Բաժիններ՝

Հայկական «Դեկամերոն»

Հուլիսի 12-ից սկսած, առավոտյան ժամը 10-21-ը, Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում անց է կացվում ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված պահանջով: Նախաձեռնության հեղինակը «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունն է: Ըստ կազմակերպիչների` 2500 ստորագրություն այդ պահանջի տակ արդեն կա:
Այս ձեռնարկի իմաստը թեև, խոշոր առումով, հասկանալի է, սակայն հիշեցնում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ՀՅԴ նախաձեռնությունը: Դաշնակցությունը երկրի նախագահից պահանջում էր պատժել Արձանագրությունների «մեղավորին»` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Կարճ ասած` նրան պաշտոնանկ անել: Թեև այս կուսակցությունում մարդիկ են, ովքեր հրաշալի գիտեին, որ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուն երկրի նախագահն է:
Եթե անգամ տեսականորեն Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատեր Էդվարդ Նալբանդյանին, կամ՝ եթե տեսականորեն Ամենայն Հայոց կաթողիկոսն ականջալուր լինի իր հոտի ձայնին, և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կարգալույծ արվի, դրանից, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխվի ո՛չ հայ-թուրքական հարաբերություններում, ո՛չ մեր հոգևորականների հանդեպ մեր վերաբերմունքի մեջ:
Մեր երկրում կեղծվում են համապետական նշանակության բոլոր ընտրությունները, և Կաթողիկոսը, հոգևորականները դրան չեն արձագանքում: Բոլորիս աչքի առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա է լինում խորհրդարանում` իր հայրապետական օրհնությունը բաշխելով թե՛ «ընտրյալ» ԱԺ պատգամավորներին, թե՛ «ընտրյալ» նախագահին: Սակայն խնդիրն այն է նաև, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունները Հայաստանում ևս չեն անցնում Աստծո պատգամներով: Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գիտեն և մասնավոր զրույցներում ասում են այդ մասին, թե ինչպես Վազգեն Սարգսյանի ահից, նրա սպառնալիքների վախից` շատերն իրենց համար նվաստացուցիչ եղանակով ստիպված են եղել ընտրել Ամենայն Հայոց կաթողիկոս` նախապես ցույց տալով քվեաթերթիկը և նոր միայն այն քվեատուփ գցելով:
Հոգևոր որոշակի կաշկանդվածություն ունեմ` այս թեմայով գրելիս. ի վերջո, Կաթողիկոսն օծյալ մեկն է, առաջնորդն է Հայ Առաքելական եկեղեցու: Եվ շատ եմ ցավում, երբ տարբեր աղանդներ մատնացույց են անում մեր բարձրաստիճան հոգևորականների վարքը` հիմնավորելու, թե ինչու են իրենց շարքերը համալրում ճշմարտություն փնտրող, ամենևին էլ ոչ վատ մարդիկ: Թեև Հայաստանում գործող աղանդների ղեկավարները ևս մեծահարուստ, շքեղ կյանք սիրող «հովիվներ» են:
Պարզապես չափազանց մեծ է ցանկությունը` ունենալ պատկառելի կաթողիկոս, ով կունենա անառարկելի հեղինակություն բոլոր հայերի համար: Երբեք չեմ մոռանա. 2008թ. Դուբայից Երևան վերադառնալիս` օդանավ բարձրացավ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Վե՛րջ, ուրեմն ապահով տեղ կհասնենք»,- լսվեցին մի քանիսի ուրախ ձայները: Ինքնաթիռը լեփ-լեցուն էր, սակայն կաթողիկոսին մոտեցողներ, նրա օրհնությունը ստանալ ցանկացողներ չգտնվեցին: Եղավ մյուս ծայրահեղությունը. հոգևոր առաջնորդի ներկայությունն անգամ չէր զսպում մեր հայրենակիցներին, ովքեր բարձր ու անվայել խոսքուզրույց էին փոխանակում, զուգարանում իբրև թե գաղտնի ծխում, ինչը, գիտեք, խստիվ արգելվում է ինքնաթիռում և կարող է ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ: Եկեղեցու սպասավորների հանդեպ վերաբերմունքը, թերևս, բոլոր դարերում եղել է ոչ միանշանակ: Խորենացու «Ողբում» պատմիչը պարզ ասում է. «Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր»: Սա` Հայաստանում, 5-րդ դարում: Հիշենք Անիի անկումը 11-րդ դարում: Ունեցել ենք դավաճան կաթողիկոս` Պետրոս Ա Գետադարձը (ի դեպ, նրան Գետադարձ են կոչել, քանի որ կաթողիկոսին վերագրվում էր աղոթքով գետերի ընթացքը կանգնեցնելու շնորհ): Կաթողիկոսը Վեստ Սարգիսի հետ բյուզանդացիներին հանձնեց քաղաքի բանալիները:
Սակայն հոգևորականների թեման համամարդկային է.14-րդ դարում գրված Ջիովաննի Բոկաչչոյի «Դեկամերոնում» կրոնավորները, բարձրաստիճան հոգևորականները ևս երևում են` որպես ընչաքաղց, ժլատ, անառակ: Հիշենք Վերածննդի շրջանն ու կաթոլիկ եկեղեցու կողմից վաճառքի հանված ինդուլգենցիաները, որոնցով հավատացյալները կարող էին գնել իրենց մեղքերի թողությունը. վճարել գումար և ինդուլգենցիա ստանալով` հանդերձյալ աշխարհ մտնել մեղքերի մեծ բեռից մասնակի ազատ:
Ոչ միայն գրականության մեջ. 18-րդ դարում Գոյան նկարում է հատուկ շարք` կաթոլիկ եկեղեցու սպասավորների արատների թեմայով: Եվ հրաշքով ազատվում ինկվիզիցիայից: Տակավին վերջերս բացահայտվեցին կաթոլիկ հոգևորականների կողմից մանկապղծության դեպքեր:
Այս ամենի կողքին չենք կարող չհիշել թև՛ մեր հրաշալի կաթողիկոսներին (սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սբ. Ներսես Մեծ, սբ. Սահակ Պարթև, սբ. Ներսես Շնորհալի, սբ. Մովսես Տաթևացի, Վազգեն Առաջին, մյուսներինգ):
Ունենք շատ պատկառելի հոգևորականներ: Ունենք հոգևորականներ, ովքեր Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ էին, ովքեր մեր կյանքի բոլոր իրադարձություններին մեր կողքին են:
Կան մարդկային թուլություններ` սերը իշխանության, «բարձր» հասարակության, շքեղ կյանքի, թանկարժեք ավտոմեքենաների, համեղ սննդի, գեղեցիկ կանանց, մոլախաղերի հանդեպ, որոնք, բարձր գիտակցության և մեծ ցանկության դեպքում, կարող են չափավորվել: Հատկապես` եթե խոսքը հոգևորականի մասին է: Կամ՝ երկրի իշխանությունը ստանձնած մարդկանց:
Իսկ առայժմ մեր երկրում ամեն ինչի հիմքում կեղծիքն է` կեղծ ընտրությունը, արդարության կեղծ պատկերացումները, կեղծ ընդդիմությունը, կեղծ իշխանությունը, կեղծ հայրենասիրությունըգ
Հ.Գ. Ամեն դեպքում, որքան էլ ռոմանտիկ ու ոչ իրատեսական եմ համարում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջը, հասկանում եմ նաև բազմազբաղ զարմուհուս, ով այսօր երեկոյան պատրաստվում է գնալ ու իր ստորագրությունը դնել այդ պահանջի տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս