Արվեստի մեծ տոն դասականների և ժամանակակիցների հետ (լուսանկարներ)
Հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ քաղաքի լավագույն իրադարձությունը, որը թեև նախատեսված էր իրականացնել սահմանափակ քանակությամբ հրավիրյալների մասնակցությամբ, այդուհանդերձ թանգարանն այցելուների հոսքից «պայթում էր»: Հաճախ հնչող դժգոհությունները, թե՝ հասարակությունը հետաքրքրված չէ արվեստով, գոնե այս մեկ օրինակով կարելի է համարել թյուր կարծիք, քանի որ բազմության ակտիվության պատճառով անգամ հնարավոր չէր էքսպոզիցիան ամբողջությամբ մարսել: Ի դեպ, ցուցահանդեսը նվիրված էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 10-ամյակին, և թանգարանում ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոգործիչներ: «Բարձր արվեստ» կենտրոնի ներկայացուցիչները Հայաստանում առաջին անգամ իրականացրեցին մի ցուցադրություն, որտեղ ընդգրկված էին հայ գեղանկարչության գրեթե բոլոր ժամանակաշրջանները, ուղղությունները և սերունդների հաջորդականությունը: Այս ցուցահանդեսը որոշ իմաստով պատմական ակնարկ է՝ հայ գեղանկարչությանը մասնագիտական վերլուծություն, եզրահանգումներ ու հետևություններ կատարելու համար: Ներկայացված շուրջ 70 աշխատանքների մեջ տեղ էին գտել «Բարձր արվեստ» կենտրոնի արժեքավոր կոլեկցիայից Լևոն Թութունջյանի, Վարդան Մախոխյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Մինաս Ավետիսյանի, Էդգար Շահինի, Ժանսեմի, Գառզուի և այլ հեղինակների ստեղծագործություններ, որոնք արտառոց բովանդակություն էին ստացել աբստրակտ, մոդեռն կտավների, video-art-ի, օբյեկտ-քանդակի, ինստալյացիաների հետ միևնույն սրահում ցուցադրվելու արդյունքում: «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսի ընթացքում տեղի ունեցավ «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից ստեղծված «www.hi-artonline.com» նախագծի շնորհանդեսը, որն այսուհետ ոչ միայն կանոնակարգելու է արվեստի ոլորտը, այլև՝ հայ հեղինակներին ներկայացնելու է համաշխարհային հարթակներում: Ինտերնետային Online աճուրդից բացի, կիրականացվեն նաև դասական աճուրդներ, և նախագծի շնորհիվ մեր արվեստագետները հնարավորություն կունենան մասնակցելու համաշխարհային ճանաչում ունեցող փառատոներին, խոշոր աուկցիոններին: Նախագծի հիմնադիր նախագահ Աննա Գրիգորյանը հայ իրականության մեջ կարողացավ փոխել շատ կարևոր մի բան՝ շեշտադրեց արվեստի կարևորությունը հասարակական, իսկ ավելի ճիշտ՝ մարդու կյանքում: Նա կարողացավ կարճ ժամանակահատվածում ստեղծել գաղափար, արվեստագետներին համախմբել իր շուրջը և հասարակության ուշադրությունը սևեռել արժեհամակարգ ձևավորելու վրա: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հուլիսի 16-ը, որի ընթացքում մասնագետների կողմից իրականացվելու են վարպետության դասեր, քննարկումներ և այլ հետաքրքիր բանավեճեր:
Արսինե Խանջյանը չկարողացավ զսպել հուզմունքը
«Բարձր արվեստ» կենտրոնի հիմնադիր նախագահ Արմինե Քոչարյանը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր, դերասանուհի Արսինե Խանջյանին կինոարվեստում մեծ ներդրում կատարելու համար հանձնեց Հենրիկ Իգիթյանի անվան մրցանակը՝ Մինաս Ավետիսյանի «Մերկ կինը» արժեքավոր ստեղծագործությունը: Դերասանուհու համար մրցանակն այնքան անակնկալ էր, որ հուզմունքից արտասվեց և դժվարությամբ կարողացավ արտաբերել երախտագիտության իր խոսքերը: «Ծնվելով Լիբանանում, հայեցի դաստիարակություն ստանալով` պարտավորված էի զգում: Ապրելով Կանադայում` երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել հայկական արվեստում ներդրում ունենալու: Ինձ օգնել է իմ ժողովրդի ուժը: Այս պարգևը մեծ անակնկալ է և էլ ավելի է իմաստավորում իմ կյանքը, քանի որ այն համարում եմ իմ սիրելի ժողովրդից ստացած գնահատական»,- ասաց կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը: «Բարձր արվեստ» կենտրոնի հիմնադիր Ա. Քոչարյանն ընդգծեց, որ Հ. Իգիթյանի անվան նորաստեղծ մրցանակի շնորհումը կդառնա ամենամյա ավանդույթ՝ արվեստի ոլորտում ներդրում կատարած արվեստագետներին պարգևատրելու նպատակով: «www.hi-artonline.com» նախագծի հիմնադիր Ա. Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի մեկնարկով ամեն ինչ անելու են հայ արվեստը, գեղանկարչությունը զարգացնելու համար, ինչպես նաև՝ փորձելու են այն ճանաչելի դարձնել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: «Ցավոք, անցումային փուլում գտնվող երկրում արվեստագետի, գիտնականի գործունեությունն այնքան ակտուալ չի լինում, քանի որ առաջ են գալիս այնպիսի սուր խնդիրներ, ինչպիսիք են կենցաղային առօրյա խնդիրները, որոնք կանգնում են ժողովրդի առջև: Մինչդեռ, երբեք չպետք է մոռանալ, որ արվեստը, մշակույթն է երկիրը դարձնում մնայուն, և պետությունը զարգանում է շնորհիվ արվեստի, մշակույթի: Մենք մշակույթի շնորհիվ հնարավորություն ունենք աշխարհի համար ճանաչելի դառնալ և քաղաքակիրթ փոխհարաբերություններ ստեղծել»,- նշեց Ա. Գրիգորյանը՝ կարևորելով ցուցահանդեսին ներկայացված ոչ միայն ժամանակակից, այլև՝ դասական հեղինակների աշխատանքները, որոնք տեսնելու հնարավորություն մեր քաղաքացիները երբևէ չեն ունեցել: Նա նաև ընդգծեց, որ մեր արվեստագետներին միջազգային շուկայում ներկայացնելը տարիների աշխատանք կպահանջի, սակայն, չնայած դրան՝ «www.hi-artonline.com»-ն արդեն ոլորտում լուրջ աշխատանքներ է սկսել՝ համագործակցելով ժամանակակից արվեստագետների հետ:
Ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ «Ոսկե ծիրանի» շրջանակներում ցուցահանդեսին հրավիրված հյուրերից մեր հարցումները ցույց տվեցին, որ «Արևմուտքից` Արևելք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսն իսկապես մեծ տպավորություն թողեց այցելուների վրա: Այն տոնի զգացողություն պարգևեց թանգարան եկած բոլոր մարդկանց, սակայն միակ խնդիրը տարածքով փոքր թանգարանում տիրող անտանելի շոգն էր: Ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ այս ցուցադրության համար Ժամանակակից արվեստի թանգարանում տեխնիկական բավական մեծ աշխատանք կատարեցին, սկսած՝ էքսպոզիցիոն հատուկ լուսարձակների տեղադրումից, վերջացրած` պահակապարեկային ծառայության շուրջօրյա հերթապահություն ապահովելուց: Թեև նրանք թանգարանում տեղադրել էին օդորակիչներ, այնուամենայնիվ, տարածքում մարդկանց մեծ բազմությունը նույնիսկ դրանից օգտվելու հնարավորություն չտվեց: Մեր տեղեկություններով՝ ի սկզբանե նախատեսված է եղել այս ցուցահանդեսը ներկայացնել Նկարիչների միության սրահում, որը բավականին մեծ, տեխնիկապես հագեցած և ներկայանալի տարածք է: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, սակայն, հրաժարվել է այն տրամադրել՝ պատճառաբանելով, որ իրենց ծրագրով այդ օրերին սրահը զբաղված է մեկ այլ ցուցահանդեսով: Մենք, իհարկե, եղանք նաև Նկարիչների միության ցուցահանդեսին, որը պեյզաժի կոնսերվատիվ, վերնիսաժային մակարդակի, անհասկանալի և պրիմիտիվ ցուցադրություն էր: Կ. Աղամյանը, լինելով այդ կառույցի ղեկավար, գոնե «Ոսկե ծիրանի» հյուրերին մեր երկրի արվեստը ներկայացնելու համար պարտավոր էր սրահը տրամադրել, քանի որ Քոչարի, Մինասի, Սարյանի էքսպոնատները մեծ տարածքում, պատշաճ մակարդակով ցուցադրվելով` ոչ միայն մեր երկրի հեղինակությունը կբարձրացնեին, այլև իր` Կ. Աղամյանի ղեկավարած կառույցի, որտեղ այս օրերին պրիմիտիվ պեյզաժ դիտելու այցելու պետք է «մոմով» գտնել: Բայց, ինչպես միշտ, Կ. Աղամյանն առաջնորդվում է ոչ թե պետության, այլ իր նեղ անձնական շահերով: Առաջիկայում կփորձենք ներկայացնել, թե ի՞նչ սկզբունքներով ու ո՞ւմ է սրահ տրամադրում Կ. Աղամյանը, և ո՞վ է որոշում Նկարիչների միությունում ցուցադրվող գործերի գեղարվեստական արժեքը, քանի որ շենքը վերանորոգվել է, իսկ ցուցահանդեսները վերնիսաժի մակարդակից չեն բարձրանում: Այնուամենայնիվ, հանուն պետության շահի, հանուն մեծ թվով զբոսաշրջիկներին, կինոգործիչներին Հայաստանի արվեստը ներկայացնելու նպատակի՝ Նկարիչների միությունը պարտավոր էր տարածքը տրամադրել` թեկուզ միայն դասականներին պատշաճ ներկայացնելու համար: