Խուճապի մասին. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին: Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ, օրինակ՝ «Սևանը մերն է, Երևանը մերն է» և նման այլ անհեթեթություններ:
Եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց մեջբերում է հարևան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում: Ինձ թվում է՝ ոչ, որովհետև մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը:
Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ: Այդպես է Ալիևը փորձում մեկնաբանել այն «մուննաթները», որոնք Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին:
Մի կողմ թողնենք, որ մենք չպիտի «փնթփնթանք» ոչ մի ազգի և ոչ մի պետության հասցեին. իրենք իրենց շահերն ունեն, մենք՝ մերը: Բայց ռուսների հասցեին կշտամբանքները «խուճապ» անվանելը, ինձ թվում է, նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ:
Յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ունեցող մարդ գիտի, որ ԱՄՆ-ը շատ ավելի ժամանակակից զենք ուներ, քան Վիետնամը, իսկ Խորհրդային Միությունն իր զինատեսակներով գերազանցում է Աֆղանստանին, բայց այդ երկու երկրներում գերտերություններն առանձնապես հաջողությունների չեն հասել: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմներում հաղթում են ոչ թե զենքով, այլ կռվելու մոտիվացիայով: Հարևան երկրի ժողովուրդը մեզ վրա հարձակվելու մոտիվացիա չունի, և եթե այդ երկրի ղեկավարությունը, այնուամենայնիվ, գնա նման խելահեղ քայլի՝ մեղքը նրա վիզը:
Իսկ խուճապն ընդհանրապես լավ բան չէ՝ այն խանգարում է ադեկվատ գնահատել իրավիճակը: Ներքաղաքական կյանքում նույնպես հաճախ ընդդիմադիրները գրում են՝ «ռեժիմը խուճապի մեջ է»: Եվ այդպես 20 տարի: Հասկանում եմ, որ դա միջոց է սեփական թիմին և սեփական ընտրազանգվածին «դուխ տալու»: Բայց չեմ կարծում, որ խուճապը թե նախկինում և թե հիմա բնորոշ է Հայաստանի որևէ իշխանությանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: