու համար հարկավոր էր մասնագիտական նույն որակն ունենալ: Առնվազն:
Բայց պրոֆեսիոնալ որակներից զատ, այդ մարդիկ նաև հասարակական ճանաչում ունեցող անձինք էին: Անձինք` ովքեր անհրաժեշտ նյութական միջոցներ ունեն մեղադրական եզրակացությունը դատարանում զավեշտի վերածելու ունակ դատապաշտպաններ վարձելու: Թե՛ հայաստանցի, թե՛ արտասահմանցի դատապաշտպաններ: Զուտ այս պատճառով մեր իրավապահները չէին կարող նրանց նկատմամբ կիրառել իրենց սիրելի ու տասնամյակների փորձառություն բռնած մեթոդոլոգիան: Այն մեթոդոլոգիան, որին հասարակությունը «մատները դռան տակ թողնել» ընդհանրական անունն է տվել: Հետևաբար՝ ԱԱԾ Քննչական վարչության տարածած հաղորդագրությունը սպասելի էր: Այն հնդեվրոպական ժողովուրդների հեքիաթների թափառող սյուժե է հիշեցնում: Ըստ այդ սյուժեի՝ մի գյուղացի որոշում է վաճառել իր կթու կովը: Կովը տանում է շուկա, բայց նրան մեկ այլ գյուղացի համոզում է կովը վաճառելու փոխարեն՝ փոխանակել ավանակի հետ: Հետո մյուսը համոզում է էշը փոխանակել ոչխարի հետ: Երրորդը համոզում է ոչխարը փոխանակել աքլորի հետ: Չորրորդին հաջողվում է գյուղացուն համոզել աքլորը փոխանակել ձվի հետ: Վերջում հեքիաթի հերոսը ձուն ասեղի հետ փոխանակելով՝ վերադառնում է տուն: Հնդեվրոպական տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են նկարագրում, թե ինչպես է կովն ի վերջո ասեղի հետ փոխած գյուղացուն դիմավորում կինը: ԱԱԾ Քննչական վարչության հայտարարությունն այս պատմության պես մի բան է:
Այնտեղ ասվում է, որ Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ յուրացնելու և յուրացման արդյունքում ստացված եկամուտներն օրինականացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»:
Մեկ ու կես տարի գործը քննելուց հետո սույն վարչությունը 179-րդ և 190-րդ հոդվածների 3-րդ կետերը փոխանակել է 205-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Հետո մի քիչ էլ է քննել ու 205-րդ հոդվածի 2-րդ մասը փոխանակել է 189-րդ հոդվածի 5-րդ մասի հետ: Փոխանակել-փոխանակել ու գործը կարճել է: Առայժմ պարզ չէ միայն, թե այս փոխանակումներից հետո ԱԱԾ Քննչական վարչությանն ինչպես է դիմավորել ՀՀ գլխավոր դատախազը: Պարզ չէ նաև, թե նրանց միասին ինչպես կդիմավորի ՀՀ նախագահը, երբ արձակուրդից վերադառնա: Ահա այսպիսի թափառող հեքիաթային սյուժե: