Վարդան Սեդրակյանի պաշտպանը՝ Պարույր Հայրիկյանին. «Ինձ հետ խոսացողներ ուղարկել պետք չի բակում»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին դատաբժիշկն ու դատաձգաբանը: Նրանց հարցաքննությունից հետո գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը հանդես եկավ մեղադրական եզրակացության ծավալում փոփոխություն կատարելու միջնորդությամբ: Մեղադրող դատախազն ասաց, որ դատաբժիշկ փորձագետի հարցաքննությունից պարզ դարձավ, որ նա շոշափող վերքը չի տեսել, բժշկական փաստաթղթերից է եզրակացրել, որ այս վերքը հրազենային է:

«Դատաձգաբանության փորձագետը տվեց պարզաբանումներ և վերջին հարցերից մեկին պարզաբանեց, որ կարճաթև ներքնաշապիկի վրա հայտնաբերվել է միայն մեկ միջանցիկ վնասվածք, իսկ շոշափող վնասվածքի տեղակայման մասում որևէ հրազենային վնասվածք չի հայտնաբերվել: Խոսքը վերաբերում է ներքնաշապիկին: Չի եղել: Եթե լիներ, իր բառերն էլ կնշվեր: Դատելով այս ամենից՝ հանգում եմ այն եզրակացության, որ շոշափող վերքի հրազենային լինելու հանգամանքը կասկածի տակ է առնվում և ուստի չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ ամբաստնյալի, տվյալ դեպքում՝ Խաչատուր Պողոսյանի: Ուստի  այդ մասով ես միջնորդում եմ մեղադրանքի ծավալում կատարել փոփոխություն»,- ասաց Արամ Ամիրզադյանը: Նա միջնորդեց բոլոր ամբաստանյալների մեղադրանքի ծավալից հանել շոշափող վերքի վերաբերյալ մարմնական վնասվածք հասցնելու մասը:

Տուժող Պարույր Հայրիկյանը միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելով՝ ասաց, որ իր համար ճշմարտությունն է կարևոր. «Նա կրակել է, և շնորհիվ իմ շարժումների՝ այդ հարվածը ոչ թե կրծքավանդակիս է եկել, այլ, հիմա էլ կարող եմ փորձագետին առանձին պայմաններում ցույց տալ, որ դա եղել է երկրորդ կրակոցը՝ ևս մեկ անգամ, սպանելու համար»: Նա նշեց, որ հանցագործությունը փոքրացնելու մեջ իմաստ չի տեսնում:

Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ այնտեղ միջնորդություն չկար: «Մեզ մեղսագրվող արարքը որևէ բանով չի փոխվում: Սա ընդամենը, ես ոնց հասկանում եմ, տոներից առաջ կամ տոներից հետո ռեկլամային խոդ էր: Ի՞նչ է նշանակում՝ վերքի մասով մեղադրանքը փոխենք, բայց Պարույր Հայրիկյանի ուղղությամբ երկու կրակոցը թողնենք: Ի՞նչ փոխվեց: Ոչինչ չփոխվեց, այդտեղ միջնորդություն չկար»,- ասաց Ալ. Սիրունյանը: Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը:

Կարդացեք նաև

Դատարանում Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը ասաց, որ գործի նյութերում չկա հիվանդության պատմությունը:  «Բժշկական մասով մենք ընդհանրապես ապացույց չունենք»,- ասաց նա՝ միջնորդելով գործի նյութերին կցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Պարույր Հայրիկյանի հիվանդության պատմությունը. «Սպիտակի երկրաշարժն ապացուցման կարիք չունեցող հանգամանք է: Կրակելն է՞լ է ապացուցման կարիք չունեցող: Եթե այդպես է, ասե´ք: Էլ ինչի՞ ենք դատավարություն անում»:

Ալ. Սիրունյանի միջնորդության մասին կարծիք հայտնելով՝ մեղադրող Արամ Ամիրզադյանն ասաց. «Սիրունյանը տպավորություն է թողնում, որ նստած է ոչ թե դատական նիստին և հետևում է դատական նիստին, այլ իր համար իր էջն է սարքել ֆեյսբուքյան և այնտեղ իր համար գրություններ է գրում: Այսպես, գրություններ է գրում: Մտքեր է արտահայտում, կարծիքներ է արտահայտում»: Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը պետք է մերժել:

Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց միջնորդությունը՝ որպես անհիմն և չպատճառաբանված միջնորդություն:

Օգտվելով առիթից՝ Ալ. Սիրունյանը կոչ արեց Պարույր Հայրիկյանին՝ բակում իր հետ խոսողների չուղարկել: «Ինձ հետ խոսացողներ ուղարկել պետք չի բակում, որովհետև, եթե մենք այդ կարգով պետք է շփվենք դատավարությունից դուրս, ես այսուհետ խոսացողներ կուղարկեմ»,- ասաց Ալ. Սիրունյանը: Պարույր Հայրիկյանն էլ ի պատասխան՝ նշեց, որ մարդ չի ուղարկել և մարդ ուղարկողներին դատապարտում է:

Նիստի ընթացքում գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը կրկին միջնորդեց փոխել իր խափանման միջոցը՝ նշելով, որ գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Դատավոր Գագիկ Պողոսյանը քննության չառավ միջնորդությունը՝ նշելով, որ նոր հիմնավորում չներկայացվեց ամբաստանյալի կողմից:

Դատաքննությունը համարվեց ավարտված: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Քանի որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը ժամանակ խնդրեց ճառը պատրաստելու համար, դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատկան նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս