«ՀայՌուսգազարդն» ամբողջությամբ տալիս են ռուսների՞ն
168.am-ի մոսկովյան աղբյուրների համաձայն, օգոստոսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել «ՀայՌուսգազարդ» ընկերության` դեռևս Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելու վերաբերյալ:
Ըստ նույն աղբյուրի, երկու նախագահները համապատասխան մարմիններին հանձնարարել են ներքին կարգով սկսել «ընդունում-հանձնումը», ինչի մասին կհայտարարվի գործընթացի ավարտին միայն:
Այդ համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունների շրջանակներում, և հնարավոր է` գազի սակագինը ժամանակավորապես չբարձրանա հենց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը ռուսներին հանձնելու հաշվին:
«ՀայՌուսգազարդի» մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը:
«Ես ինչքանով տեղյակ եմ նախագահների ասուլիսից և Սերժ Սարգսյանի հայտարարությունից, այդ հայտարարության մեջ նման բան չկար: Այսինքն` ես հղումը տալիս եմ Նախագահի խոսքին».- ասել է Շ. Սարդարայնը:
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Ս. Սարգսյանը գազի գնի վերաբերյալ ասել է ընդամենը հետևյալը. «Իհարկե, այսօր խոսեցինք նաև Հայաստան ներկրվող բնական գազի գնի վերաբերյալ կարևոր թեմայի մասին: Կարծում եմ, որ փոխըմբռնման եկանք գնի ձևավորման սկզբունքների շուրջ. այն պետք է ելնի գազի իրական շուկայական գնից, բազմապատկած (կամ բաժանած՝ ինչպես կցանկանաք) Հայաստանին` նրա տնտեսության արդյունավետության պահպանմանը և տարածաշրջանում գործող սակագներին համադրելի բնական գազով ապահովելու անհրաժեշտությամբ: Վլադիմիր Պուտինը հաստատեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի ուժեղ, մրցունակ, զարգացած լինելով: Դա իսկական դաշնակցային մոտեցում է»:
Բնական է, որ Ս. Սարգսյանը ասուլիսում չէր խոսի «ՀայՌուսգազարդի» բաժնետոսմերի փոխանցման վերաբերյալ, եթե պայմանավորվածության համաձայն, այդ գործարքի մասին հայտարարվելու է միայն դրա ավարտից հետո: