Սիգա՞ր, թե՞ ծխախոտ
Որոշ մարդկանց շրջանում կա մի թյուր համոզմունք, որ սիգարն ավելի անվնաս տարբերակ է, քան սովորական ծխախոտը: Իրականում նման համոզմունքը շատ հեռու է ճշմարտությունից: Եթե նույնիսկ ծխողը ծուխը չի ներքաշում, բոլոր տիպի սիգարներն ավելի վտանգավոր են:
Նիկոտինի առկայություն
Ե՛վ ծխախոտը, և՛ սիգարը պարունակում են նիկոտին, որը, ինչպես գիտեք, կախվածություն է առաջացնում: Եթե համեմատենք մեկ ամբողջական սիգարը ցանկացած տիպի ծխախոտի հետ, սիգարի մեջ առկա նիկոտինի քանակը կգերազանցի նույնիսկ ուժեղ տիպի ծխախոտին մի քանի անգամ, իսկ թույլերի դեպքում կարող է հավասարվել նույնիսկ մեկ տուփին: Նույնիսկ, եթե ծխողը ծուխը չի ներքաշում, միանգամից բերանից բաց է թողնում, միևնույն է, վնասակար քանակությամբ նիկոտին է ներծծվում օրգանիզմ բերանի խոռոչի միջոցով:
Բերանի խոռոչի հիվանդություններ
Ծխախոտն ու սիգարը նպաստում են լնդային հիվանդությունների առաջացմանը: Լեզվի վրա կարող են առաջանալ գոյացություններ: Նիկոտինից ատամները դեղնում են, շուտ են թափվում, ատամների վրա քարեր են առաջանում:
Քաղցկեղ
Բոլոր տեսակի ծխախոտների ծուխը հագեցած է 60-ից ավելի քիմիական նյութերով, որոնք կարող են մարդու օրգանիզմում քաղցկեղ առաջացնել (շրթունքների, լեզվի, բերանի, կոկորդի, խոչակի, կերակրափողի, թոքերի քաղցկեղ):
Պասիվ ծխողներ
Մինչ կրակը սիգարին հասցնելը մի պահ մտածեք ձեր սիրելիների մասին:Սիգարը, ավելի երկար ժամանակ վառվելով, ավելի շատ է թունավորում օդը և կարող է դառնալ ինչպես՝ ձեզ շրջապատող մեծահասակների համար քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների պատճառ, այնպես էլ՝ երեխաների համար ասթմատիկ նոպաների և ականջի բորբոքումների պատճառ:
Պասիվ ծխողների վտանգված առողջության մասին էլի կխոսենք: Մինչ այդ կոչ եմ անում բոլոր ծխողներին՝ մտածել եթե ոչ՝ իրենց, ապա՝ գոնե իրենց շրջապատող սիրելիների առողջության մասին:
Առո՛ղջ եղեք:
(Ըստ՝ Richard D. Hurt-ի)
Վարդանուշ Պետրոսյան
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ