Բաժիններ՝

99 տարեկան Աստղիկ տատն իր երեխաների հետ սկայպով է շփվում

«Ամբողջ Եվրոպայում, այո, երեխաներ ունեմ, Ամերիկա ունեմ, Հոլանդիա, Գերմանիա, կուզես՝ սաղի անուններն ասեմ, մեր նախնիների անուններն են»,- ասում է նա: Իր երեխաների հետ նա սկայպով է շփվում:

Ցեղասպանությունից մեկ տարի առաջ ծնված, Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Աստղիկ Ավետիսյանի մասին հոդվածի վերնագիրը գուցե լիներ «99 տարեկան կինը 24 հազար դրամ թոշակ է ստանում», կլիներ ճշգրիտ, բայց չէր լինի ազնիվ: Նկարներից էլ կարելի է նկատնել, որ նյութը տեղ չունի նրա կյանքում: Բողոք, դժգոհություն նույնպես չունի, և բարության շնորհիվ է, որ վայելում է հարևան երեխաների ընկերակցությունը: Չորսամյա Զաբելն ու հինգ տարեկան Հովսեփը սիրում են այցելել Աստղիկ տատիկին, «բուժել» նրա մի քիչ թեք մատը: Անկողնում, ամառները նաև պատշգամբում պառկած փոքրամարմին, հրեշտակային-աննյութեղեն, նրբադեմ կինը վերջին հինգ տարիներին այլևս չի քայլում, տեղաշարժվում է աղջկա և սայլակի օգնությամբ:

Astxik-tat (3)

Astxik-tat (2)

Կարդացեք նաև

Մարգարիտան Աստղիկ Աբրահամյանի ութերորդ երեխան է, մայր ու դուստր ապրում են միասին ու չեն տրտնջում: Կարելի է երկար լսել հարյուրամյա կնոջն ու բարության ու հանդուրժողության դասեր առնել: Մեկ դար ձգված նրա կյանքում շատ դաժան ու հիանալի անցքեր են տեղի ունեցել: Ամեն օր չես հանդիպի հայ կնոջ, ով քեզ հետ շփվելիս շատ բնական ու արագ կարձագանքի. «Այո, լաո»: Կամ շարականներ, ռազմի երգեր կերգի, սուրբգրային հատվածներ կասի: Նաև՝ իր ծննդավայրը, հայրենիքը, ծնողներին ու ազգականներին կոտորած թշնամու մասին համեմատաբար մեղմ խոսքեր կգտնի. «Թուրքերը զոռբա էին, լաո»: «Լաոն» այս նյութում պիտի որ բնական հնչի, և ամենևին նման չլինի այն բառին, որը մեր դրամատուրգներն ու պատմվածքագիրները «բռերով» ու համառորեն օգտագործում են՝ անկենդան կերպարներին «սասունցու համուհոտ» հաղորդելու նպատակով:

«Աբրահամյան Աստղիկ Իսրայելի, ծնվել եմ 1914 թվին, Տիգրանակերտում: Տիգրանակերտ  շատ եկեղեցիներ կային ՝ Յոթնախորան, Սուրբ Կիրակոս: Մինչև հիմա հիշում եմ, թե քանի փողոց էր Տիգրանակերտը: Դպրո՜ց ունեինք, հայկական դպրոց, էսի եկեղեցին էր, էսի՝ մեր դպրոցը: Ես գերազանցիկ սովորող էի, ո՞վ կարար մոտենար իմ գրքերին: Գաղթը հիմիկվա պես հիշում եմ, լաո: Թուրքերը հարձակվան Տիգրանակերտի վրա, էն ժամանակ հեռախոս չկար, «դլիլին» մարդկանց զգուշացրեց տնից դուրս չգան, որ զազաները՝ գլուխները երկար, նեղ աչքերով, չսպանեին, չխեղդեին: Մուսուլմաններից հրաման էր եղել՝ մի հատ կատու չթողնեն: Գցեցին թոնիրները պաժառ տվեցին, վայ, վայ, վայ, ախ, լաո… Տիգրանակերտ հիմա էլ բոլորի արմատները հայ են, բայց ի՞նչ անեն, որ հնարավորություն չունեն: Հիմա հայերն արդեն ուժ չունեն: Մենք մնացինք Տիգրանակերտ, 13 տարեկան ամուսնացա, հայկական եկեղեցով ամուսնացանք: Չէ, չէի ճանաչում Մաքոյի հորը՝ Պետրոսին, էն ժամանակ էդպես բան չկար: Հետո գնացինք Սուրիա, լավ էինք ապրում, մեր ամբարները, արաբական ձիերը: 47 թվին եկանք հայրենիք, բա՜ն չկար, իմ օժիտը կամաց-կամաց, թաքուն ծախում էի»,- վերհիշում է Աստղիկ Աբրահամյանը:

Astxik-tat (1)

Այդ տարիքին երկչոտություն ունի, չի ասում՝ ամուսինս, այլ ասում է՝ աղջկաս հայրը. «Վալլա, դաշտը չեմ աշխատել, Պետրոս՝ Մաքոյի պապան, ասել էր՝ ավել կաշխատեմ, թող Աստղիկ դաշտ չգա: Մեր իմացած երգերը, չէ, չէինք երգում, օ՜, արգելված էր, բոլորը բոլշևիկ էին, Աստված չկա, Աստված չկա… Աստված ձեզ էլ ի՞նչ աներ, բոլորդ քոռցեր էիք»:

Չի դժգոհում, որ երեխաներն օտար երկրում են, ուղղակի իր մասին ասում է՝ «իմ ուզածը՝ մեռնենք մեր պապերի հողում, օտարություն մեզ պետք չի»: Չի պատմում վշտի՝ 88-ի երկրաշարժին զոհ գնացած աղջկա մասին, ուղղակի հարցնում է. «Դու իմ Արաքսուն գիտեի՞ր»: Առողջությունից էլ չի բողոքում, թեև գոտկատեղից ներքև չի զգում, մի աչքը չի տեսնում, մյուսով էլ աղոտ է տեսնում:

«Առողջ եմ, լաո, ուտելս՝ տեղը: Աղջիկս պահում է: Չորս կողմը հարևանները գալիս են, Զաբելիկն ու Հովսեփիկը զբաղեցնում են, խոսում ենք: Գիշերը, չէ, չեմ քնում, ինձ համար հեքիաթ եմ պատմում; Բա՞րձր… Չէ՜, ոչ մեկին չեմ խանգարում, ես հազար տարի էլ զարթուն մնամ գիշերով, սուս ու փուս, լաո, ոչ մեկի մեղքը չեմ գցում իմ վիզը, ես ոնց պիտի շալակեմ էդ բեռը: Փառք Աստված, օրհնյալ լինի Հիսուս Քրիստոսի հարությունը»:

Հ. Գ. Կենսասեր կնոջը չէր կարող չհետաքրքրել, թե ինչո՞ւ են իրեն լուսանկարում: «Մամա, որ գցեն ինտերնետ»,- ասաց խնամակալ դուստրը:

Արարատ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս