Բաժիններ՝

Ինչպես «Գազպրոմը» հերթական անգամ «ծակեց» ՀՀ իշխանություններին

Մեր ընթերցողներին կխնդրեինք չալարել և սեղմելով այս հղման վրա՝ կարդալ  ««ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ տալիս են ռուսների՞ն» նյութը, որը 168.am-ը հրապարակել էր մոտ 1 տարի առաջ։

Դա այն ժամանակ էր, երբ ողջ մամուլը գրում էր, որ գազն արդեն թանկացել է, իսկ ՀՀ իշխանությունները նախանձելի համառությամբ հերքում էին։ Իսկ երբ գրվում էր, որ ռուսաստանյան կողմը գազի գնի չբարձրացման դիմաց ցանկանում է Հայաստանից ստանալ որևէ բան, առավել հավանական է՝ «Գազպրոմի» 20%-ը, դա արդեն իսկական հիստերիա էր առաջացնում։ Նման ենթադրություն անողներին մեղադրում էին մերկապարանոց հայտարարություններ անելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ։

Սակայն այսօր արդեն գրեթե 100% համոզվածությամբ կարելի է ասել, որ ՀՀ կառավարության՝  «ՀայՌուսգազարդում» ունեցած 20%-ը զիջվում է «Գազպրոմին»։

Նախորդ տարվա վերջին իշխանությունները սկսեցին «ցրողական» պատասխաններ տալ. այսինքն՝ բանակցությություններ են ընթանում, ավարտից հետո մանրամասները պարզ կլինեն։

Գազի գնի պաշտոնական թանկացումից հետո, երբ կառավարությունը հայտարարեց 30% սուբսիդավորման մասին, այս խոսակցությունները թեժացան։ Մանավանդ, երբ վարչապետը հայտարարեց, որ այդ սուբսիդավորումը չի լինելու բյուջետային միջոցների հաշվին։ Բոլորի համար պարզ դարձավ, որ կրկին ինչ-որ բան զիջվելու է։ Պարզ չէր միայն՝ Որոտանի ՀԷ՞Կ-ը, թե՞ «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը։ Հետո Տիգրան Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանից ստացվելիք ինչ-որ գրանտային միջոցների մասին, և այլն։

Սակայն իրավիճակի մեջ հստակություն մտավ մոտ 10 օր առաջ. «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքը փոխացեց, որ «Գազպրոմ» ընկերության կենտրոնական գրասենյակում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են գազային ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հիմնական հարցերը՝ ներառյալ Հայաստանի էներգետիկ նախագծերում «Գազպրոմի» մասնակցությունը: Բանակցությունների ժամանակ դիտարկվել է Հայաստանի Հանրապետության սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցը: Հանդիպման ժամանակ խոսք է գնացել նաև «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը մինչև 100 տոկոսի հասցնելու հնարավորության մասին (ներկայումս այն կազմում է 80 տոկոս):

Արդեն իսկ պարզ էր, որ ինչ-որ բան որոշվել է։ Հայաստանյան պաշտոնյաների հայտարարություններն այլևս ոչ ոք բանի տեղ չէր դնում։

Սակայն «Գազպրոմի» հաղորդագրության մեջ չէր նշվում՝ ի՞նչ պատճառներով է օրակարգում հայտնվել այդ 20%-ի հարցը։

Այդ հարցի պատասխանն էլ տրվել է երեկ։ Կրկին «Գազպրոմի» կողմից։ «Գազպրոմի» մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիանովն «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանն արդեն թանկացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը, և բանակցություններն ընթանում են ներքին գնագոյացման՝ վերջնական սպառողներին մատակարարվող գազի գնի շուրջ։

«Որոշակի պատկերացում կա, թե ինչպես մենք կարող ենք ավելի ցածր գին հաստատել Հայաստանի ներսում։ Մենք կարող ենք մեծացնել բաժնետոմսերի քանակը մեր համատեղ կազմակերպությունում: Դա հնարավորություն կստեղծի գազի գնի իջեցման համար»,- հայտարարել է Կուպրիանովը:

Ուշադրություն դարձրեք՝ խոսքը վերաբերում է ոչ թե Հայաստանին վաճառվող գազի գնին, այլ Հայաստանի ներսում՝ վերջնական սպառողի համար հաստատված գնին։ Իսկ ավելի պարզ ասած՝ սուբսիդավորման համար պահանջվող գումարին։ Սա է Տիգրան Սարգսյանի ասած «գրանտը»՝ Հայաստանի բաժնեմասը։

Ի դեպ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ այս լուրը տալով՝ մեկնաբանել էին, որ Ռուսաստանը բացում է խաղաքարտերը։ Իրականում՝ ռուսաստանյան կողմը միշտ էլ խաղացել է բաց խաղաքարտերով. իր բոլոր  կարևոր տեղեկությունները ստանում ենք «Գազպրոմից»։ Խաղաքարտերը փակ պահում և սեփական բնակչության հետ բլեֆի տակտիկայով պոկեր է խաղում Հայաստանի իշխանությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս