
Հանդիպում Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:
Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
Բարձր գնահատելով Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցության ներկայիս մակարդակը` զրուցակիցները նշել են, որ առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ ծրագրեր:
Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության ընթացքից: Երկուստեք կարևորվել է Բրազիլիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի իշխանությունների կողմից տեղի հայ համայնքի նկատմամբ տեղի ցուցաբերվող բարիդրացիական վերաբերմունքի համար:
Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր երկիրը բարեկամ Հայաստանում և պատրաստ է շարունակել աշխատանքը` երկու երկրների միջև առկա ձեռքբերումները պահպանելու և հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: