Անգլիացի փորձագետը` Սերժ Սարգսյանի քաղաքականության մասին. «Դա շատ հեշտ է ասել, բայց չափազանց դժվար է իրականացնել»

Այս տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա Եվրոպական միության (ԵՄ) Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովը, որտեղ նախատեսվում է ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Ի՞նչ կտա ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը և վիզային ռեժիմի դյուրացումը Հայաստանին, առաջին հերթին՝ տնտեսական և քաղաքական տեսանկյունից:

Լոնդոնի «Չեթհեմ հաուս» («Chatham House») հետազոտական կենտրոնի (Արտաքին գործերի թագավորական ինստիտուտ) Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և գիտաշխատող Ջեյմս Նիքսին168.am-ի հետ զրույցում խոսելով այս հարցի շուրջ, նշեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի և Արևելյան գործընկերության մեջ ընդգրկված մյուս հետխորհրդային երկրների համար կարևոր իրադարձություն է:

«Դա կարագացնի ԵՄ-ի հետ առևտրի տեմպերը, բեռնափոխադրումները և, իհարկե, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Ուստի, սա ընդհանրապես շատ լավ բան է»,- նշեց Ջ.Նիքսին:

Սակայն, միաժամանակ, փորձագետը շեշտեց, որ նույն բեռնափոխադրումների ակտիվացումն ու առևտրի զարգացումն անմիջականորեն կապված է երկրի ժողովրդավարության զարգացման աստիճանի հետ, ուստի տնտեսական համագործակցությունը Եվրոպական միության հետ կարող է ընդլայնվել այն ժամանակ, երբ Հայաստանը ցույց տա քաղաքական կամք` քաղաքական դաշտում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Կարդացեք նաև

«Իհարկե, սա անուղղակի հակադրության մեջ է մտնում Եվրասիական մաքսային միության հետ, և իրականում հնարավոր չէ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և միանալ Եվրասիական մաքսային միությանը։ Ուստի սա մի ընտրություն է, որը Հայաստանը վերջիվերջո պետք է կատարի, Ռուսաստանն էլ կշարունակի իր հերթին ճնշումներ գործադրել»,- ասաց Ջեյմս Նիքսին:

Նշենք, որ սրան հակառակ` ԵՄ-ի ընդլայնման և հարևանության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հունիսի 10-ին Երևանում` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, շատերի համար անսպասելիորեն հայտարարեց, որ Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակելու Հայաստանի հնարավորությունները և պոտենցիալը՝ շարունակել իր հարաբերություններն իր ուղղակի և անուղղակի հարևանների, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության հետ:
«Մենք ուզում ենք լինել թափանցիկ և կանխատեսելի և՛ Ձեզ համար, և՛ ռուս գործընկերների: Մենք նրանց շատ հստակ ենք ասել, որ ուրախ ենք աշխատել մի կողմից` Եվրահանձնաժողովի, և մյուս կողմից՝ եվրասիական հանձնաժողովի հետ… Մենք հստակ ասում ենք մեր բոլոր գործընկերներին, որ Ասոցացման համաձայնագիրը և Արևելյան գործընկերությունն առհասարակ որևէ կերպ չեն դնում քաղաքակրթական ընտրության հարց. դա անհեթեթություն է: Մենք երբևէ չենք ասել մեր գործընկերներին` դադարեցրեք այս կամ այն տիպի հաղորդակցությունները, հարաբերությունները կամ համագործակցությունը ռուս գործընկերների հետ, ճիշտ հակառակը: Մենք չենք  ուզում, որ Ասոցացման համաձայնագիրը որևէ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի ավանդական կապերի և համագործակցության վրա, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, թե այլ անմիջական կամ անուղղակի հարևան»,- հայտարարեց Շ. Ֆյուլեն:
Իսկ Ջեյմս Նիքսին իր հերթին՝ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատեց Ուկրաինայի հետ, որը նույնպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամ պետություն է, սակայն, միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությունում (ԵվրԱզԷս) ստացել է դիտորդի կարգավիճակ:
«Ես շատ մեծ ուշադրությամբ եմ հետևում այն զարգացումներին, որոնք կապված են Ուկրաինայի հետ, որովհետև այդ երկիրն ունի պոտենցիալ`ձախողելու Պուտինի եվրասիական նախագիծը»,- ասաց անգլիացի փորձագետը:

Նկատենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային ատյաններից բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե՝ «կամ-կամ»-ի, այսինքն` կա՛մ եվրոպական, կա՛մ եվրասիական ինտեգրացիա, այլ «և-և»-ի սկզբունքի հիման վրա:

«Դա շատ հեշտ է ասել, բայց չափազանց դժվար է իրականացնել, և Ռուսաստանին հարակից բոլոր երկրներն ունեն այս խնդիրը»,- Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական սկզբունքն այսպես մեկնաբանեց Ջեյմս Նիքսին:

Օրինակ` Ղազախստանը, որը և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), և՛ Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ է, ըստ Ջեյմս Նիքսիի, կարողանում է հաջողությամբ համագործակցել և՛ Եվրոպական միության, և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի հետ, սակայն մյուս նախկին խորհրդային պետություններն ավելի պակաս հաջողությամբ են նույնն անում:

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Ջեյմս Նիքսիի կարծիքով, Հայաստանին կհեռացնի Ռուսաստանից, ինչը վերջինս չի հանդուրժի և կշարունակի ճնշումներ գործադրել ինչպես՝ Հայաստանի, այնպես էլ՝ Ուկրաինայի և Վրաստանի վրա:

Իսկ ինչպիսի՞ ճնշումներ կարող է գործադրել Ռուսաստանը Հայաստանի վրա: Այս մասին Ջեյմս Նիքսին նշեց, որ Ռուսաստանի գործիքակազմը շատ մեծ է, և Ռուսաստանը կարող է օգտագործել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական լծակները, որոնք ունի Հայաստանում:

Ըստ փորձագետի` Ռուսաստանը կօգտագործի այդ լծակները` գործի դնելով «փափուկ ուժի» քաղաքականությունը, «ստիպողական դիվանագիտությունը», երկկողմանի պաշտոնական այցերը, ֆինանսական խրախուսումները, կաշառքը և այլն:

«Ռուսաստանն ունի բազում գործիքներ, որոնք կարող է օգտագործել Հայաստանում` իր ուզածին հասնելու համար»,- ասաց «Չեթհեմ հաուսի» փորձագետը:

Իսկ մեր հարցին, թե ո՞րն էր Շտեֆան Ֆյուլեի այցի իրական պատճառը, Ջեյմս Նիքսին պատասխանեց. «Շտեֆան Ֆյուլեի Երևան այցելելու իրական պատճառն այն է, որ նախ` մինչ այդ նա չէր եղել Հայաստանում (թեև հանուն արդարության պետք է նշել, որ Շտեֆան Ֆյուլեն նախկինում այցելել է Հայաստան, մասնավորապես` 2010 և 2011 թվականներին,- Ա.Ս.), և այդ այցը կարևոր էր դիվանագիտական և քաղաքական տեսանկյունից: Այդուհանդերձ, պետք է մի անգամ ևս կրկնեմ. իմ խորին համոզմամբ` Եվրոպական միությունն ամենևին հետաքրքրված չէ այդ տարածաշրջանով: Ընդհանրապես, Արևմուտքը չի մտահոգվում Հարավային Կովկասով, նա հետաքրքրված չէ ֆինանսական առումով, նա հետաքրքրված է միայն հռետորաբանության տեսանկյունից, այլապես իր վրա ավելի մեծ պարտավորություններ կվերցներ: Ուստի ես մեծ նշանակություն և արժեք չէի տա Շտեֆան Ֆյուլեի այցին»:

Տեսանյութեր

Լրահոս