Տավուշի մարզի Նավուր համայնքը մինչ օրս գազիֆիկացված չէ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղը տարածաշրջանի միակ համայնքն է, որը գազիֆիկացված չէ մինչ օրս: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը գազիֆիկացված չէ դեռևս խորհրդային ժամանակներից:
Արամ Նիգոյանի խոսքով՝ բնակչությունը գազի կարիք այնուամենայնիվ զգում է, ու թեկուզև գազի սակագնի թանկացման պատճառով բնակարանները մարդիկ կշարունակեն փայտով ջեռուցել, սակայն կենցաղային մանր խնդիրները բնակչությունը կլուծի գազ սպառելով. «Փայտն էլ է մեր մոտ թանկ, մեկ խորանարդ մետր փայտը գյուղում արժե 12 հազար դրամ, ինչն էլի թանկ է, բնակիչները կենցաղային խնդիրները լուծելու համար գազի փոքր բալոններ են զապրավկա անում, բերում… էդպես էլի»,- ասաց նա: Նավուր համայնքն ունի փաստացի բնակվող 1150 բնակիչ, գրանցված բնակիչների թիվը 1350 է: Գյուղապետի փոխանցմամբ՝ վերջին տարիներին արտագաղթը գյուղից զգալի մեծացել է, քանի որ գյուղում խնդիրներ շատ կան. «Ամենամեծ խնդիրը գյուղմթերքների իրացման հարցն է: 170 աշակերտ ունեցող դպրոցը գտնվում է վատ վիճակում, համայնքային կենտրոնը կիսատ է կառուցված, բուժկետը վատ վիճակում է»,- ասաց գյուղապետը:
Տավուշի մարզ
Լուսանկարները` հեղինակի