Ուղեվարձը կէժանանա՞ կամ՝ «Տարոն ջան, սիրուն չի-2»

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի ալիքը ոչ միայն չի մարում, այլև նոր թափ է հավաքում: «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային արդեն իսկ միացել են նաև հանրային դեմքեր՝ դերասան Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավորներ: Վերջիններիս աջակցությունը բողոքի ակցիային, անշուշտ, շատ կարևոր է, սակայն ավելի կարևոր է այն, որ դրան միանում են քաղաքացիների նորանոր խմբեր: Իշխանությունը փորձում է իր հերթին՝ պայքարել բողոքի այս ակցիայի դեմ՝ իրեն բնորոշ մեթոդներով՝ հայհոյող պաշտոնյաներով, երթուղայինների գծի տերերի շուրջ պտտվող թաղային նշանակության դեմքերով, նաև Ոստիկանության միջոցով, բնականաբար: Սակայն իշխանության կողմից իրականացվող ցանկացած նման քայլ ավելի է բորբոքում բողոքի ակցիայի մասնակիցներին՝ այն համալրելով նոր քաղաքացիներով: Այսինքն՝ ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքն աստիճանաբար սկսում է ձնագնդի էֆեկտ ստանալ՝ որքան իշխանությունը պայքարում է դրա դեմ, այն ավելի ընդգրկուն է դառնում:

Իհարկե, իշխանությունները կարող են պայքարել այս ակցիայի դեմ, ինչպես ասում են, «մինչև վերջին փամփուշտը»: Սակայն, մի կողմից՝ դա գործնականում բավական բարդ է, քանի որ բողոքի ակցիաները տարերային բնույթ ունեն և տեղի, և մասնակիցների առումով, մյուս կողմից՝ բողոքի այս ակցիան միանգամայն օրենքի շրջանակներում է, դրա մասնակիցները որևէ անօրինական գործողություն չեն անում, և  նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ընդամենը վերածվելու է քաղաքացիների որսի: Իշխանության համար, իհարկե, ներքին որևէ արգելք չկա այդ հարցում՝ անհրաժեշտության դեպքում Ոստիկանությունը կարող է յուրաքանչյուր «Գազելի» հետևից շրջել և բերման ենթարկել բողոքող քաղաքացիներին:

Բայց  դեպի եվրոպական ընտանիք սլացող ՀՀ իշխանությունների այդ քայլը նույն այդ ընտանիքում, մեղմ ասած, սխալ կհասկանան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հետևաբար, իշխանությունը ոչ թե մարդասիրությունից, այլ սեփական շահերից ելնելով՝ պետք է այս խնդրի լուծման ինչ-որ տարբերակ գտնի: Իսկ բողոքող քաղաքացիների պահանջը բավարարելու մի տարբերակ կա՝ ուղեվարձը կրկին դարձնել 100 դրամ: Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների պահվածքն այս օրերին, հազիվ թե քաղաքապետարանն իր ընդունած որոշումը չեղյալ հայտարարի: Շատ ավելի հավանական է, որ իշխանությունը կընտրի «փորձված տարբերակը»: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը կարող է վերադառնալ արձակուրդից, քաղաքապետարանում մի խորհրդակցություն հրավիրել կամ անգամ այցելել որևէ կանգառ ու հենց բողոքող քաղաքացիների ներկայությամբ Տարոն Մարգարյանին ուղղել հայտնի արտահայտությունը՝ «Տարոն ջան, սիրուն չի»: Տարոնը, բնականաբար, իսկույն կարդարանա ու կսլանա քաղաքապետարան՝ ուղեվարձի թանկացման որոշումը պատռելու ու հին սակագինը վերականգնելու համար: Արդյունքում՝ բոլորը մի քիչ էլ կծիծաղեն Տարոն Մարգարյանի վրա, քաղաքացիները կհամարեն, որ իրենց բողոքի ձայնը տեղ հասավ, և ամենակարևորը՝ դրա համար «շնորհակալ կլինեն» Սերժ Սարգսյանին:

Ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում: Ասվածը, բնականաբար, չի նշանակում, թե քաղաքացիների այսօրվա բողոքի ակցիաներն ուղղորդվում են իշխանության կողմից, ինչպես ժամանակին կարծիքներ էին հնչում Մաշտոցի պուրակի համար պայքարի հետ կապված: Ամենևին. Բողոքի այս ակցիաների հետևում ինչ-որ ենթատեքստ տեսնելն անհեթեթություն կլինի: Պարզապես տվյալ դեպքում իշխանությունը՝ զգալով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, կարող է դրա լուծումը ծառայեցնել նաև քարոզչական նպատակներով:

Տեսանյութեր

Լրահոս