Ստյոպա Սաֆարյանը Բուդապեշտի ԱԳՆ ներկայացուցչից հետաքրքրվել է Սաֆարովի «արտահանձնման» մասին
«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանն իր բլոգում գրել է. «Հանդիպում Հունգարիայի ԱԳՆ-ում, ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի «արտահանձման» խայտառակ գործարքը և անպատասխան մնացած հարցերս»
«Հուլիսի 10-ին տարբեր երկրներից մասնակիցների մեր խմբով այցելեցինք Հունգարիայի ԱԳՆ՝ հանդիպելու բավականին բարձրաստիճան դիվանագետների հետ: Տեղեկատվության համար ասեմ, որ դասախոսելու հրավիրված բանախոսները մեր խմբին առավել խոր և համակարգված տեղեկատվություն էին տալիս, թե ինչպե՞ս են աշխատում ԵՄ հաստատությունները եւ ի՞նչ ներքին խնդիրներ ու միտումներ կան եվրոպական ընտանիքում:
Եվ, բնականաբար, քանի որ կուրսի կազմակերպիչը հունգարական ինստիտուտ էր, հենց այդ երկրից էինք առաջին հերթին լսում ԵՄ ներքին խնդիրների, ԵՄ ինստիտուտներ-անդամ պետություն հարաբերությունների ու ամեն ինչի մասին: Բնականաբար, ինքս շատ էի սպասում հատկապես այս մի հանդիպմանը ԱԳՆ-ում՝ օգտագործելու առիթն ու հարցեր ուղղելու անցած տարի օգոստոսին Հունգարիայի կառավարության կողմից ադրբեջանցի ոճրագործի արտահանձնման խայտառակ պատմության վերաբերյալ:
Նախորդ օրը դա փորձեցի անել Հունգարիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ: Բայց, ինչպես նկատեցի, հանդիպման եկած բանախոսները որքան էլ հետարքիր եւ բանիմաց փորձագետներ են իրենց ոլորտում, ամենեւին կոմպետենտ չեն բացատրություններ տալու ու լուծումներ առաջարկելու համար: Ուստի սպասում էի ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպմանը:
Հունգարիայի ԱԳՆ-ում մեզ երկու բարձրաստիճան դիվանագետ ընդունեցին (ցավոք, չունեմ իրենց թույլտվությունը նրանց անունները հնչեցնելու համար, ինչի պատճառով էլ չեմ բացահայտում նրանց ինքնությունը): Առաջին բանախոսի 1 ժամանոց երկար ներածական խոսքից ու ընկերներից մի երկուսի հարցուպատասխանից հետո վերջապես ուղղեցի հարցս. «Ինչպե՞ս է Հունգարիայի կառավարություն պատրաստվում լուծել հայ-հունգարական հարաբերություններում այս ճգնաժամը, որն առաջացել է նրա քայլի արդյունքում և լուծումն էլ նա պետք է տա»:
Պաշտոնյան սփրթնեց (հունգարացի ընկերնեիցս մեկը նախորդ օրը խորհրդարանոմ ասաց, որ այդ դեպքից հետո իրենց դիվանագետները ներքին դիսկոմֆորտ են զգում, երբ իմանում են, որ խմբում հայ կա, առավել քան վատ են զգում այդ հարցը լսելիս), հանկարծ հիշեց, որ ինքը ուշանում է եւ չի կարող պատասխանել, եւ լավ կլինի, որ հարցն ուղղեմ հաջորդ բանախոսին:
Բարեբախտբար հաջորդ պաշտոնյան ավելի համարձակ էր գոնե հարցը լսելու ու դրան պատասխանելու առումով: Նրան հարցն ուղղեցի հետեւյալ կերպ. «Երբ հայկական կողմը մեղադրում է Հունգարիայի կառավարությանը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար, վերջինս պատասխանում է, թե գործել է միջազգային օրենքներին համաձայն և ոչ մի խախտում չի արել: Երբ հայկական կողմն ու միջազգային հանրությունը մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը, վերջինս նույնպես պատասխանում է, թե չի խախտել միջազգային որեւէ օրենքը, ոչ էլ Սահմանադրությունը, որը նախագահին տալիս է ներման իրավունք եւ հենց այդպես էլ վարվել է Ադրբեջանը: Բոլորը, ստացվում է, ճիշտ են վարվել, իսկ մարդասպանը ազատության մեջ է ու հերոսացված: Ես Ադրբեջանից ակնկալիք չունեմ: Ակնկալիք չունեմ նաեւ նրա հասարակությունից, որը մեծարման ու հերոսացման միջոցառումներ կազմակերպեց մարդասպանի համար: Բայց ակնկալիք ունեմ Հունգարիայից, որի հասարակությունը, ի տարբերություն իր կառավարության, այդ խայտառակության համար ներողություն խնդրեց Հայաստանից ու նրա ժողովրդից: Ինչպե՞ս է պատրաստվում Հունգարիայի կառավարությունը լուծել այս խնդիրը եւ վերականգնել նորմալ հաաբերությունները Հայաստանի հետ»:
Հունգարացի դիվանագետը հատկապես նեղվեց, երբ հավասարության նշան դրեցի Ադրբեջանի ու Հունգարիայի միջև. «Ես հասկանում եմ հարցի բարոյական-զգացմունքային կողմը եւ հայերի զգացողությունները այս հարցով: Դուք հավասարության նշան դրեցիք Ադրբեջանի ու Հունգարիայի միջեւ, բայց մենք չենք ասում, թե ամեն ինչ ճիշտ է: Ադրբեջանն է խախտել միջազգային իրավունքը՝ անհապաղ ազատ աձակելով արտահանձնված հանցագործին, ով սահմռկեցուցիչ հանցագործություն կատարեց»: Սրտնեղելուց հետո սկսեց արդարանալ, թե այդ դեպքից հետո «7 տարի շարունակ Ադրբեջանցի ցանկացած պաշտոնյա հունգարացի իր գործընկերոջ հետ հանդիպելիս օրակարգում առաջին հարց դնում էր հենց արտահանձնման խնդիրը: Հունգարիան չէր համաձայնում այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը գրավոր երաշխիք չէր տալիս այն մասին, որ հանցագործն արտահանձնվելուց հետո կշարունակի կրել իր պատիժը: Եվ ահա անցած տարի նա գրավոր ստանձնեց այդ երաշխիքը, սակայն, նաեւ խախտեց այն»:
Հունգարացի դիվանագետի այդ արդարացմանն ի պատասխան էլ հնչեց հաջորդ հարցս. «Եթե գտնում եք, որ Ադրբեջանը խախտել է իր ստանձնած միջազգային պարտավորությունը Հունգարիայի առջեւ, այդ դեպքում գոնե կարող եք ետ պահանջել մարդասպանին, որպեսզի նա իր պատիժը շարունակի կրել Հունգարիայում: Վերջին հաշվով հանցագործությունը կատարվել է Բուդապեշտում, արդարադատություն իրականացրել է Հունգարիայի դատարանը, եւ եթե Ադրբեջանը ունակ չէ կատարել իր միջազգային պարտավարությունը այդ արդարադատության իրականացումը շարունակելու առումով, դուք կարող եք եւ պարտավոր եք ետ պահանջել ոճրագործին: Դա նաեւ կլինի այն քայլը, որը աննկատ չի մնա Երեւանի կողմից: Մինչդեռ Հւնգարիայի կառավաությունն անգամ ներողություն չխնդրեց տեղի ունեցածի համար…»
Այս դիտարկումից հետո դիվանագետը լռեց ու այլեւս չշարունակեց… Նրա լռությունը ինչ-որ տեղ հասկանալի էր, քանի որ դա քաղաքական որոշման առարկա է, իսկ նա իշխող կուսակցության անդամ չէր ու չէր կարող խոսել նման հնարավոր քայլի մասին:
Այդուամենայնիվ, կարծում եմ, հունգարացի դիվանագետն իրենից բարձր ղեկավարությանը կփոխանցի մեր բանավեճը, ու այն, որ հայերի համար անմոռանալի ու աններելի քայլ է կատարվել Հունգարիայի կառավարության կողմից, եւ անգամ միառժամանակ անց, առանց խնդրին լուրջ ուծում տալու հնարավոր չի լինի վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, եւ որ ավելի կարեւոր է՝ վերականգնել հայերի խարխլված հավատը եվրոպական երկրի արդարադատության, Հունգարիայի իշխանությունների հանդեպ:
Այդ զրույցից հետո նաեւ չեմ կարող մոռանալ հունգարացi պաշտոնյայի ասածը այն մասին, որ 7 տարի շարունակ Իլհամ Ալիեւը հանձնարարել է իր դիվանագետներին լուծել այդ խնդիրը ու այն առաջին հարց դարձնել Բուդապեշտ-Բաքու հարաբերություններում: Իսկ դա պատահականությունների շարքից չէ, եւ նշանակում է, որ ակնհայտորեն Ալիեւի ռեժիմն ինչ-ինչ առնչություններ ունեցել է սպանության հետ (սրա մասին անցած տարի գրել եմ «Հետք»-ում տպագրած իմ հետաքննական շարքում) ու նաեւ պարտավորություն՝ տեր կանգնելու ոճրագործին, ինչը նա չի անում հաստատապես այլ հանցագործների պարագայում: Ու նաեւ Ալիեւը չափազանց մեծ գին է վճարել հրոսակի համար:
Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված եղել Բուդապեշտում հայկական պաշտպանական կողմն ու ՀՀ ՊՆ-ը գործի քննության ժամանակ՝ չնկատելով այդ առնչակցությունը, որը անգամ գործով տրված ցուցմունքներից է երեւում, ինչպես որ չեմ հասկանում, թե ինչպես հայկական դիվանագիտությունը չկարողացավ կանխել արտահանձնումը:
Ի դեպ, երեկոյան զբոսանքի ժամանակ հունգարացի ընկերներիցս մեկին, ով առնչություններ ունի իշխող կուսակցության հետ, հարցրեցի. «Անցած աշնանը խոսվում էր այն մասին, թե արտահանձման դիմաց Բաքուն մեծ ներդրումներ է կատարելու Հունգարիայում: Կատարվեցի՞ն ներդրումները»: Ընկերս ժպտաց՝ «Աղմուկն այնքան մեծ էր, որ չարվեցին»:
Իսկ ընդհանրապես, ամեն քնելիս Գուրգեն Մարգարյանին հիշում էի: Մի տեսակ վախ կար բուդապեշտյան գիշերներից, թեպետ խմբում ադրբեջանցի չկար… Ու այդ վախը ցանկացածն է ունենալու, քանի դեռ արադարությունը վերականգնված չէ, իսկ հունգարական կառավարությունն էլ չի վերականգնել իր արդարադատությունը….
11 հուլիսի 2013թ.
Բուդապեշտ